ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՆԻՍՏԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ավագանու ընտրություններից հետո հայտարարել էր, որ ամբողջական իշխանափոխության օրակարգով է վերադառնում քաղաքականություն, սակայն մինչ օրս չի մասնակցում ավագանու նիստերին, ոչ էլ հայտարարություններով է հանդես գալիս: Ո՞ւր է կորել նախկին քաղաքապետը, ինչու՞ չի մասնակցում նիստերին:

 

Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանի հետ:

-Տիկի՛ն Արամյան, Հայկ Մարությանը վերցրել է ավագանու մանդատը, բայց նիստերին չի մասնակցում, ու՞ր է կորել նա, ինչո՞վ է այժմ զբաղված:

-Մենք բոլորս, այդ թվում՝ Հայկ Մարությանը, զբաղվում ենք բռնի տեղահանված արցախցիներին օգնություն տրամադրելու հարցով, այն աշխատանքներով, քաղաքային զարգացման ու հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակմամբ ենք զբաղված: Մենք առաջիկայում եւ՛ հայտարարություններով ենք հանդես գալու, եւ՛ տարբեր նախագծերով: Երբ մենք գնում էինք ընտրությունների, մենք քաջ գիտակցում էինք, որ ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ, եւ ինչպիսին պետք է լինի մեր դիրքորոշումը:

-Նոյեմբերի 21-ի ավագանու նիստին մասնակցելու՞ է:

-Ես չեմ կարող ասել, քանի որ դեռ նիստի օրակարգը չգիտենք: Հաջորդ շաբաթ կհստակեցնենք մեր՝ նիստի մասնակցությունը:

-Թե՛ ավագանու ընտրություններում ձեզ ձայն տված քաղաքացիները, թե՛ լրագրողները ձեզ հետ գալիս, շփվում են, բայց նրանցից շատերը հարցեր ունեն անձամբ Հայկ Մարությանին: Տպավորություն է, որ նա կա՛մ խուսափում է, կա՛մ չի ցանկանում, կա՛մ էլ ժամանակ չունի շփումների համար:

-Ես գիտեմ, որ մեզանից որեւէ մեկը երբեւէ խույս չի տվել շփումներից, ինչ վերաբերում է Մարությանին, կարծում եմ, որ պատճառը զբաղվածությունն է: Առաջիկայում թե՛ բրիֆինգների, թե՛ ասուլիսների, թե՛ անհատական հարցազրույցների տեսքով Հայկ Մարությանի մասնակցությունն այս ոլորտում եւս կերեւա:

-Ընտրություններից առաջ հայտարարել էիք, որ մասնակցում եք ամբողջական իշխանափոխության օրակարգով. սա դեռ մնու՞մ է ուժի մեջ, ի՞նչ մեթոդներով եք հասնելու ամբողջական իշխանափոխության:

-Դա չի կարող փոխվել, չկա որեւէ ընդդիմություն, որը հակառակ մոտեցումն ունի: Հասկանալի են այս խառնիճաղանջ օրերում ընդդիմության հետ նույնականացվող վարքը եւ հետագայում կտրուկ փոփոխված դիրքորոշումները.. այդուհանդերձ, այո՛, իշխանափոխություն պետք է լինի:

-Ի՞նչ մեթոդներով եք հասնելու դրան:

-Մեթոդները պետք է համապատասխանեն օրենքներին եւ մարդու իրավունքներից բխող սկզբունքներին: Այստեղ կարեւոր է հասկանալ, թե իրավական ինչ ճանապարհներ կան դրան հասնելու համար: Երեւանում կայացած ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպիսի դիրքորոշում ունեն Երեւանի բնակիչները: Քաղաքացիներն ունեն լրիվ այլ վերաբերմունք ընտրությունների նկատմամբ, ուստի իշխանափոխություն, առնվազն՝ մայրաքաղաքում, հնարավոր է, ուստի մենք պայքարելու ենք նաեւ դրա համար եւ միայն խաղաղ միջոցներով:

