ՎԱՐՈՒՅԹ՝ 35 ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար Սեւ ուրբաթի եւ Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  վարույթ  է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Հանձնաժողովն այս տարի եւս  Սեւ ուրբաթին եւ տոներին ընդառաջ ակցիաների ժամանակ դիտարկելու է  տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու է ստացվող տարբեր ազդակները:

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված՝ «Խորհուրդներ բիզնեսին զեղչերի եւ այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում Սեւ ուրբաթին ընդառաջ» թեմայով ասուլիսում այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

«Փորձով էր ապացուցված, որ մենք ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ, մասնավորապես՝ երբ որեւէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում զեղչի ժամանակ, շատ դեպքերում արհեստականորեն գինը բարձրացնում էին եւ այլն»,-ասաց Մարկոսյանը: Այս խնդիրները հավաքագրվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:  Արդյունքում որոշել են խնդիրները լուծել՝ օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախաձեռնելով: Մշակված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի հուլիսի 31-ից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դրանից հետո՝ նախորդ տարի՝ Սեւ ուրբաթին, նաեւ Ամանորին ընդառաջ, սկսել է ակտիվ մշտադիտարկման գործողություններ: Հանձնաժողովի անդամի գնահատմամբ՝ ներկայումս ոլորտն էականորեն բարելավվել է: Հանձնաժողովը դիտարկել է ավելի քան 80 ակցիա: «Դրա ընթացքում շուրջ 35 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Տնտեսվարողների մի մասը պատճառաբանել է, որ ակցիայի նոր օրենսդրությանը չի տիրապետել, մեղքն ընդունել է եւ խնդրել արագացված վարույթ կիրառել: Մի մասն էլ տարբեր պատճառներով ավելի ուշ է գիտակցել խնդիրը, ավելի ուշ  ընդունել մեղքը: Արդյունքում իմ նշած 35 վարույթից մեծամասնության դեպքում ունեցել ենք մեղքի ընդունման փաստեր: Եվ այս բոլոր վարույթների առնչությամբ հանձնաժողովը կիրառել է շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք»,-ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ վարույթները ներառում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ակցիաները: Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացնել տարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկայի ոլորտում, հագուստի, շինանյութերի ոլորտում եւ այլն: Մարկոսյանը վստահեցրեց, որ հետեւողական են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Գալիք Սեւ ուրբաթի եւ այլ ակցիաների առնչությամբ եւս դիտարկելու են տնտեսվարողների վարքագիծը, գնահատում են ստացվող տարբեր ազդակները: Մարկոսյանը ներկայացրեց կարգավորումները: Չեղչի տեսանկյունից առկա են մի քանի բովանդակային հիմնական պահանջներ:

«Առաջին հերթին՝ զեղչի կիրառումը ձեւավորվում է՝ ոչ թե նախորդող մեկ օրվա գնի հետ կապված, այլ զեղչի մեկնարկին նախորդող 1 ամսվա ապրանքի միջին գնից: Եթե, օրինակ, տնտեսվարող սուբյեկտը 10 օր ունեցել է X գնով վաճառք, 12 օր՝ Y, դրանից հետո մնացած 8 կամ 9 օրը ունեցել է երրորդ գնով, ապա պետք է թվաբանական միջին ստանալ, եւ այդ միջին գինը պետք է հիմք ընդունվի զեղչման տոկոսը որոշելիս, ոչ թե վերջին օրը բարձրացնել 200 տոկոսով, հետո իջեցնել 80 տոկոսով»,-ասաց Մարկոսյանը:

Ընդ որում՝ վաճառքի ընթացքում պետք է տեսանելի լինի այդ միջին գինը, այսինքն՝ սպառողի համար ջնջված գինը պետք է լինի միջին գինը: Զեղչը կարող է տեւել ոչ ավելի, քան 3 ամիս:

