Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից պաշտոնապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվել են 5550 ստուգայց-շրջագայություններ, որի նպատակն իրավական պարզաբանման աշխատանքների իրականացումն է:
Ինչպես հայտնի է, 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Ոստիկանության ստորաբաժանումների կողմից կատարված ստուգայցերից մեկի արդյունքում Բաբաջանյան փողոցի ավագ դպրոցի 15-ամյա պատանու պայուսակից հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցի տնօրենն է անձամբ խնդրել ոստիկանությանը մտնել դպրոց եւ ստուգումներ իրականացնել, քանի որ կասկածներ է ունեցել դպրոցականների մեկի վերաբերյալ. իրավապահները, մտնելով դպրոց, հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դպրոցականն իրավապահներին պատմել է, որ ատրճանակը գնել է list.am կայքից եւ որեւէ նպատակի hամար չի գնել, այլ պարզապես իրեն հետաքրքրել է ու գնել է: Այս իրավիճակից հետո հարց ուղղեցինք ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, թե՝
- 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները քանի՞ ստուգայց են իրականացրել հանրակրթական դպրոցներում:
- Կատարված ստուգայցերի արդյունքում ի՞նչ է հայտնաբերվել աշակերտների պայուսակներում, եւ ի՞նչ ընթացք է տրվել դրանց:
Ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունից պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Է. Պետրոսյանը հայտնել էր, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրակրթական դպրոցներում իրականացվել են 5550 ստուգայց-շրջագայություններ, որի նպատակը իրավական պարզաբանման աշխատանքների իրականացումն է:
Միաժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը աշակերտների պայուսակներում գտնվող իրերի պարունակությունը ստուգելու իրավասություն չունի՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։ Աշակերտների կողմից ցանկացած իրի հանձնում կատարվում է բացառապես կամավորության սկզբունքով, այդ թվում՝ հարցման մեջ նշված դեպքով կամավորության սկզբունքով դպրոցներում այլ արգելված իրերի հանձման փաստեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում չեն արձանագրվել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԵԾԵԼ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հարեւաններով ծեծել են միմյանց, հարեւանների վեճն այն աստիճան է թեժացել, որ բանը հասել է դանակահարությանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ժամը 21:00-ի սահմաններում շենքի շքամուտքի մոտ հարեւանները վիճել են, ողջ շենքը դուրս է եկել հարեւաններին հանգստացնելու, ու բանը հասել է նրան, որ վիճաբանողներից 2002 թվականին ծնված տղամարդը հանել է դանակն ու դանակահարել 43-ամյա տղամարդուն, որին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ ինչի՞ց է սկսվել հարեւանների թեժ վեճը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթեթին հասած լուրերի՝ դանակահարված տղամարդու բնակարանից հարեւանի բնակարան ջուր է անընդհատ կաթացել, ու սա դարձել է միմյանց ծեծի ու դանակահարության պատճառ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ՇՂԹԱՆ
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 21:15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Ուկրաինայի քաղաքացի 57-ամյա մի կին եւ հայտնել, որ ժամը 14:00-ին իր հետ ծանոթացած անձը Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկի մոտ բացահայտ հափշտակել է իր ոսկյա թեւնոցն ու ոսկյա շղթան եւ հեռացել:
Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվեցին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ օպերատիվ միջոցառումների ընթացքում Կենտրոնականի գործընկերներին օգնության եկան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները: Հենց նրանք ստացան հավաստի տեղեկություն, որն էլ համատեղ իրացվեց: Պարզվեց, որ արարքը կատարել էր Արտաշատ քաղաքի 48-ամյա մի բնակիչ։ Հետագա միջոցառումներին մասնակցեցին նաեւ Արտաշատի քրեական հետախույզները: 48-ամյա տղամարդը Արտաշատում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
ԳՏԱՆ ՊՐԻԳՈԺԻՆԻ ՄԱՐՄՆՈՒՄ
ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ Եվգենի Պրիգոժինի հետ ավիավթարի հետեւանքով զոհվածների մարմիններում նռնակի բեկորներ են հայտնաբերվել, օդանավի վրա արտաքին ազդեցություն չի եղել։
«Բաստրիկինը հայտնել է, որ Եվգենի Պրիգոժինի հետ ավիավթարի հետեւանքով զոհվածների մարմիններում հայտնաբերվել են ձեռքի նռնակների բեկորներ, օդանավի վրա արտաքին ազդեցություն չի եղել։ Ցավոք, զոհերի արյան մեջ ալկոհոլի կամ թմրանյութի առկայության փորձաքննություն չի իրականացվել, թեեւ գիտենք, որ Սանկտ Պետերբուրգի ընկերությունում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ԱԴԾ-ն հայտնաբերել է ոչ միայն 10 միլիարդ կանխիկ գումար, այլեւ նաեւ 5 կգ կոկաին: Իմ կարծիքով՝ նման փորձաքննություն պետք է անցկացվեր, սակայն այն չի իրականացվել»,- Պուտինին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Կրեմլը խոստացել էր հրապարակել Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները։ Պեսկովը նաեւ ասել է, որ Պրիգոժինի ինքնաթիռի կործանման վերաբերյալ միջազգային հետաքննություն չի լինի։
ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Քրեական վարույթի նախաքննությամբ փաստացի վերականգնվել է պետությունից թաքցված 250 մլն դրամի հարկային պարտավորություն։
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ պարզվել է՝ ֆիզիկական անձ Ա.Հ.-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն. Ա.-ի անվամբ իրականացրել է կառուցապատման եւ բնակարանների օտարման գործունեություն Երեւան քաղաքի Ազատության պողոտա 1/10, 1/31, 1/32, 1/34, 1/38, 1/40, 1/41, 1/42 հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։ Նախնական համաձայնությամբ, հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եւ հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով բնակարանների օտարման գործարքների փոխարեն, նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետեւանքով պակաս է հաշվարկել եւ չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումներով Ա. Հ.-ն եւ Ն. Ա.-ն ձերբակալվել են:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ վարութային եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման ներքո վերջիններիս կողմից ներկայացվել է շուրջ 500.000.000 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների վերաբերյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ, եւ պետական բյուջե է վերականգնվել շուրջ 250.000.000 ՀՀ դրամ գումար: