ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԽՈՇՈՐ ՁԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը գործընթաց է սկսել տարբեր վարչական շրջանների թաղապետարանների գործունեության մասով։ Դրանք մեկը մյուսի ետեւից բերման ենթարկելու եւ ձերբակալելու գործընթացներ են, սակայն նկատենք, որ նախաքննական մարմինը ընկել է մանր ձկների հետեւից, եւ խոշոր ձկները մնացել են ստվերում:

 

Այսպիսով, նոյեմբերի 2-ին հրապարկվեց, որ բերման են ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանը եւ թաղապետարանի մի քանի աշխատակիցներ: Բերման ենթարկվողների թվում էին համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանը եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը, որոնք ավելի ուշ հարցաքննվել եւ ազատ էին արձակվել: Վերջիններիս բերման ենթարկելու գործընթացը կապված էր գնումների գործընթացում որոշակի կոռուպցիոն ռիսկերի հետ:

Եվ, ահա, երեկ էլ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն է տվյալներ ստացել, ու Հակակոռուպցիոն կոմիտեում քննություն է իրականացվել, ձերբակալվել են պաշտոնյաներ:

Մասնավորապես՝ Տիգրան Մարտիրոսյանը, զբաղեցնելով Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Արման  Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք: Նրանց ձերբակալել են շինթույլտվությունների, տարբեր ընկերություններին կաշառքի դիմաց արտոնություներ տալու համար:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ իրավապահները ընկել են մանր ձկների հետեւից: Հարց է առաջանում՝ ինչո՞վ է զբաղված եղել թաղապետ Սամվել Ղուկասյանը, որ իր աշխատակիցները թիկունքում կոռուպցիոն գործարքների մեջ են եղել: Դատելով իրավիճակից՝ կա՛մ նա տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվում թաղապետարանում, կա՛մ անգործություն է դրսեւորել: Հուսանք՝ իրավապահները չեն խնայի Սամվել Ղուկասյանին եւ նրան եւս կհարցաքննեն՝ պարզելու իր հնարավոր մասնակցությունը այս դեպքին: Հետեւենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ԿՀԱՐՑԱՔՆՆՎԻ

Գլխավոր դատախազությունը ստացել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումը եւ ուղարկել է ԱԱԾ. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Հայաստանի գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ Սամվել Շահրամանյանը նոյեմբերի 8-ին նամակով դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով սոցցանցերի այն հրապարակումները, ըստ որոնց՝ ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաները կոռուպցիոն չարաշահումներ են արել, ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում եւ քննության առնել։

 

 

 

ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին Նուբարաշենի բանտից տեղափոխում են ԱԱԾ մեկուսարան։ Մեզ հայտնի դարձավ, որ առերեսումներ են իրականացվելու Ալբերտ Բազեյանի եւ գործով անցնող անձանց միջեւ։

Տեղեկությունը հաստատեց նաեւ Ալբերտ Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

Երեկ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված տվյալների հիման վրա, ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված եւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տ. Մ.-ն՝ նույն Տիգրան Մարտիրոսյանը, որը համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանի հովանավորյալն է եւ սիրելին, զբաղեցնելով Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի՝ նույն Արմանի հետ, որը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ռոմանոս Սաֆարյանի սանիկն է եւ նրա բերած կադրը, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված անձինք, իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաեւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության օգտին հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու եւ անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Տիգրան Մարտիրոսյանը, դարձյալ Արման Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործելով, Ն. Ա.-ին եւ Ա. Ա.-ին փաստացի պատկանող՝ Երեւան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման եւ նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար նրանցից 2023 թվականի հուլիսին եւ օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք:

Այսինքն՝ մայթը անօրինական լայնացրել են, իսկ Տիգրան Մարտիրոսյանն ու Արման Հ.-ն գումարի դիմաց աչք են փակել այդ ամենի վրա, այնինչ իրենց գործառույթը ճիշտ հակառակն է:

13.11.2023թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել են:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 




Լրահոս