-Տիկի՛ն Արամյան, տեսնում ենք, որ ավագանու անդամները՝ թե՛ ՔՊ-ի, թե՛ «Հանրապետություն» կուսակցության, թե՛ «Հանրային ձայն»-ի, սուր ձեւով քննադատում են Հայկ Մարությանին, ասում են՝ ա՛յ, թող գա Մարությանը, ու կտեսնեք՝ թե ինչ ենք անելու, նրա դեմքին, ինչ պետք է, կասենք: Միգուցե սա՞ է պատճառը, որ Մարությանը խուսափում է ավագանու նիստերին ներկայանալուց:

-Մեր օրերում տարօրինակ չէ այն, ինչ անվանում ենք քննադատություն. հաճախ դա ուղղակի անցնում է քննադատության եւ բարոյականության սահմանը, միեւնույնն է, նման խնդիրները, որքան էլ թվում են անհաղթահարելի, իրականում հաղթահարելի են: Խնդիրն այն է, թե որն է իրական նպատակը: Եթե մենք քննադատություններից վախենայինք, դրանք մեզ կանգնեցնեին, ապա որեւէ հասարակական գործունեություն չէինք կարող ծավալել: Քննադատողներ միշտ էլ լինում են, բայց դրանք հիմնականում ոչ միայն չունեն հիմք, հաճախ բխում են ներանձնային եւ ներխմբակային շահերից:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԻՍՏԻ

Ինչպես հայտնի է, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ին պատգամավորական մանդատ ստացավ:

Լեւոն Քոչարյանը, հիշեցնենք, կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին՝ խաղաղ ցույցի ժամանակ իբրեւ կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու պահանջը չկատարելու եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, թեեւ տարածված տեսանյութում երեւում է, թե Լեւոն Քոչարյանին բերման ենթարկելիս իրավապահներն ինչպես են հարվածում նրան։

Պատգամավորական մանդատ ստանալուց հետո, օրենքի պահանջով, նա ազատ արձակվեց, որպեսզի ստանձնի պատգամավորական մանդատը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Լեւոն Քոչարյանը պատրաստվում է մասնակցել ԱԺ առաջիկա նիստին եւ ստանձնել պատգամավորի մանդատը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերը մեկնարկում են հոկտեմբերի 14-ից:

 

 

 

ՀՀ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն: Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների, ինչպես նաեւ դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:

Հայաստանի Հանրապետությունը երբեւէ որեւէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որեւէ սահմանափակման, եւ իր սուվերեն տարածքի որեւէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴ Է ՄԵԿՆԵԼ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնել:

Նա նոյեմբերի 9-13-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում:

Այս ընթացքում նրա պարտականությունները ժամանակավոր կկատարի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերը մեկնարկում են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 14-ից:

 

 

 

ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՐԿ ՉԿԱ

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից եւ Արցախը հանձնելուց հետո Արցախը լքեցին շուրջ 120 հազար մարդ։ Ստեղծված իրավիճակից հետո գրեթե բոլոր բնակիչները լքել էին Արցախը, եւ ռուս խաղաղապահները, որոնք 2020 թվականի պատերազմից հետո տեղակայվել էին Արցախում՝ բնակիչների անվտանգությունը պահպանելու համար, այլեւս ոչ ոքի պաշտպանելու կարիք չունեին։ ArmLur.am-ը հարցումով դիմել էր ՀՀ կառավարություն՝ հասկանալու համար՝ ինչպես է կարգավորվելու խաղաղապահների գործունեությունը։ Հարցման մեջ մասնավորապես ասվում էր՝ ինչ պայմանավորվածություններ կան ՌԴ պաշտպանության նախարարության հետ ռուս խաղաղապահների վերաբերյալ, ով է հսկելու հայ-ադրբեջանական սահմանը Բերձորի հատվածում, եթե փակվում են ՌԴ խաղաղապահների անցակետերը եւ այլն։ Հարցմանն ի պատսախան՝ 30-օրյա ժամկետի պահանջից հետո Կառավարությունից մեզ պատասխանեցին. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետագա գործունեությանը վերաբերող հարցերը որոշվում են Ռուսաստան-Ադբեջան երկխոսության շրջանակներում»: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունների հայտարարությունները, թե Արցախը Ադրբեջանի մաս է, արտահայտվում է անտարբեր գործողություններով։ Այսինքն՝ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ հրաժարվեցին եւ՛ Արցախից, եւ՛ Արցախի վերաբերյալ բանակցություններից։

 




Լրահոս