Տնտեսվարողը պարտավոր է իրազեկել, թե հայտարարված ակցիան ինչ ապրանքների շրջանակին է վերաբերում, պետք է նշի, թե ակցիան երբ է մեկնարկում, երբ է ավարտվում: «Կարող են հայտարարել զեղչ, գնաք խանութ, պարզվի, որ զեղչն արդեն ավարտված է: Սա անհարմարություն է սպառողների համար, նաեւ խայծ, որ մտնեք առեւտրի օբյեկտ եւ, հնարավոր է, որ որեւէ գնում կկատարեք»,-ասաց հանձնաժողովի անդամը: Եթե կան հատուկ պայմաններ, թե որ դեպքում է զեղչը կիրառվում, ապա տնտեսվարողը անպայման պետք է իրազեկի:

Կան նաեւ իրազեկման առումով պահանջներ: «Օրինակ՝ այնպես չլինի, որ 50 կամ 70 տոկոս զեղչ արտահայտությունը շատ մեծ լինի, իսկ դրա դիմաց գրված «մինչեւ» բառը շատ փոքր, որ սպառողը թակարդում չհայտնվի: Եթե գործ ունենք «մինչեւ X»  տոկոս, այսինքն՝ միջակայքային զեղչի հետ, դա պետք է վերաբերի ապրանքների առնվազն 1/5-րդին: Շատ դեպքերում կարելի էր տեսնել շատ բարձր տոկոսով զեղչի հայտարարություն, սակայն առեւտրի օբյեկտ գնալիս պարզվում էր, որ ընդամենը 1-2 փոքրարժեք ապրանքին է դա վերաբերում»,-ասաց Մարկոսյանը: Նա շեշտեց, որ տնտեսվարողը զեղչի վերաբերյալ իրազեկումներում եւս պետք է լինի բարեխիղճ:

Ցանկացած բան, որը կարող է սպառողի մոտ թյուր տպավորություն կամ ապակողմնորոշում առաջացնել, մրցակցային օրենսդրության տեսանկյունից հանգեցնում է անբարեխիղճ մրցակցության՝ հասարակության մոլորեցման դրսեւորմամբ: Դրա հետեւանքն էլ այն է լինելու, որ տնտեսվարողը նախորդ տարվա հասույթի մինչեւ 5 տոկոսի չափով կարող է ենթարկվել պատասխանատվության:

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԱՆԿԵՐԸ ՀԵՏ ՈՒՂԱՐԿՈՒՄ

Հայաստանի կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում եւ փոխանցում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Այս մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը, որ որոշ շահառուներ 100 հազար դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի կողմից գումարները հետ են ուղարկվում, քարտերի եւ դրանց տվյալների հետ խնդիրներ են առաջանում:«Բնական է, որ նման ծավալի տեղեկատվության մշակման, ճշգրտման եւ փոխանցման ընթացքում, հնարավոր է, տեղ գտնեն տեխնիկական վրիպակներ, որոնք, սակայն, հնարավորինս օպերատիվ կերպով իրենց լուծումն են ստանում բոլոր ներգրավված կառույցների մասնագետների կողմից: Եթե շահառուն (բացի այն քարտից, որին գումար փոխանցելու խնդիր է առաջացել) ունի այլ քարտ, ապա գումարը փոխանցվում է այդ քարտին: Եթե շահառուն չունի այլ քարտ, ապա անհրաժեշտ է դիմել բանկ նոր քարտ ստանալու համար, որից հետո գումարը կփոխանցվի նոր թողարկված քարտին: Լրացուցիչ բոլոր պարզաբանումների համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը»,-հավելեցին Կենտրոնական բանկից։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանն էլ մանրամասնեց, որ փոխանցումը կատարվում է այն հաշվեհամարին, որը Կենտրոնական բանկից տրամադրվում է նախարարության միասնական սոցիալական ծառայությանը:

 

 

 

