ՏԱՐՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՎ ԶՈՀՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 12-ին հումանիտար օգնությամբ առնվազն 143 բեռնատար է մտել Գազայի հատված  «Ռաֆահ» հսկիչ անցակետով։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ինչպես X սոցիալական ցանցում հաղորդել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը, դա մերձավորարեւելյան հակամարտության սրումից հետո օրական առավելագույն ցուցանիշն է՝ անկլավ օգնություն հասցնելու մեկնարկից ի վեր:

 

«Ռազմական գործողությունների սկզբից (հոկտեմբերի 7-ից) ի վեր՝ այսօր ամենամեծ թվով բեռնատարներն են ստուգվել եւ ուղարկվել Գազայի հատված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, մարդասիրական օգնությամբ 143 բեռնատար է մտել Գազա «Ռաֆահ» հսկիչ անցակետով։

Դրանցից 72 բեռնատար տեղ է հասցրել պարենային ապրանքներ (1,62 հազար տոննա), 11-ը` բժշկական սարքավորումներ (137 տոննա), 22-ը` ջուր (444 տոննա), 15-ը` առաջին անհրաժեշտության իրեր ժամանակավոր տեղավորման կետերի աշխատանքների կազմակերպման համար (220 տոննա), 23 – խառը բեռներ (351 տոննա):

Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը սկսվել է հոկտեմբերի 21-ին՝ մերձավորարեւելյան հակամարտության սրման սկսվելուց հետո երկու շաբաթ անց։

Հավելենք նաեւ, որ Գազայի հատվածում ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհվել են զանգվածային լրատվամիջոցների 49 աշխատակիցներ, որոնք լուսաբանել են  տարածաշրջանի իրադրությունը։

Ինչպես հաղորդում է «Ժողովուրդ» օրաթերթը, այդ մասին հաղորդել է Իրանի Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով` դա կազմում է այս հատվածում աշխատող լրագրողների ընդհանուր թվի 4 տոկոսը։

Ավելի վաղ Պաղեստինցի լրագրողների արհմիությունն իր անհանգստություն է հայտնել Գազայի հատվածում տասնյակ լրագրողների ճակատագրի պատճառով, որոնց հետ կապը կորել է։ Կազմակերպությունում նշել են, որ վախենում են իսրայելական զինվորականների կողմից նրանց նկատմամբ հաշվեհարդարից եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ այլ միջազգային կազմակերպությունների խնդրել են միջամտել եւ ապահովել նրանց պաշտպանությունը։

Հիշեցնենք, որ Պաղեստինի սահմանապահ ծառայության հայտարարության մեջ նշված է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ չորս շաբաթվա ընթացքում պաղեստինյան անկլավում ավելի շատ լրագրողներ են սպանվել, քան ցանկացած այլ հակամարտությունում առնվազն վերջին երեք տասնամյակների ընթացքում։

Առնվազն 421 օտարերկրացիներ եւ երկքաղաքացիություն ունեցող անձինք են ներառված Գազայի հատվածից Եգիպտոսի հետ սահմանի  «Ռաֆահ» անցակետով տարհանման ցուցակներում։

Հրապարակված ցուցակներում ընդգրկված են Մարոկոյի, Հորդանանի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Պերուի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Շվեդիայի քաղաքացիներ։

 

 

 

ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՆԻՍՏ ԿԱՆԻ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ երկուշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է նիստ անել:

Նիստին մասնակցելու է նաեւ Հայկ Մարությանը:

Մեր տեղեկություններով՝ այդ օրը պատրաստվում են քննարկել ավագանու՝ նոյեմբերի 21-ի նիստի մասնակցության եւ օրակարգի հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ թեեւ Հայկ Մարությանը վերցրել է ավագանու անդամի մանդատը, բայց նիստերին մինչ օրս չի մասնակցել:

«Ազգային առաջընթաց»-ը հակված է մասնակցել նոյեմբերի 21-ի նիստին, իսկ Մարությանի մասնակցության հարցը կորոշվի խմբակցության նիստին:

 

 

 

ՆԻՍՏ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ

Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության

խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի ներքո:

Հայաստանը հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահի անունից պաշտոնական նամակով դիմել էր ԵԱՀԿ ԽՎ նախագահին եւ գլխավոր քարտուղարին՝ հայտնելով, որ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է աշնանային նստաշրջանն անցկացնել Երեւանում: Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:

ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆ ՈՒՆԻ

Արման Լազարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի օգնական։

Այս մասին նոյեմբերի 13-ին՝ Երեւանի գործակարգավարական նիստի ժամանակ, հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը նշեց նաեւ, որ Արմեն Հարությունյանն էլ նշանակվել է «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար:

 

 

 

 

ԱՎԱՆԵՍՅԱՆՆ ՈՒ ՏԿԵՆ-Ը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դարձել է ակտիվ կուսակցական ու, փոխարենը իր պատասխանատվության տակ գտնվող ոլորտի բացթողումներով զբաղվի, որեւէ կուսակցական հավաք կամ իր հետ անգամ կապ չունեցող միջոցառում բաց չի թողնում:

Այսպիսով, երեկ տեղի է ունեցել Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված նիստ, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մարզպետները, համայնքապետերը եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Միջոցառմանը ներկա էր նաեւ Անահիտ Ավանեսյանը. թե ինչ կապ ունի առողջապահության ոլորտը ձախողած նախարարը տեղական ինքնակառավարման հետ, անհասկանալի է:

Նկատենք, որ նախարար Ավանեսյանը վերջին շրջանում ակտիվորեն մասնակցում է նաեւ կուսակցական բոլոր հավաքներին:

Հավանաբար, նախարարն անհանգստացած է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է իր աշխատանքից, մտադիր է պաշտոնանկ անել իրեն, ու հիմա ջանք չի խնայում Փաշինյանի աչքին բարձրանալու համար:

 

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԱՆԴԱՏԻՑ

«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Թաթուլ Պետրոսյանը հրաժարվել է մանդատից։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

««Մայր Հայաստան» դաշինքի կազմում մասնակցելով Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստացել եմ Երեւանի ավագանու մանդատ: Տեղեկացնում եմ ձեզ, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի հետ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ մեր հռչակած քաղաքական նպատակներին հասնելու համար իմ գործունեությունն առավել արդյունավետ կլինի ոչ ավագանու կազմում, քանզի աշխատանքի որոշակի բաժանում է լինելու: Այդ իսկ պատճառով հրաժարվում եմ ավագանու մանդատից: «Մայր Հայաստան» խմբակցությանը, իմ թիմակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք՝ ի շահ երեւանցիների ու մեր մայրաքաղաքի: Միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ «Մայր Հայաստան» շարժման եւ նրա առաջնորդի հետ շարունակելու եմ քաղաքական պայքարը՝ հանուն մեր երկրում քաղաքական փոփոխությունների, հանուն Հայաստանի անվտանգության, զարգացման ու հանուն արցախահայության խնդիրների լուծման»:

 

 




Լրահոս