ԱԺ ՔՊ-ԱԿԱՆ ՀԱՐՍՏԱՑԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել: Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո ձեռք է բերել 2 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկ անհատական բնակելի տուն եւ հողամաս Դանիելյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում 2015 եւ 2021 թվականներին։ Դանիելյանը 2021 թվականին ձեռք է բերել Kia մակնիշի մեքենա՝ 2012 թվականի արտադրության։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 15 մլն 197 հազար դրամ։ Դանիելյանի եկամուտներից 7 մլն 766 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Դանիելյանը 18 հազար եվրո եկամուտ է ստացել ոմն Արտակ Խաչատրյանից։ Ինչի դիմաց՝ պարզ չէ. թերեւս իրավապահների պարզելիքն է: Նշենք, որ պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 500 հազար դրամ։ Հիշեցնենք, որ ՔՊ-ական Դավիթ Դանիելյանն այն պատգամավորն է, որը, խորհրդարանում գտնվելով, չի մասնակցել Հռոմի ստատուտի վավերացման քվեարկությանը։ Նաեւ նա հայտնի է իր ընկերներին աշխատանքի տեղավորելով, օրինակ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը։ Արմեն Հովհաննիսյանը վրաչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերն է, իսկ Դանիելյանը Արայիկ Հարությունյանի սանիկն է: Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվել պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։ Հովհաննիսյանի նախագահության օրոք ՊՈԱԿ-ը զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համար գնման պայմանագիր է կնքել «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է դրանից 21 օր առաջ՝ մարտի 4-ին։ Պայմանագրի արժեքը կազմել է 900 հազար դրամ։ «Կրատոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը պատգամավոր Դավիթ Դանիելյանի կինն է՝ Անի Անտոնյանը։ Հավելենք նաեւ, որ Անի Անտոնյանը աշխատում է պետական ֆինանսավորում ունեցող միակ լրատվամիջոցում՝ Հանրային հեռուստաընկերությունում որպես մասնագետ՝ ըստ ամուսնու հայտարարագրի։ Նա Հանրային հեռուստաընկերությունից ստացել է 1 մլն 800 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Պատգամավորի կինը հայտարարագրել է 10 հազար դոլար կանխիկ դրամական միջոց, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել  են 1 մլն 500 հազար դրամ։ Ահա այսպես «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի զարգացմամբ է զբաղված հեղափոխական իշխանությունը, իսկ նախկինում բողոքում էին դրա դեմ, քանի որ չէին կարողանում իրենց ծանոթներին աշխատանքի տեղավորել:

 

 

 

 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2024թ. պետբյուջեի նախագծի մասին ելույթում հայտարարել է, թե երկրի բյուջեն թվերից ու տոկոսներից անդին նախեւառաջ մարդու մասին է, թե ինչպես կիրագործվի նրա ծնվելու, առողջ մեծանալու, կրթվելու, արարելու, երջանիկ ապրելու իրավունքը, եւ ինչ արդյունք կստեղծի նա իր կյանքով։ Այնուհետեւ նա ավելացրել է. «Մի բան հստակ է՝ 2018թ. թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ամեն հաջորդ տարվա բյուջեն ցույց է տալիս, որ այս իրավունքների իրացումն է դառնում անկյունաքարային»։ Այնուհետեւ տիկին նախարարը երկար թվերի շարք է ներկայացրել։ Սակայն ուշադրություն դարձրե՛ք Ավանեսյանի ձեւակերպումներին, թե բյուջեն մարդու մասին է, երջանիկ ապրելու իրավունքը ապահովելու մասին, եւ որ, իբր, 2018թ. հեղափոխությունից հետո այդ իրավունքի իրացումն անկյունաքարային է։ Մենք այս հայտարարություններին ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մի կարեւոր հանգամանք. 2018թ. «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն» կարգախոսով իշխանության եկած ուժը կարճ ժամանակ անց երկիրը հասցրեց աղետալի պատերազմի շեմին, ինչի հետեւանքով ունեցանք 4-5 հազար զոհ։ Երջանիկ անհատ խոստացող ուժի քաղաքականության հետեւանքով հազարավոր ընտանիքներ պարզապես դժբախտացան։ Հզոր պետության մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ Անահիտ Ավանեսյանի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանն ինքը, մի առիթով խոստովանել էր, որ երկրի անվտանգության ոլորտում իրենք ձախողել են, անգամ ասել էր, որ Հայաստանն իր անվտանգությունը չի կարող ապահովել, ուր մնաց Արցախի։                                                     Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցները կրկին ահազանգում են. «ՄԼ Մայնինգ» ընկերության շուրջ կրքերը չեն դադարում: Նախ՝ հիշեցնենք, որ այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ: Բանն այն է, որ այս ընկերությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել Հակակոռուպցիոն դատարանի աշխատակիցներին: Մասնավորապես, «ՄԼ Մայնինգ» ընկերության գրասենյակը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հարեւանությամբ, ընկերության մեքենաները, այդ թվում՝ բեռնատարները, երթեւեկելիս քանդում են ճանապարհները, ինչն էլ հետո դժվարացնում է այդ ճանապարհով այլ մեքենաների երթեւեկությունը: «Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված կադրերում եւս երեւում է, որ ճանապարհին քարեր են, այն դժվարանցանելի է, եւ պատճառն էլ հենց այս ընկերության շինարարական գործընթացին մասնակից մեքենաներն են: «ՄԼ մայնինգ» ընկերության շուրջ դժգոհությունները բազմաթիվ են եւ միայն սրանով չեն սահմանափակվում: Մեզ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 3-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, եւ նրանք նախարարության մերժումները վիճարկում են դատարանում: Մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակցություն չի տվել «ՄԼ մայնինգ» ընկերությանը, որ նա Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արեւմտյան» տեղամասում արդյունահանման աշխատանքներ իրականացնի, ինչի համար «ՄԼ մայնինգ»-ը դատի է տվել նախարարությանը՝ պահանջելով դատարանին պարտավորեցնել նախարարությանը ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի «Հարավ-արեւմտյան» տեղամասի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը դրական պետական փորձաքննական եզրակացություն տրամադրել:

 

 

ՔՊ վարչության որոշմամբ՝ նոյեմբերի 13-ին Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից: ՔՊ-ից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ հեռացման պատճառը կարգապահական խախտումն է եղել, մինչդեռ Թաթուլ Ասլիյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե Արցախից բռնի տեղահանվածների մասին գրառում է արել ու հենց այդ պատճառով էլ հեռացվել է կուսակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել օր ու գիշեր Նիկոլ Փաշինյանին գովերգող, ստատուսներ ձոնող սկանդալային Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառների մասին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, պատճառն ամենեւին էլ արցախցիների մասին գրառումը չի եղել. այնպես չէ, որ ՔՊ-ում այդքան զգայուն ու անհանդուրժող են արցախցիների մասին վատ գրառումների նկատմամբ: Մեր տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի հեռացման պատճառներն ավելի խոր արմատներ ունեն: Պարզվում է՝ նա ոչ այնքան կարկառուն ՔՊ-ականների հետ մշտապես խնդիրներ է ունեցել, հաճախ վիճել է նրանց հետ: ՔՊ-ականներն էլ պարբերաբար վարչության անդամների մոտ դժգոհել են Ասիլյանից ու պատմել նրա անվայելուչ պահվածքի մասին: Ի վերջո, Նիկոլ Փաշինայնն էլ վարչության անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել է հեռացնել նրան: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ում մեծ ուրախությամբ են ընդունել Թաթուլ Ասիլյանի հեռացումը ու գոհ են մնացել վարչության որոշումից:




Լրահոս