ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի եւ ԱՄՎ բացթողնման բաժնի աշխատակիցները համատեղ «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Բացի անձնական օգտագործման առարկաներից, հայտնաբերվել է 5 ապակե տարա՝ ընդհանուր 1085 գրամ քաշով, որոնք լցված են եղել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցով:
Հիշյալ մաքսանենգության դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, փոստային փոխադրումներ իրականացնող ընկերության գրասենյակի շրջակայքից առաքանին ստանալուց հետո ձերբակալել են ՀՀ քաղաքացու: Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղափոխվելուց հետո վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո քաղաքացին տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել տեղեկություններ առ այն, որ ձերբակալված անձը փոխկապակցված է մի քանի այլ բաժանորդների հետ, որոնք մշտապես առաքանիներ են ստանում նույն փոխադրողի միջոցով:
Տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մեջ եւս, հնարավոր է, առկա լինեն թմրամիջոցներ: Օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից այս տեղեկատվությունը տրամադրվել է «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներին, որոնք «Զվարթնոց» օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել առաքանին: Բացի մանկական գրատախտակից, հայտնաբերվել է 4 փաթեթ` 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ:
Առաքանին ստանալուց հետո՝ փոխադրող ընկերության գրասենյակից դուրս գալիս, ձերբակալվել եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Պ.-ն, որտեղ վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հսկողությամբ՝ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ձերբակալված Ա.Պ-ն իրեն պատկանող տելեգրամյան օգտահաշվից կապ է հաստատել տելեգրամյան օգտատիրոջ հետ եւ վերջինիս հայտնել, որ առաքանին ստացել է։ Նշված առաքանին փոխադրելու եւ այլ անձի հանձնելու համար տելեգրամյան օգտատերը Ա.Պ-ին փոխանցել է 80.000 ՀՀ դրամ: Պարզվել է նշված առաքանին ԱՄՆ-ից ուղարկողի ինքնությունը. այն փոխանցելուց հետո ձերբակալվել եւ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն։ Պարզվել է, որ վերջինիս անվամբ կա եւս մեկ ուղարկված առաքանի, ինչի զննման արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է շուրջ 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Տեղեկություններ են ստացվել նաեւ, որ ԱՄՆ-ից Ա. Պ.-ի անվամբ ներմուծված 2 միջազգային սուրհանդակային առաքանիներում եւս առկա են թմրամիջոցներ: Դրանցում հայտնաբերվել է ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ածանցյալներ՝ 950 եւ 970 գրամ քաշերով, «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 1.2 կգ քաշով։ Մեկ այլ դրվագով տեղեկություններ են ստացվել, որ ԱՄՆ-ից նույն ուղարկողի կողմից Հայաստան է ներմուծվելու միջազգային սուրհանդակային առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները մաքսանենգության այս դեպքով ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում «մարիխուանա», «հաշիշ» եւ «հաշիշի յուղ» տեսակների թմրամիջոցների զանգվածները ստանալուց հետո Գյումրի քաղաքում ձերբակալվել եւ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի:
Նշյալ 5 դեպքով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 5.5 կգ «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, 1.3 կգ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, 0.5 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց եւ 1.9 կգ ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ածանցյալներ: ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղությամբ:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով քննությամբ ինքնությունները դեռեւս չպարզված երկու անձանց հետ, 2023 թվականի մայիսի 12-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հանցավոր մտադրությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով վերջիներիս հետ մի քանի անգամ ժամանել է Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի 12 հասցե, այնուհետեւ նույն ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը եւ ժամին, հիշյալ հասցեում գործունեություն ծավալող «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության շինության տանիքի օդատար խողովակների միջոցով ապօրինի մուտք են գործել շինության չորրորդ հարկ, ապա նույն հարկում գտնվող՝ ընկերության տնօրենի աշխատասենյակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ ջարդելու միջոցով ապօրինի մուտք գործել հիշյալ աշխատասենյակ:
Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Կ. Սարգսյանը քննությամբ ինքնությունը դեռեւս չպարզված անձանց հետ, փոխլրացնելով մեկը մյուսի գործողությունները, աշխատասենայկի պատը հատուկ սարքավորումների միջոցով քանդելու, ապա գույքի պահպանման եւ պաշտպանության համար նախատեսված չհրկիզվող մետաղյա պահարանների հետնամասը կտրելու եղանակով շրջանցել են գույքի պահպանության համար նախատեսված՝ հիշյալ գտնվող շինությունում գործունեություն ծավալող «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության անվտանգության համակարգերը եւ հիշյալ պահարաններից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 127.555.589 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք քարեր՝ ընկերությանը պատճառելով գույքային վնաս:
ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Զաքար Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Հայաստանի Հանրապետություն «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողություն միություն» հասարակական կամզակերպության նախագահ, 2021 թվականի հունվարի 12-ին ՀՀ վարչապետին, ՀՀ պաշտպանության, ինչպես նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ ներկայացնելու եղանակով օգտագործել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող, կեղծ տվյալներ պարունակող, ՀԿ-ի կնիքով կնքված գրություններ եւ ՀԿ-ի թվով 17 անդամների տվյալները պարունակող ցուցակներ՝ այդկերպ փորձելով արցախյան պատերազմին մասնակցած անձանց հատկացվելիք պետական միջոցներից հափշտակել խոշոր չափի՝ 3269542 ՀՀ դրամի գումար, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՒՂՂՈՐԴԵԼ Է ԳՆՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ
Ավարտվել է Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալական զարգացման վարչության պետի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2016թ. մարտից մինչեւ 2020թ. մարտն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալական զարգացման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Շ.Վ.-ն, պաշտոնավարման ընթացքում, որպես հանրային ծառայող, ունենալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար օրենքով սահմանված արգելք, 2012թ. հունվարի 23-ին իր կնոջ մորաքրոջ անվամբ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ԱՁ։ Այն մշտապես կառավարել է անձամբ, համակարգել է դրա գործունեությունը, կազմել է ֆինանսական հաշվետվությունները, կատարել ԱՁ-ի գործունեության հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, իսկ ԱՁ-ի անունից բոլոր փաստաթղթերը կազմվել ու կնքվել են նրա պահանջով եւ գիտությամբ։ Քննությամբ պարզվել է նաեւ, որ Շ.Վ.-ն, նշված ԱՁ-ի եւ ՍՊԸ-ի համար շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտվելով իր պաշտոնից բխող լիազորություններից, դրանց մրցակիցների համար անհավասար պայմաններ ստեղծելով, 2017թ. հունվարի 11-ից մինչեւ 2019թ. դեկտեմբերի 30-ը՝ ՍՊԸ-ին, իսկ 2016թ. ապրիլի 27-ից մինչեւ 2019թ. մարտի 12-ը ԱՁ-ին տրամադրել է մարզի համայնքապետարաններին, դրանց ենթակա կազմակերպություններին, հանրակրթական ոչ առեւտրային կազմակերպություններին, «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, շուկայականից անհամեմատ բարձր գնով, տարբեր տնտեսական, կենցաղային ապրանքներ, ծաղիկ, շինանյութ, գրասենյակային գույք եւ կահույք վաճառելու, ինչպես նաեւ շինարարական աշխատանքների, փողոցների լուսավորության, սանիտարական մաքրման եւ աղբահանության աշխատանքներ կատարելու կամ միջոցառումների կազմակերպման ծառայություններ մատուցելու, դրանցից շահույթ ստանալու արտոնություններ ու առավելություններ։ Այդկերպ ՍՊԸ-ին պատկանող խանութից կատարվել են ընդհանուր 102.243.710 ՀՀ դրամի, իսկ ԱՁ-ին պատկանող խանութից՝ ընդհանուր 48.671.710 ՀՀ դրամի գնումներ։ Դա՝ այն դեպքում, երբ ԱՁ-ն զբաղվել է փաստացի միայն թեփի, ալյուրի, գարու, ցորենի եւ աղի վաճառքով։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալական զարգացման վարչության նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) եւ 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը): Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: