Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Պատվաստումների ազգային օրացույցում: Արդյունքում՝ նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդնել Պատվաստումների ազգային օրացույցում՝ սահմանված ժամկետներում: Ինչպես նաև ներդնել COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում և վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:
Ըստ հիմնավորման՝ ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրումը նախատեսվում է իրականացնել 2024 թ.-ից: Ներկայում, Պատվաստումների ազգային օրացույցում ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրման ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության՝ շարունակվում է նաև COVID-19 վիրուսի մուտացիոն գործընթացը, որի արդյունքում բարձրանում է ռիսկի խմբերում հիվանդության ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացման հավանականությունը։ Այս համատեքստում ԱՀԿ-ն առաջարկում է COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման նոր ճանապարհային քարտեզ, մասնավորապես՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առաջնահերթության, COVID-19 պատվաստանյութերի գլոբալ ազդեցության օպտիմալացված մոտեցումներով՝ հիմնված հանրային առողջության նպատակների, գլոբալ և ազգային հավասարության, պատվաստանյութերի հասանելիության և ընդգրկվածության սցենարների վրա:
Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները նախատեսված են 15-16 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց համար, որոնց թվաքանակը վերջին տարիներին աճման միտումներ է դրսևորում: Հետևաբար, հաշվի առնելով ԱՀԿ-ի առաջարկությունը և վերջինիս ծախսարդյունավետությունը, առաջարկվում է կատարելու համապատասխան փոփոխություններ Պատվաստումների ազգային օրացույցում և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումների իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ վարկային ծրագրի շրջանակում իրականացվում են Գեղարքունիքի մարզի Մարտունի բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները: Որոշմամբ առաջարկվում է հատկացնել 61,835 հազար դրամ: Արդյունքում կավարտվեն Մարտունի բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները, կկատարվի Մարտունի բժշկական կենտրոնի հագեցումն ու արդիականացումը: