ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒ ԱԺ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գելափ»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային եւ  ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։

 

Հարցին, թե դեպի որ երկիր կամ երկրներ պետք է ուղղվի ՀՀ քաղաքական վեկտորը, 40%-ը նշել է, որ Հայաստանը պետք է ունենա հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, Եվրոպական միության հետ նշել է 17%-ը, Ռուսաստան՝ 14 %-ը։ Ըստ Արմեն Նավասարդյանի՝ 2020 թվականի հունիսին դեպի ՌԴ էր նշել հարցվածների 25%-ը, եւ այս առումով նվազում է եղել։ 13 %-ը կարծում է, որ ՀՀ քաղաքական վեկտորը պետք է ուղղվի դեպի ԱՄՆ, 4,8 %-ը՝ Իրան, այլ երկրներ՝ 3,5 %։

Որ երկրներից կարելի է ստանալ  ռազմաքաղաքական օգնություն մեր երկրի համար հարցին հարցվածների 41,1%-ը պատասխանել է Ֆրանսիա, Ռուսաստան՝ 14,4%-ը, Իրան՝ 18,7%-ը, ԱՄՆ՝ 23%-ը, Հնդկաստան՝ 21,3%-ը, Չինաստան՝ 1,8%-ը։

Հաջորդ հարցումը վերաբերում էր այն հարցին, թե արդյոք ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ։

Հարցվածների 52%-ը նշել է, որ, այո, կան,  23%-ը նշել է՝ չկան, 25%-ը դժվարացել է պատասխանել։

Հաջորդ՝ եթե կան, ապա ովքեր են քաղբանտարկյալներ հարցին 47,2%-ը նշել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանի անունը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին նշել է հարցվածների 21,5%-ը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ 19,1%-ը։

Հարցին՝ որքանով եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցվածների 20,4 %-ը նշել է, որ լիովին վստահում է, ավելի շուտ վստահում եմ՝ 13,2 %-ը, ավելի շուտ չեմ վստահում՝ 18,6%-ը, ընդհանրապես չեմ վստահում՝ 35,5%-ը, 12,3%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք հարցին 15,6%-ը պատասխանել է, որ կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 4,7%-ը,  «Հանրային ձայն» կուսակցության օգտին՝ 2,5%-ը, «Բարգավաճ Հայաստան»՝ 2,1%, «Հանրապետություն» կուակցություն՝ 2%, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 1,2%, «Ազգային ժողովրդավարական բեւեռ»՝ 0,4%, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն՝ 0,2%, «Ուժը հայրենյաց»՝ 0,2%, «Լուսավոր Հայաստան»՝ 0,2%, «Քաղաքացու որոշում»՝ 0,1%։ 23,5%-ը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին։

«Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների մոտ 80%-ը  չի վստահում ոչ մի քաղաքական ուժի։

«Գելափ»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված հարձակման պատճառով Արցախը լիովին հայաթափվեց, եւ ավելի քան 100,000 մարդ տեղահանվեց ու գաղթեց Հայաստան։ Ինչպե՞ս պետք է վարվի Հայաստանի Հանրապետությունը։

ՀՀ-ն պետք է պայքարի անկախ Արցախի Հանրապետության համար, որից հետո արցախահայությունը պետք է վերադառնա իրենց տները։ Հարցվածների  46,6%-ը այսպես է պատասխանել վերոնշյալ հարցին, 40%-ը պատասխանել է, որ ՀՀ-ն պետք է ինտեգրի արցախցիներին եւ հոգ տանի սոցիալական ու այլ իրավունքների համար։

9,2%-ը կարծում է, որ ՀՀ-ն պետք է անի առավելագույնը, որպեսզի Արցախի հայությունը հնարավորություն ունենա վերադառնալ Արցախ եւ ստանա անհրաժեշտ անվտանգային ու սոցիալական հարցերի լուծում՝ ազգային փոքրամասնության կամ այլ կարգավիճակով՝ Ադրբեջանի կազմում, 3,2 %-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։

«Գելափ»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային եւ ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։

Ինչպես եք գնահատում ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության ու վարչապետի գործունեությունը հարցին հարցվածների 34 %-ը հավանություն է տվել վարչապետի գործունեությանը, 52,6%-ը նշել է, որ հավանություն չի տալիս։

29,1%-ը հավանություն է տվել կառավարության գործունեությանը, 57,7 %-ը նշել է, որ հավանություն չի տալիս։

ԱԺ-ի գործունեությանը հավանություն է տվել 22,2%-ը, իսկ 64%-ը հավանություն չի տվել։

ՀՀ նախագահի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 23%-ը, հավանություն չի տվել  53,7%-ը։

«Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով՝ ամենավատ ցուցանիշը գրանցել է Ազգային ժողովը։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ՈՂՋՈՒՆԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԼՈՒՅԹԸ

«Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միությունը ողջունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի ելույթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որում վերջինս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության հայրենազրկման խնդրին։

 

Միությունն այդ մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ինչպես հայտնի է, 2023թ. հոկտեմբերի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին իր ելույթում անդրադարձել է բռնի տեղահանվածների՝ այսօր չափազանց զգայուն դարձած խնդրին՝ ՄԱԿ-ի ԱԽ ուշադրությունը հրավիրելով աշխարհի մի շարք վայրերում բոլորովին վերջերս տեղի ունեցած այլեւս անշրջելի գործընթացների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության հայրենազրկման խնդրին։ Գերագույն հանձնակատարն իր խոսքում մասնավորապես արձանագրել է, որ հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 հազար հայեր հեռացել են Լեռնային Ղարաբաղից եւ ապաստան գտել Հայաստանում։ Հանձնակատարը սա իրավացիորեն համարում է մեկ այլ չլուծված խնդրի հետեւանք, որին թույլ է տրվել «եփվել» տասնամյակներ շարունակ։ «Գարդման-Շիրվան-Նախիջեւան» համահայկական միությունը խորապես շնորհակալ է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին այս արդարացի արձանագրման համար։ Այն հուշում է, որ ապագայի հանցագործությունները հնարավոր է կանխել միայն այսօր կատարվածների համար դրանց հեղինակներին պատասխանատվության կոչելու միջոցով։ Այո՛, Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ավելի քան 10 ամիս ցեղասպան եւ ահաբեկչական վարքը, Լեռնային Ղարաբաղի ամբողջական եւ բռնի հայաթափումը հետեւանք են մեկ այլ՝ առավել մեծ խնդրի, եւ այդ խնդիրն է Ադրբեջանի հակահայկական, ռասիստական եւ կրոնական խտրական պետական քաղաքականությունը, որն անշեղորեն «եփվել է» անցած տասնամյակների ընթացքում։ Վերջին հարյուրամյակում քանիցս հայ տարրը պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջեւանի տարածքում ենթարկվել է էթնիկ զտման եւ բռնի տեղահանման, որի համար ոչ ոք միջազգային պատասխանատվություն չի կրել։ Եթե պատժվեին 1918թ. Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչները, վստահաբար չէին լինի 1988թ. Սումգայիթի, 1990թ. Բաքվի հայկական ջարդերը։ Եթե 1988-1992թթ. ավելի քան կես միլիոն հայության բռնագաղթման համար Ադրբեջանը պատասխանատվություն կրեր, չէր լինի 2020-2023թթ. Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանությունը, որն ուղեկցվել է մարդու իրավունքների բազմակի խախտումներով՝ սովամահության պարտադրանքով, մանկասպանությամբ, առեւանգումներով, բռնությամբ կամ դրա սպառնալիքով, վախի եւ ատելության տրամադրությունների գերակայմամբ։

Ուստի, մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին եւ ողջ միջազգային հանրությանը համարժեք եւ գործնականորեն արձագանքել քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցող զազրելի հանցանքներին եւ ձեռնամուխ լինել դրանց հեղինակների միջազգային պատժին։ Մենք խնդրում ենք գործնական քայլեր կատարել ինչպես 2020-2023թթ. Լեռնային Ղարաբաղից բռնագաղթվածների, այնպես էլ մեր՝ 1988-1992թթ. պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջեւանի տարածքից տեղահանվածներիս բոլոր իրավունքների արդարացի վերականգնման ուղղությամբ»։

 

 

 

ԿԱՐՈՂ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ 50 ՏՈԿՈՍՈՎ

Արցախից բռնի տեղահանված, ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդները, նոյեմբերի 15-ից սկսած, կարող են իրենց ավտոմեքենան ապահովագրել 50 տոկոս ցածր վճարով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։ «Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ ավտոտրանսպորտային միջոցը պետք է բավարարի հետեւյալ պայմաններին.

1.ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,

2.մինչեւ 2020 թվականի արտադրության է,

3.չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,

4.սեփականության իրավունքն ապահովագրի անվամբ գրանցվել է մինչեւ 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Նշվում է, որ նման որոշում է կայացվել` հաշվի առնելով այն փաստը, որ Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման հետեւանքով Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեծ թվով ավտոմեքենաներ։

 

 

 

ՊԵՏՔ Է ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱՆ

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությամբ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ՝ փորձարարական), այլեւ նախադպրոցական ծառայությունների ծրագրերը:

ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 138-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում՝ ազդարարելով գործընթացի մեկնարկը:

Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են հեղինակային կամ այլընտրանքային կրթական ծրագրեր եւ մատուցում են նախադպրոցական ծառայություններ, պետք է իրենց ծրագրերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն. փորձաքննությամբ հաստատվելուց հետո դրանք կկարողանան դիմել լիցենզավորման: Ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական: Նախադպրոցական ծառայությունն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը եւ զարգացմանը միտված ծառայություն է, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա:

 

 

 




Լրահոս