ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արեւմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարեւոր շերտ ունի»,- նոյեմբերի 10-ին՝ Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ, նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

«Այս առումով՝ գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երեւի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արեւմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ ե՛ւ հավաքական Եվրոպայի, ե՛ւ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ըսդ որում՝ դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը:

Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան»,-ասաց նա:

ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթի հիմնական մեսիջներից մեկն այն է, որ Հայաստանը պատրաստ է այնքան, որքան պատրաստ է Եվրոպան. «Մենք ցույց ենք տվել կամք առաջ գնալու համագործակցության առումով»:

Անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ դա շատ կարեւոր էր նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համատեքստում. «Նիկոլ Փաշինյանի եւ Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում նշվում է, որ մեր հարաբերությունները նաեւ հիմնված են արժեքների վրա»:

«Կար պլանավորված հանդիպում առաջնորդների մակարդակով, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի վերջին, Հայաստանը  պատրաստակամություն էր հայտնել գալ այդ հանդիպմանը, բայց, ցավոք, հանդիպումը տեղի չի ունեցել։ Մենք հույս ունենք, որ մոտ  ապագայում դա հնարավոր կլինի»,- Բրյուսելում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը.

«Հայաստանը պատրաստ է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը։ Հայաստանը պատրաստ է խաղաղության։

Մենք մանդատ ենք ստացել խաղաղության հաստատաման համար։ Մենք այս պահին ուզում ենք, որ հստակեցվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը, հրապարակային հաստատվի 29,800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը, ապաշրջափակումը տեղի ունենա չորս սկզբունքների հիման վրա։

Սրանք կարեւոր սկզբունքներ են, որոնց շուրջ մենք պատրաստ ենք բանակցություններն ավարտին հասցնել, ինչպես նաեւ լուծել հումանիտար բոլոր այն խնդիրները, որոնք կան։ Կարեւոր հարցերից մեկը գերիների վերադարձն է ու խաղաղության հաստատումը։

Հայաստանը պատրաստ է այս օրակարգով շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը», – ընդգծել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաեւ կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը։

«Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը ու փորձում ենք հասկանալ, թե Հայաստանի համար որոնք են լավագույն գործիքները, որ կարող են եւ՛ անվտանգություն, եւ՛ զարգացում ապահովել ու տարածաշրջանում ունենալ խաղաղություն»,- նշեց նա։

Նա ասաց, որ Հայաստանը համոզվել է, որ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու ներքին խնդիրները։

«Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը դա է՝ արդյոք ժողովրդավարությունը նաեւ կարող է արտաքին անվտանգություն ապահովել։ Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է, ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, անվտանգության ոլորտում իր ռեսուրսները»,- նշեց ՀՀ ԱԽ քարտուղարը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ տիկին Բրիժիտ Մակրոնի անունից ի պատիվ «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» մասնակից պետությունների, կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:

 

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը եւս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության եւ ցավակցությունների համար: Վարչապետը կարեւորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում եւ շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարեւորվել է միջազգային հանրության օժանդակությունը առկա խնդիրների լուծման գործում: Քննարկվել են նաեւ տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետեւողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության եւ կայունության, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

 

 

 

ԱՆՑԱԿԵՏԸ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ Է

Արդեն 2-3 օր Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում՝ Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների վարորդները հայկական անցակետի վատ աշխատանքի հետեւանքով չեն կարողանում մուտք գործել Հայաստան: Քաղաքացիները ահազանգում են, որ նման հերթեր բեռնափոխադրման ամենաթեժ շրջանում չի եղել։ AmLur.am-ը կապվեց Պետական եկամուտների կոմիտեի հետ, որտեղից մեզ հայտնեցին. «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ»։

 

 

 

ԲԱՆԱՁԵՎ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ԱՄՆ Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձեւ է ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքվից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարված քաղաքացիական անձանց եւ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արցախի կառավարության պաշտոնյաներին, որոնք ապօրինաբար կալանավորվել են անցյալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Բանաձեւը, մասնավորապես, կոչ է անում Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանավորման, խոշտանգումների եւ արտադատական սպանությունների համար: Այն կրկնում է նաեւ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական եւ անվտանգության աջակցության վերաբերյալ 907-րդ հոդվածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։ «Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակի ապօրինի պահվող Արցախի բոլոր պաշտոնյաներին, ռազմագերիներին եւ այլ կալանավորներին ոչ թե փոխանակման եղանակով, որպես Բաքվի կողմից մարդկային տառապանքի դաժան ապրանքափոխման մաս, այլ ավելի շուտ միջազգային իրավունքով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան»,- ասվում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունում։

 

 

 

ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

«GALLUP»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված հարձակման պատճառով Արցախը լիովին հայաթափվեց եւ ավելի քան 100,000 մարդ տեղահանվեց ու գաղթեց Հայաստան։ ՀՀ-ն պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իրենց տները։ Հարցվածների  46,6%-ը այսպես է պատասխանել վերոնշյալ հարցին, 40%-ը պատասխանել է, որ ՀՀ-ն պետք է ինտեգրի արցախցիներին եւ հոգ տանի սոցիալական ու այլ իրավունքների համար։ 9,2%-ը կարծում է, որ ՀՀ-ն պետք է անի առավելագույնը, որպեսզի Արցախի հայությունը հնարավորություն ունենա վերադառնալ Արցախ եւ ստանա անհրաժեշտ անվտանգային ու սոցիալական հարցերի լուծում՝ ազգային փոքրամասնության կամ այլ կարգավիճակով՝ Ադրբեջանի կազմում, 3,2 %-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

 

 




Լրահոս