«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հեղափոխությունից հետո բազմաթիվ հանրահավաքներ վարելով, ստացավ ամենացանկալի պաշտոնը։ 2018 թվականից այս պաշտոնը զբաղեցնելով՝ Արմեն Գրիգորյանը քիչ ունեցվածք չի դիզել։ Ուշագրավն այն է, որ 2018 թվականին, երբ նոր էր նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնին, աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը այդ տարվա ընթացքում կազմել է 14 մլն 105 հազար դրամ։ Այժմ, երբ գրեթե 5 տարի Գրիգորյանը պաշտոնավարում է, նրա միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 21 մլն 909 հազար դրամ։ Ստացվում է, որ միշտ գործուղումների եւ կարեւոր հանդիպումների մեկնող Գրիգորյանի աշխատանքի վարձատրությունը գրեթե կրկնապատկվել է։ 2018 թվականին Գրիգորյանը անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2020 թվականի հաշվետու տարվա ընթացքում ձեռք է բերել նոր բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում։ Գրիգորյանը նախկինում մեքենա չի ունեցել, սակայն Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո՝ հաջորդ տարի՝ հունվարին, նոր մեքենա է ձեռք բերել. 2019 թվականի հունվարի 22-ին գնել է Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2005 թվականին։ Նախկինում ընտրական խառնաշփոթների մեջ խառնված՝ Գրիգորյանը հարուստ կենսագրություն չունի։ Նա եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ։ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը, որին ներգրավված են եղել ավելի քան 1000 դիտորդներ։ 2017 թվականի ապրիլին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում, համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող Թավշյա հեղափոխությանը: Այսպիսի կարճ գործունեություն ծավալած քարտուղարի բանկային հաշիվների մնացորդները 2022 թվականին կազմել են 1 մլն 685 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 27 մլն 454 հազար դրամ։ Ստացվում է, որ Գրիգորյանն էլ այն անտուն ՔՊ-ականներից է, որ հեղափոխությունից հետո նոր տուն գնեց եւ մեքենա ունեցավ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 18 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։ Նա ՊԵԿ-ից ստացել է 5 մլն 545 հազար դրամ, որը եկամտահարկի սկզբունքով հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։ Բացի սա, Գրիգորյանը վարկերը մարելուն ուղղել է 6 մլն 429 հազար դրամ։ Հավելենք նաեւ, որ Արմեն Գրիգորյանն այն հայտնի անցյալ ունեցող քաղաքական գործիչն է, ում չեն կարողանում պաշտոնից հեռացել։ ՔՊ-ում ժամանակ առ ժամանակ նրանից դժգոհություն է հասունանում, ապա՝ նույնքան արագ մարում:
Հաջորդ շաբաթ ԱԺ-ում թեժ է լինելու: Երեքշաբթի օրվանից՝ նոյեմբերի 14-ից, մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, որի ժամանակ քննարկվելու է 2024թ.-ի պետբյուջեն: ԱԺ են գնալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները եւ ելույթներ են ունենալու պետբյուջեի վերաբերյալ: «Հայաստան» խմբակցությունից տեղեկացանք, որ մասնակցելու են նիստերին: Խորհրդարան է գնալու նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, որը նոյեմբերի 6-ին էր մանդատ ստացել: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Նիստերին մասնակցելու ենք»: Չորեքշաբթի նույնպես նախարարները եւ Նիկոլ Փաշինյանը կգնան ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին: Մինչ նիստերի մեկնարկը իշխող ՔՊ խմբակցությունը երկուշաբթի երեկոյան խմբակցության նիստ կանի՝ քննարկելու ԱԺ մեկնարկելիք նստաշրջանի հետ կապված օրակարգային հարցեր: Հավելենք, որ պետբյուջեի քննարկումն ընթանալու է երկու փուլով. հաջորդ շաբաթ ԱԺ-ում ներկայացվելուց հետո քննարկումն ընդմիջվելու է մինչեւ մյուս նստաշրջան: Այդ ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով: Արդեն դեկտեմբերին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ժամանակ բյուջեն կդրվի վերջնական քվեարկության եւ օրենսդիր մարմնի հաստատմանը: Այսպիսով, ինչպես եւ սպասվում էր, ԱԺ նիստերը թեժ են լինելու:
Այս տարվա հունիսին առեղծվածային պայմաններում Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում մահացած հայտնաբերված հաղորդավարուհի, բլոգեր Օվսաննա Սողոյանի գործով հարցաքննվել են մի շարք անձինք, հարազատները, ինչպես նաեւ ամուսինը։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ դեպքից անցել է գրեթե մեկ ամիս, եւ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով նավաքննությունը շարունակվում է։ Այս ցավալի դեպքը շատերի մոտ հարցեր առաջացրեց, թե ինչ է կատարվել հաղորդավարուհու եւ նրա երեխայի հետ, որ նրանք ցած էին նետվել պատուհանից: Նետվե՞լ էին, թե՞ նետել էին նրանց: Հիշեցնենք՝ հունիսի 1-ին՝ Ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա եւ վիրավոր երեխա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Ավելի ուշ պարզվեց, որ մահացած կինը հաղորդավար եւ բլոգեր Օվսաննա Սողոյանն է:
Պաշտպանության նախարարի խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու գործը Սյունիքի դատարանում տեղից չի շարժվում։ Գործը գրեթե մեկ տարի է՝ դատարանում է, բայց այս ընթացքում քրեական գործը մե՛կ այլ դատարան է տեղափոխվում, մե՛կ պաշտպանները չկան, մե՛կ տուժողները, ու այսպես մատների վրա կարելի է հաշվել, թե քանի նիստ է եղել 1 տարվա մեջ։ Միգուցե այսպես ձգձգելով՝ փորձում են փրկել նախկին մարզպետի որդուն։ Հիշեցնենք, որ 2021թ. Սյունիքի նախկին մարզպետ, ՔՊ-ական Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ մյուս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները կարողացել էին համաձայնության հասնել եւ հաշտվել, ավելին՝ նախաքննական մարմինը որեւէ առերեսում չարեց կողմերի հետ, ու այս վիճակով գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Ինչպես հայտնի է, 2021 թվականի հուլիսի 15-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Գորիս քաղաքում, ինչի հետեւանքով նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկը վիրավորվել էր, եւ նրան տեղափոխել էին Երեւան: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ կրակոցի կիզակետում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, քանի որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն ու Մելիքսեթ Պողոսյանի որդին հին հաշիվներ են ունեցել: