ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել եւ նշել. «Հատված՝ ինձ աշխատանքից ազատելու հրամանից։ Իսկական իրավաբանական «գլուխգործոց» եւ ոչ միայն իրավաբանական։ Լեզվաբան-հայագետի ստորագրած հրաման՝ ԺԱՄԱՆԱԿԱՏԱՐ պաշտոնակատար…»։

 

Ցոլակ Ակոպյանը կից հրապարակել է փաստաթուղթ, որից հասկանում ենք՝ Ցոլակ Ակոպյանի հեռացման պատճառը եղել է Armlur.am-ին տված հարցազրույցը։

Այս եւ այլ հարցեր քննարկել ենք նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ։

-Պարո՛ն Ակոպյան, ըստ Ձեր հրապարակած փաստաթղթի՝ Ձեզ աշխատանքից հեռացնելու պատճառներից մեկը ArmLur.am-ին տված Ձեր հարցազրույցն է եղել: Կմանրամասնե՞ք նաեւ՝ ինչ  սպառնալիքներ են Ձեզ ուղղվել։

-Դա ինձ աշխատանքից ազատման հրամանն է, ավելի կոնկրետ՝ հրամանի 14 էջերից մեկը, որում հենց ձեզ տված հարցազրույցի մասին է մեջբերվում։ Ավելի զավեշտալի էջեր կան, որոնք չեմ հրապարակել։ Շանտաժներ ինձ հասել են երրորդ անձի միջոցով, առաջարկվել է կա՛մ դիմում գրել, կա՛մ ինչ-որ քրեական գործեր են հարուցվելու։

Մի որոշ ժամանակ անց, որքանով ես տեղյակ եմ, ԵՊՀ-ից ինձ բերման ենթարկելուց հետո ես տեղեկացա, որ քրեական գործեր են հարուցվել իմ դեմ՝ կապված իմ գործունեության հետ, եւ ես վստահ եմ, որ ոչ մի քրեական խախտում չեմ կատարել։

Մինչեւ այսօր ես ոչ մի կառույց չեմ կանչվել, չեմ հարցաքննվել, չգիտեմ՝ խոսքն ինչի մասին է։  Նրանք խախտել են իմ անմեղության կանխավարկածը, նույնիսկ որպես վկա ինձ չեն կանչել, նույնիսկ մեղադրանք չկա իմ դեմ։ Շատ բաներ ես հիմա չեմ կարող խոսել, քանի որ ենթադրում եմ՝ կա նախաքննական գաղտնիք պարունակող ինֆորմացիա։

-Պարո՛ն Ակոպյան, Դուք հաճախ եք նշել, որ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ժ/պ Դավիթ Գյուրջինյանը ապօրինի է զբաղեցնում այդ պաշտոնը: Ի՞նչ եք կարծում, Ձեր պաշտոնանկությունը ապօրինի չի՞ եղել։

-Իհարկե ապօրինի է, ոչ միայն այն, որ նա ապօրինի ռեկտոր է, այլեւ այն, որ նա ինձ ազատել է աշխատանքային օրենսգրքի հոդվածի համաձայն, ըստ որի՝ իբր ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ Այս պնդումը հիմնավորող որեւէ փաստ չկա։ Ինձ ազատել են 4 պատճառի հիմնավորմամբ, որից 2-ը վերաբերում են այդ քրեական գործին, որը տեղի է ունեցել իմ՝ դեկան եղած ժամանակ, ոչ թե պրոռեկտոր եղած ժամանակ։ Այսինքն՝ սա կապ չունի պրոռեկտորի պաշտոնին չհամապատասխանելու հետ։ 3-րդ կետը վերաբերում է նրան, որ ես, իբրեւ, պրոռեկտոր եղած ժամանակ 2 հոգու սխալ նկատողություն եմ տվել։ Այսինքն՝ ըստ այդ կետի՝ ես կատարել եմ ռեկտորի աշխատանքը, քանի որ նկատողություն անելը չի մտնում պրոռեկտորի գործունեության մեջ։ 4-րդ հանգամանքը, որը պատճառ է դարձել աշխատանքից ազատման, եղել է ֆեյսբուքյան գրառումները, հարցազրույցները, հայտարարությունները։ Էս հրամանը ջախջախվելու է դատարանում։

-Պարո՛ն Ակոպյան, Ձեզնից բացի, այլ անձանց, աշխատակիցների, դասախոսների վրա կա՞ն ճնշումներ։

-Այո՛, շատ դասախոսների ժամեր չտրամադրվեցին։ Ոչ միայն ճնշումներ են, այլեւ նստած հետեւում են՝ ով ինչ գրեց եւ ինչ լայքեց «Ֆեյսբուք»-ում։ Ես անձամբ խնդրել եմ իմ գրածները «Ֆեյսբուք»-ում չլայքել, որովհետեւ մարդիկ նստած հետեւում են՝ ով լայքեց, հետո նրանց նկատմամբ սկսվում է գործողություն եւ նկատողություններ։ Խնդրել եմ՝ իմ գրածները չլայքեն, որպեսզի չհայտնվեն այս ճնշումների տակ։ Ինչ ես չեմ պատկերացրել, որ կարող է լինել 21-րդ դարում համալսարանում, էդ մարդը իրականացրեց։

-Պարո՛ն Ակոպյան, ի՞նչ տեղեկություններ ունեք Բրյուսովի ռեկտորի ընտրությունների վերաբերյալ։

-Իրենք իրավունք չունեն ռեկտորի մրցույթ հայտարարել. կարեւոր է՝ էս պահին դատական գործընթաց է գնում, տիկին Հարությունյանն իր չընտրվելը վիճարկել է դատարանում, իրավական առումով իրավունք չունեն ընտրություն հայտարարել։ Բայց քանի որ մեր երկրում հարցերը լուծվում են հակաիրավական միջոցով, չեմ բացառում, որ մի օր սենց անօրինական ձեւով մրցույթ հայտարարեն։ Ասեմ նաեւ, որ վերջերս հաստատվեց հոգաբարձուների խորհրդի կազմը, քանի որ Ժաննա Անդրեասյան անուն-ազգանունով նախարարը չէր բարեհաճում կազմել խորհրդի կազմ, երկու ամիս գրեթե բուհը մնացել է առանց հոգաբարձուների խորհրդի։ Հաստատված կազմը ոտքից գլուխ զավեշտ է։

-Ի՞նչն է զավեշտ, կմանրամասնե՞ք։

-Փոխվարչապետը, որը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ է, խորհրդի անդամ է։ Վարչական պաշտոն զբաղեցնող անձինք կան, Գյուրջինյանի նախկին տեղակալն է ընդգրկված խորհրդի ցանկում, Գյուրջինյանի մոտ ընկեր Լալիկ Խաչատրյանը Մանկավարժական համալսարանից, դեկանի աղջիկ է ընդգրկված կազմում։

-Պարո՛ն Ակոպյան, արդյոք սա արվում է համալսարանների միացումը իրականացնելու համա՞ր։

-Այո, հնարավոր է։ 2027 թվականի Ակադեմիական քաղաքի նախագծով պետք է մնա 4 բուհ՝ չհաշված Մայր բուհը եւ Բժշկական համալսարանը, որոնք մնալու են Երեւանում։ Ըստ այս նախագծի՝ ամեն դեպքում, համալսարանների միացում սպասվում է։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

 

ԳՆԱՃԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է՝ հեղուկ գազը գրեթե կրկնակի թանկացել է` խնդիրներ ստեղծելով այն վարորդների համար, որոնք ցածր գնի պատճառով մեքենան լիցքավորում էին հեղուկ գազով:

 

Բենզինը սկսել է թանկանալ հունիս ամսից։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թ. հուլիսին հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ, իսկ հունիսին այն թանկացել է 10.5%-ով։

Եթե ամիսներ առաջ հեղուկ գազի գինը 160 դրամ էր, այժմ 220 դրամ է։ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը արդեն իսկ վաճառվում է 570 դրամով։ Տնտեսագետ եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Թադեւոս Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց մանրամասներ. «Փաստ է, որ ՀՀ-ն իր պահանջարկը բավարարելու համար ներկրում է ողջ դիզվառելիքը: Առաջին պատճառը ներկրման ոլորտի բարձր մենաշնորհման աստիճանն է, եւ իշխանությունները, ինչքան էլ խոսում են ոլորտում կարգավորումներ բերելուց, միեւնույնն է, փաստը ցույց է տալիս, որ բարձր մենաշնորհման աստիճանը շարունակվում է: Մեր աչքի առջեւ մանրածախ ոլորտում վառելիք վաճառողները սկսել են կենտրոնացնել վաճառքը իրենց լցակետերի շուրջ՝ բենզալցակայանները դարձնելով նաեւ հեղուկ գազ վաճառող կետերի: Երբեմն ներքին պահանջարկը չի համապատասխանում ներկրված քանակին, որն էլ առաջացնում է պակասուրդ, իսկ միջազգային շուկայում կա բենզինի եւ հեղուկ գազի պահանջարկի եւ արժեքի աճ, որն էլ իր հերթին օբյեկտիվ է: Գնաճի միտումը կշարունակվի ապագայում, եթե պետական մարմինը հատուկ կարգավորումներ չանի»:

Նշենք, որ Հայաստան գազ ներմուծվում է Ռուսաստանից, Իրանից եւ Իրաքից։ Ռուսական գազի թանկացման պատճառով Հայաստան գազ ներմուծվում է հիմնականում Իրանից եւ Իրաքից, քանի որ, ամեն դեպքում, ավելի մատչելի է, քան ռուսական գազը։

 

 

 

 

ԿԱՍԿԱԾԵԼԻ ՎԱԶՔԵՐԸ

2021թ. օգոստոսի սկզբից Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի եւ Բերդ  համայնքի Այգեպար գյուղի տարածքներում հաստատվեցին Ռուսաստանի Դաշնության զինծառայողների խմբեր։

Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ռուսական զինուժ մինչ այդ տեղակայված չի եղել, հայ-ադրբեջանական սահմանը մշտապես պաշտպանել ու պաշտպանում  են ՀՀ ՊՆ զորամասերը։ Կառավարության առաջարկով Նոյեմբերյան համայնքի ավագանին Ոսկեպար գյուղի վարչական տարածքից 2 հեկտար հող նվիրաբերեց, այդ հողում՝ Ոսկեպարի սահմանագոտում, մոդուլներից  ռուսական  զինուժի համար հավաքվեց-կառուցվեց զորանոց, միջպետական ավտոճանապարհի եզրին տեղադրվեց հայ-ռուսական խաչքար։  Նման զորանոց կառուցվեց նաեւ Բերդ համայնքի Այգեպար գյուղում՝ խորհրդային տարիներին գործած փոքր օդանավակայանի տարածքում։ Ավելի քան երկու տարի է, ինչ ռուսական զինուժը Տավուշի մարզում է, սակայն ո՛չ իրենք, ո՛չ էլ Հայաստանի  իշխանությունը նրանց գործառույթների մասին ոչինչ չեն ասում։ Ենթադրվում է, որ ռուսական զինուժը պետք է իրականացներ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում եւ սահմանազատում։ Ոսկեպար գյուղի բնակիչները պարբերաբար տեսնում են, որ իրենց գյուղի տարածքում տեղակայված զորանոցից ռուս զինծառայողները վազում են դեպի հայկական տարածքի խորքը՝ դեպի Վերին Ոսկեպար։  Ոսկեպարցիները կասկածում են, որ ռուս զինծառայողների երկար վազքերը ոչ միայն մարտական պատրաստվածության, մարզական կենսակերպի համար են, այլեւ կարող են հետախուզական ու այլ նպատակներ ունենալ։

 

 

 

ՄԹԵՐԵԼ Է, ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ՏՎԵԼ

Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ 2023թ. սեպտեմբերի դրությամբ մարզի  խաղողագործների  եւ  խաղող  մթերող  կազմակերպությունների միջեւ  կնքվել  է ընդհանուր առմամբ   4850 տոննա  խաղողի մթերման  պայմանագիր,  որից «Երեւանի  կոնյակի  գործարան» ՓԲԸ-ի  Բերդի  մասնաճյուղը խաղողագործների հետ կնքել է 3500 տոննայի մթերման պայմանագրեր, «Իջեւանի գինու  եւ  կոնյակի  գործարան»  ԲԲԸ-ն՝ 1350 տոննայի մթերման պայմանագրեր։ Մարզպետարանը  հետո  տեղեկացրել է, որ այս տարի «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղը խաղողագործներից ընդունել է 2498 տոննա խաղող, «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝  323.4 տոննա խաղող,  «Երեւանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ Դեբեդավանի գինու գործարանը՝ 565.4 տոննա, Կողբ գյուղում գործող «Կանաչ գյուղ»  ՍՊԸ-ն՝ 94.3 տոննա խաղող։ Տավուշի մարզում ընդհանուր մթերվել է 3481.1 տոննա խաղող։ Մարզպետարանից հայտնել են նաեւ, որ մթերված խաղողի դիմաց գումարներն ամբողջությամբ վճարել են «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղը, մասամբ՝ «Կանաչ գյուղ» ՍՊԸ-ն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս