ԹԱՏՐՈՆԸ՝ 40 ՏԱՐԻ ԱՆՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգի՝ ավելի քան 250 տարվա պատմություն ունեցող Ալեքսանդրինյան թատրոնը քառասուն տարվա ընդմիջումից հետո կրկին Երեւանում է: Լեգենդար թատրոնը Հայաստանում է հյուրընկալվել Երեւանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում եւ հանդես կգա Նիկոլայ Գոգոլի «Ամուսնության», Վալերի Սեմենովսկու «Արարածը» ներկայացումներով: Նոյեմբերի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ալեքսանդրինյան թատրոնը հանդիսատեսին ներկայացրեց «Ամուսնություն» բեմադրությունը, որը երեւանյան բեմում կլինի նաեւ նոյեմբերի 11-ին: Դասական պիեսը, որը բեմադրվել է՝ պահպանելով Ալեքսանդրինյան թատրոնի ավանդույթները, արժանացավ բուռն ծափողջույնների, «բրավո» վանկարկումների: Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հիշեցրեց՝ մեկ ամիս առաջ Մայր թատրոնը փայլուն եւ անմոռանալի հյուրախաղերով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում՝ ներկայացնելով Արմեն Էլբակյանի, Լիլի Էլբակյանի բեմադրությունները:

 

«Արմեն Էլբակյանի «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը խաղացել ենք Ալեքսանդրինյան թատրոնի մեծ եւ պատմական բեմում: Դա պատմական իրադարձություն էր, նոր էջ հայ եւ ռուս թատրոնների համար»,-ընդգծեց Մկրտչյանը՝ վստահեցնելով, որ թատրոնների համագործակցությունը շարունակական կլինի: Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Ֆոկինը, որը նաեւ «Ամուսնություն» ներկայացման ռեժիսորն է, շեշտեց՝ ցուցադրելու են այն ներկայացումները, որոնք իրենց թատրոնի դիմագիծն են: «Մեր թատրոնը պատմական է, 257 տարեկան է, սակայն դուք շատ լավ հասկանում եք՝ եթե բեմում էլ այդ տարիքի դերասաններ լինեն, մահացու կլինի, ուստի մեր խնդիրն է չհամապատասխանել այդ փառահեղ տարիքին: Ինչու փառահեղ՝ քանի որ կան փառահեղ ավանդույթներ, որոնք պետք է պահպանել եւ միեւնույն ժամանակ դրանք համապատասխանեցնել մեր օրերին»,- ասաց նա եւ հավելեց՝ քաղաքական գործիչներն այրում են կամուրջները, իսկ արվեստի գործիչները վերականգնում դրանք: Անդրադառնալով «Ամուսնություն» ներկայացմանը, որը տասնհինգ տարեկան է, Ֆոկինն ընդգծեց՝ անկախ նրանից, թե երբ է բեմադրվում ներկայացումը, իրենք անում են ամեն բան, որ այն համապատասխանի օրվա իրականությանը, այն ամենին, ինչ տեղի է ունենում պատուհանից այն կողմ, կյանքում: «Մենք հետեւում ենք, որ ներկայացումը լինի կենդանի: Այս ներկայացումը ինքդ քեզ պահպանելու մասին է: Գուցե դա տարօրինակ թվա, քանի որ պիեսը կատակերգական է, բայց մենք նրան մոտեցել ենք այն տեսանկյունից, որ գլխավոր հերոսը կարողանում է պահպանել իր մարդկային նկարագիրը, մարդկային անկախությունը: Այս թեման հավերժական է. այդպես էլ եղել քսան, հարյուր եւ հազար տարի առաջ»,- նշեց Վալերի Ֆոկինը: Ալեքսանդրինյան թատրոնի տնօրեն Սերգեյ Եմելյանովն էլ նշանակալի համարեց այն, որ տարվա ընթացքում Սունդուկյանի անվան թատրոնի հետ բազմաբնույթ ծրագրեր են իրականացրել, որոնցից է «Ազգային թատերական դպրոց»-ը, երբ Սանկտ Պետերբուրգից թատրոնի լավագույն մասնագետները դասեր են անցկացրել Հայաստանում երիտասարդ դերասանների հետ, իսկ սեպտեմբերին Մայր թատրոնի թատերախումբն Ալեքսանդրինյան թատրոնում հանդես է եկել մի քանի հազար հանդիսատեսի առաջ: «Մենք մեր ժամանակակից պատմության ընթացքում դեռ այսքան սերտ չենք համագործակցել, այսքան ստեղծագործական ու գործնական կապ երկու ազգային թատրոնների միջեւ դեռ չի եղել:

Հուսամ՝ առաջիկայում եւս կաշխատենք»,- ասաց Եմելյանովը:

 

 

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՄՏՆԵԼ ԳՐԱԴԱՐԱՆ

Գեղարքունիքի մարզի բնակիչն ահազանգել է ArmLur.am-ի խմբագրություն եւ բողոքել, որ իրեն թույլ չեն տվել Ազգային գրադարան մուտք գործել վավերականության ժամկետն անց քարտ ունենալու պատճառով։ Բնակչի խոսքով՝ նա 10 տարուց ավելի է, ինչ Ազգային գրադարանի ընթերցող է.

 

«Շատ տհաճ միջադեպ էր, որը կարող էր եւ տեղի չունենալ: Նոյեմբերի 9-ին մտնում եմ Ազգային գրադարան հերթական անգամ այնտեղ դաս անելու: Պահպանության աշխատակցին մոտեցա եւ ասացի, որ մոռացել եմ ընթերցողական քարտս, բայց կարող եմ փոխարենը ցույց տալ աշխատանքային էջս կամ անձնագիրս, սակայն չհամաձայնեց»,- պատմեց քաղաքացին:

Ըստ քաղաքացու՝ միայն համակարգչային գրանցման բազայում պարզվեց, որ իր ընթերցողական քարտի վավերականության ժամկետն անցել է, եւ ինչպես նա է նշում, միայն բանավոր խոսքի միջոցով հայտնի դարձավ, որ Ազգային գրադարանում ընթերցողական քարտի վավերականության ժամկետը 5 տարի է:

«Ինձ հետաքրքրում է՝ որտեղ է ամրագրված այդ 5 տարին, ինչու ինձ ծանուցում չի հաղորդվել, որ իմ քարտի ժամկետն անցել է, եւ ինչու ես իմ ժամկետնանց քարտով այս տարվա մեջ մի քանի անգամ կարողացել եմ օգտվել Ազգային գրադարանից: Արդյո՞ք Ազգային գրադարանի աշխատակիցները համապատասխանում են Ազգային գրադարանի չափորոշիչներին»,-վրդովված նկատեց քաղաքացին:

Մեզ ահազանգած քաղաքացին ասաց, որ փորձել է բոլոր հնարավոր միջոցներով կապ հաստատել պատասխանատուների հետ, սակայն կա՛մ չեն պատասխանել, կա՛մ էլ կեսից անջատել են հեռախոսը՝ պնդելով, որ հեռախոսակապի խնդիր ունեն:

ArmLur.am-ը հասկանալու համար, թե ինչ է կատարվել, եւ ինչու է նման միջադեպ գրանցվել գրադարանում, փորձեց կապ հաստատել անձամբ պատասխանատուների հետ։

Ազգային գրադարանի տնօրենի խորհրդատու, հասարակական կապերի բաժնի պետ Ներսես Հայրապետյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Ազգային գրադարանն ունի գրադարանից օգտվելու իր կանոնակարգը, եւ ոչ մեկ իրավունք չունի այն խախտելու, այդ թվում՝ ես եւ տնօրենը: Գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ էր ունենալ վավեր ընթերցողական տոմս, ինչն այդ պահին քաղաքացին չի ունեցել: Ժամկետի մասին ծանուցելու կարիք չկա, քանի որ տոմսի վրա հստակ նշվում է լրանալու ժամկետը: Ինչ վերաբերում է անվավեր տոմսով գրադարանից օգտվելուն, ապա հնարավոր եղել է, բայց առանց հիմքերի ոչինչ ասել չեմ կարող»,- եզրափակեց Ներսես Հայրապետյանը։

Հավելենք, որ ընթերցողական տոմս ստանալու համար անհրաժեշտ էր միայն անձնագիր եւ 3/4 չափի լուսանկար։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

 

 

ԴԵ ԽԵԱՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեան մոտ է իսպանական «Բետիսին» միանալուն. հաղորդում է Estadio Deportivo-ն։ 33-ամյա ֆուտբոլիստն այժմ բանակցում է «Բետիսի» հետ։ Քննարկվում է հունվարին կես տարվա պայմանագիր կնքելու տարբերակը։ Ամռանն ազատ գործակալի կարգավիճակում «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո Դե Խեան չունի թիմ։ Նա անգլիական ակումբում էր հանդես գալիս 2011 թվականից՝  545 խաղում բաց թողնելով 590 գոլ, 190 խաղում անառիկ պահելով դարպասը։

 

 

 

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ ԵՆ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները։ Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում Սարգիս Վարդանյանը պարտվել է կիսաեզրափակչում եւ դարձել է բրոնզե մեդալակիր։ Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով, սակայն պարտություն է կրել կիսաեզրափակչում եւ նույնպես բավարարվել է բրոնզե մեդալով։

 

 

 

ԱՐԺԱՆԻ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է չեխական «Սլավիայից» կրած 0:2 հաշվով պարտությունը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում։

«Այո, «Սլավիան» իսկապես արժանի էր հաղթանակի, իսկ մենք արժանի էինք պարտության։ «Սլավիան» խաղաց այնպես, ինչպես Հռոմում էր խաղացել։ Մենք պատրաստվում էինք այս խաղում Էլ Շաարավիին թողնել հարձակվողի դիրքում, իսկ Զալեւսկիին տեղափոխել եզր, բայց դա չէր մեր պարտության պատճառը։ Ոչինչ չհավանեցի մեր խաղում։ Միայն Էդոարդո Բովեի խաղը հավանեցի։ Միայն նա էր արժանի հաղթանակի, բայց մեկ ֆուտբոլիստով հնարավոր չէ հաղթել»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ G խմբում «Սլավիան» ու «Ռոման» 9 միավորով առաջին երկու տեղերում են։

 

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Կանադայի հավաքականի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», որը հետաքրքրված է նրա ծառայություններով. հաղորդում է Sport1-ը։ Արդեն կես տարի Ալֆոնսո Դեւիսը չի բանակցում «Բավարիայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցով։ Արքայական ակումբի ներկայացուցիչները ֆուտբոլիստի գործակալին հորդորել են չերկարաձգել «Բավարիայի» հետ Դեւիսի պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։

 




Լրահոս