Մարտի 12 -ին շուրջ 10 հազար մարդ էր հավաքվել անցած տարվա ամռանը ցույցերից մեկի ժամանակ վնասվածքներ ստանալու հետևանքով մահացած դեռահաս Բելկին Էլվանի թաղմանը մասնակցելու համար, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:
Թաղումից հետո հավաքվածների մի մասը գնաց Թաքսիմ հրապարակ, որտեղ դեռ առավոտից մի քանի ոստիկանական ջոկատներ մարտական պատրաստվածության էին բերված: Ճանապարհին ցուցարարներին միացել են ևս հազար մարդ, որոնք կոչ էին անում գնալ Թաքսիմ ու Գեզի այգի, որտեղ էլ Էլվանը գլխի շրջանում վնասվածք էր ստացել:
Ոստիկանները թույլ չտվեցին ցուցարարներին մտնել Տաքսիմ հրապարակ, նրանց հետ մղելով ջրցան մեքենաների ու արցունքաբեր գազի օգնությամբ: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու այրվող շշեր էին նետում: Ոստիկանները մինչև հիմա փորձում են հրապարակին կից փողոցներում ցրված ցուցարարների միավորումը թույլ չտալ:
Մի քանի հարյուր մարդ էլ Անկարայի Կիզիլայ հրապարակում է հավաքվել ` Էլվանի հիշատակը հարգելու համար: Վերջիններս փակել են քաղաքի այս կենտրոնական փողոցը: Ոստիկանությունը պահանջել է քաղաքացիներին ազատել երթևեկելի հատվածը, սակայն ցուցարարները հրաժարվել են ենթարկվել: Այս դեպքում էլ ցուցարարներին ցրելու համար թուրք ոստիկանները դիմել են ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի օգնությանը:
Իզմիրի կենտրոնում նույնպես ցուցարարներ են հավաքվել, որոնց թվում եղել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, երիտասարդական կազմակերպությունների և արհմիությունների ներկայացուցիչներ: Իզմիրում նստացույց անող ցուցարարների հանդեպ նույնպես կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Էլվանի հիշատակին անցկացվող ակցիաներ տեղի են ունենում Թուրքիայի մյուս քաղաքներում ևս: Հիմնականում մարդիկ դուրս են գալիս ցույցի ոչ միայն ցավակցելու, այլև իրենց դժգոհությունն արտահայտելու Թուրքիայի կառավարության նկատմամբ: Նրանք պահանջում են նախարարների հրաժարականը և վարչապետին համարում դեռահասի մահվան համար պատասխանատու:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: