Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
«Կարծում եմ, որ հայկական պատվիրակության ներկայացուցիչները կգան Սանկտ Պետերբուրգ: Կլինի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, ավանդական, և կլինի ԵԱՏՄ-ի նիստը»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
«Ի դեպ, այս հանդիպման ժամանակ Հայաստանը մեզնից հետո դառնում է նախագահ, ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա ստանձնելու Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի էստաֆետը»,- ասել է նա։
Հինգշաբթի Մինսկում կայացած ՀԱՊԿ նիստին Հայաստանի ներկայացուցիչները բացակայում էին։ Հարցին, թե արդյոք սա ցուցադրական քայլ էր կազմակերպությունից Երևանի դուրս գալու ուղղությամբ, Ուշակովն ասել է.
«Սա նշանակում է, որ նրանք այսօր չեն եկել հանդիպման և գործնականում չեն մասնակցել դրա նախապատրաստմանը»։