ՄՇԱԿՈՒՅԹ ԲՆԱՋՆՋՈՂԸ՝ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխնախագահ: Արցախում հայկական պատմամշակութային հետքը հետեւողականորեն, բարբարոսաբար ջնջող երկիրը, որ պետք է լիներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի թիրախում, դառնում է այդ կազմակերպության փոխնախագահ: Օրինակները շատ են, հիմնական նապատակը վերացնել հայկական գոյության նշանները եւ փաստերը։ 2020 թվականից հետո վանդալիզմի ենթարկվեցին ադրբեջանական կողմի տիրապետության տակ անցած տարածքներում գտնվող  հուշակոթողները, խաչքարերը, պատմական Սուրբ Ղազանչեցոց վանքը դարձրին մզկիթ՝ գմբեթը կլորացնելով։ Ադրբեջանական զորքերը բարբարոսաբար  կրակում էին խաչքարերի վրա, ավիրում դրանք։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամրագրված նպատակն է նպաստել խաղաղության եւ անվտանգության պահպանմանը՝ զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Այժմ, երբ ամբողջ Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ է, վտանգված են հայկական մշակույթը եւ արծեքները՝ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ, հուշակոթողներ, թանգարաններ, պատմական նմուշներ։ Կասկածելի է արդյոք այժմ էլ, երբ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխնախագահ է ընտրվել Ադրբեջանը, կառույցը ջատագով կլինի հայկական մշակութային ժառանգության պահպանության հարցով։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Է ՍՏԵՂԾԵԼ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, հաշվի առնելով «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ՍՊԸ նախագահ՝ «Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվի տնօրեն Մարտուն Պողոսյանի կողմից ՀՀ վարչապետին ուղղված գրությունը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարի՝ 2023թ. հոկտեմբերի 20-ի հանձնարարականը, հոկտեմբերի 24-ին որոշել է «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ՍՊԸ նախագահ՝ «Տոհմային տավարաբուծության նախագիծ» ԳԿ տնօրեն Մարտուն Պողոսյանի կողմից վարչապետին ուղղված գրության մեջ նշված փաստերի ուսումնասիրման նպատակով ստեղծել հանձնաժողով, հանձնաժողովի նախագահին հանձնարարել 15-օրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքի մասին։

Հ. Ղալումյանը հանձնաժողովի նախագահ է նշանակել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանին, անդամներ՝ մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքակառավարաման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանին, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանին, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ Արծրուն Նազարյանին, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանին, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Համլետ Փիրումյանին, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին (իր համաձայնությամբ), Դիլիջանի համայնքապետարանի մասնագետ Լիպարիտ Սանթրոսյանին։

«Մաունթեն Բիֆ Քոմփանի» ՍՊԸ-ն եւ «Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվը գործում են Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրում։ «Մաունթեն Բիֆ Քոմփանի» ՍՊԸ-ն զբաղվում է Աբերդին Անգուս ցեղատեսակի խոշոր եղջերավոր, մսատու կենդանիների բուծմամբ։ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու նպատակով կառավարությունը 2020 թ.-ին ընդունեց 2-րդ ծրագիրը։ Այդ ծրագրի շրջանակներում կառավարությունը «Տոհմային տավարաբուծության նախագիծ» գյուղատնտեսական կոոպերատիվին տոհմային տավարաբուծության նպատակով տրամադրվող 30 միլիոն դրամ վարկը համաֆինանսավորել է 70 %-ով՝ 21 միլիոն դրամ գումարի չափով։

«Մաունթեն Բիֆ Քոմփանին» Գոշ գյուղում վարձակալել է 120 հեկտար, Խաչարձան գյուղում՝ 20 հեկտար խոտհարքներ ցրտադիմացկուն, թվով մոտ 70 Անգուս ցեղատեսակի կովերն արածեցնելու համար։ Խնդիրներ են ծագել այդ 20 հեկտար խոտհարքների սահմանների ճշտման գործում, որի համար նամակ են ուղարկել վարչապետին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս