ՀՈՂ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով ԱԺ վերջին նիստից՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել։ ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է. «Մեզ տեղեկություններ են հասնում, որ քաղաքացիներից բժշկական հաստատություններում կանխիկ գումարներ են ուզում… Այդ գումար ուզող մարդն այն գողանում է։ ՀՀ-ում բոլոր բժշկական ծառայությունները կատարվում են անկանխիկ եղանակով։ Զարմացած եմ, որ այդ երեւույթն այսքան համատարած բնույթ է կրում։ Սա եւ՛ առողջապահական համակարգի, եւ՛ իրավապահ մարմինների բացթողումն է»։ Ինչպես հայտնի է, բուժկենտրոններում վճարումներն անկանխիկ եղանակով են. այդ մասին շատ է խոսվել։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է քիչ-քիչ անցում կատարել բացարձակ անկանխիկ եղանակի, որ անգամ տերմինալներով կանխիկ փողը չմուտքագրեն, այլ քարտով վճարեն։ Ու հիմա Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցի դեմ նման դեմարշ է սկսել ՔՊ-ի կարկառուն դեմքերից մեկը։ Սա պատահական չէ, եւ նա նման հրապարակային քայլերի չէր գնա առանց Փաշինյանի հետ ճշտելու։ Ասել է թե՝ այս ամենը արվում է՝ եւս մեկ անգամ կարծես ցույց տալու, որ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը չի տիրապետում առողջապահության ոլորտին. Վահագն Ալեքսանյանն էլ ասաց, որ դա առողջապահական համակարգի, ասել է թե՝ իրենց նախարարի բացթողումն է։ Ու հիմա ենթադրվում է, որ այսպես նախարարի պաշտոնանկության համար հող է նախապատրաստվում։ Փաստորեն, Ավանեսյանին չի փրկի անգամ ՔՊ-ական դառնալն ու կուսակցական միջոցառումներին գերակտիվ մասնակցելը։ Նա հրաժեշտ կտա պաշտոնին՝ չնայած ամեն գնով վարչապետի աչքին երեւալու, նաեւ սիրաշահելու փորձերին։ Կարծես թե, սա արվում է՝ ապահովագրական համակարգի ներդրմանն ընդառաջ։ Սա թերեւս այլ պատմություն է՝ իր բազմաթիվ խութերով ու նախապատմություններով։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին հաջողվել է հարթել երբեմնի լարված հարաբերությունները թիմակիցների հետ: «ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար անդրադարձել էր, որ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում կորոնավիրուսի դեմ պայքարի մասով սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները, այդ թվում՝  Նիկոլ Փաշինյանը, լարվել էին Թորոսյանի հետ՝ նրան դիտարկելով իբրեւ հիմնական մեղավոր: Թորոսյանն էլ իր հերթին էր երես թեքել իր թիմակիցներից, չէր շփվում նրանց հետ, կուսակցական հանդիպումներին չէր մասնակցում: Ավելին՝ մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել էր պատժել Թորոսյանին. քննարկումներ կային նաեւ, որ գլխավոր դատախազը, հնարավոր է, Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գնա ԱԺ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմա ամեն ինչ այլեւս առաջվանը չէ. Թորոսյանը դարձի է եկել, վերականգնել է հարաբերությունները թիմակիցների հետ ու հիմա ամբողջ ոգով լծվել է կուսակցաշինությանը՝ վարչության նիստերին է մասնակցում, մարզեր է այցելում, կուսակցական ակտիվի հետ հանդիպումներ է ունենում: Մի խոսքով, կորչեն պետբյուջեից մսխված գումարները, կարեւորը ՔՊ-ն է:

 

 

 

 

Նոյեմբերի 13-ին խառնաշփոթ իրավիճակ է եղել Արմավիրի բանտում, որտեղ գիշերով սկսել են տակնուվրա անել 3-րդ մասնաշենքի խցերը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ 3-րդ մասնաշենքից իրավապահները տարել են հայտնի քրեական հեղինակության: Դիմեցինք, իհարկե, Քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղին հայտնեցին. «Հիմնարկներում մշտապես ու պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ արգելված իրեր եւ թաքստոցներ հայտնաբերելու ուղղությամբ, իսկ նոյեմբերի 13-ին մեծ խուզարկություն է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ-ում, հայտնաբերվել են բազմաթիվ արգելված իրեր եւ թմրամիջոցներ։ Մեր պաշտոնական կայքէջում մենք մշտապես լուսաբանում ենք արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները։ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի տեղափոխությունն անմիջական հետեւանքն է նոյեմբերի 13-ին կատարված միջոցառումների, որոնց շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել դատապարտյալներից մեկին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ»։ Ըստ ամենայնի, ինչ-որ անթույլատրելի բաներ են հայտնաբերվել, որոնք դեռ գաղտնի են պահվում: Կիմանանք:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հայտարարագրերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անհամապատասխանություններ է հայտնաբերել եւ որոշել է «հետ գնալ», վերլուծել պաշտոնյաների՝ տարբեր տարիների ընթացքում ներկայացված հայտարարագրերը: Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 23-ին գրել էինք, որ ՀՀ պետական պաշտոնյաները ծանուցումներ են ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Ծանուցման մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրումներ էր արել պետական պաշտոնյաներին եւ պահանջել հայտնել, թե այս կամ այն բիզնեսի, գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն: Ավելին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում էր ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի, օրինակ, նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ: Արդյունքում պաշտոնյաները պատասխանել են հանձնաժողովի նամակներին, ինչպես նաեւ իրավապահներն են որոշակի տվյալներ տվել Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հիմա էլ անճշտություններ են եղել, որից հետո հանձնաժողովը պաշտոնյաների շուրջ նոր գործընթաց է սկսել՝ ստուգելով, համեմատականներ անցկացնելով հին հայտարարագրերի հետ:

 




Լրահոս