Օրերս հայտնի դարձավ, որ, ՔՊ վարչության որոշմամբ, Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից:
Ինչպես ՔՊ-ից մեզ փոխանցեցին, պատճառը կարգապահական խախտումն է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ որոշումը վաղուց է կայացված եղել. նա հաճախ է խնդիրներ ունեցել իր թիմակիցների հետ, վիճաբանությունների կենտրոնում հայտնվել:
Մեզ հետ զրույցում Թաթուլ Ասիլյանն էլ պարզաբանեց, որ պատճառը եղել է իր՝ որոշ ժամանակ առաջ արցախցիների վերաբերյալ գրառումը, որը հեռացրել է իր էջից:
Չնայած սրան՝ Թաթուլ Ասիլյանն ասաց, որ ընդունում է իր մեղավորությունը եւ շարունակում է պաշտպանել իր արդեն նախկին թիմին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը հայտարարեց, որ Թաթուլ Ասիլյանի՝ ՔՊ-ից հեռանալու պատճառը միայն ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ գրառումը չի եղել, այլ պատճառներ էլ կան:
-Պարո՛ն Պապոյան, օրերս Թաթուլ Ասիլյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Վարչությունն ասում է, որ կարգապահական խախտումն է եղել պատճառը: Մեզ հետ զրույցում էլ նա պարզաբանեց, որ արցախցիների վերաբերյալ գրառում է ունեցել , որն էլ եղել է հեռացման պատճառը: Այս մասին ի՞նչ կասեք, ո՞րն է եղել պատճառը, որ նա հեռացվել է կուսակցությունից:
-Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի պատճառի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ կուսակցության մամուլի ծառայությունից: Այդուամենայնիվ, կարող եմ ասել, որ պատճառը չի եղել այն, ինչը Ձեր նշած անձն ասել է:
-Այսինքն՝ գրառո՞ւմը չի եղել պատճառը:
-Ես արդեն ասացի, պատասխանեցի: Առհասարակ, կարգապահական հարցերը շատ կարեւոր են եղել, եւ այդպես դետալները չեմ կարող ասել:
-Ասում են, որ նա շատ կոնֆլիկտներ է ունեցել իր թիմակիցների հետ, ինչն էլ ավելի է նպաստել նրան հեռացնելուն:
-Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ, բայց նույն Լեռնային Ղարաբաղի բնակչության վերաբերյալ, կարծում եմ, որ բոլոր քաղաքացիները պետք է հարգանքով եւ ըմբռնումով մոտենան առհասարակ եւ առանձին դեպքերում, որ, այո, կարող են շատ բաներ տեղի ունենալ, եւ պետք է հարգել նրանց կարգավիճակը, հոգական ու հուզական ապրումները: Կարող եմ վստահաբար պնդել, որ միայն այդ պատճառը չի եղել նրան թիմից հեռացնելու համար:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների եւ պարտավորությունների մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա, SOC) եւ Բորիանա Աբերգը (Շվեդիա, EPP/CD) Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ են արել աջակցել Հայաստանին, քանի որ նա բախվում է Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ կապված «հսկայական մարտահրավերների»՝ միաժամանակ առաջ մղելով ժողովրդավարական բարեփոխումները:
ԵԽԽՎ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ավարտելով 2023 թվականի նոյեմբերի 6-ից 8-ը Երեւան կատարած այցը՝ համազեկուցողները մատնանշեցին, որ Լեռնային Ղարաբաղից 106 000 հայերը, որոնք փախել են Ադրբեջանի ռազմական հարձակումից, ինը ամիս մեկուսացումից տուժելուց հետո, որը առաջացրել է պարենամթերքի եւ հիմնական պաշարների խիստ պակաս, նրանք բոլորը պատշաճ կացարան են գտել Հայաստանում եւ շտապ օգնություն են ստացել՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների եւ բնակչության համերաշխության շնորհիվ:
«Վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարելավելու համար՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ, եւ այժմ դատավորների, դատախազների եւ քննիչների բարեվարքության ստուգումներ են իրականացվում: Այնուամենայնիվ, կարգապահական վարույթները դեռեւս դժգոհություն են առաջացնում, եւ քաղաքական դրդապատճառներով որոշումների մասին պնդումները խաթարում են դրա օրինականությունը: Այս մտահոգություններից մի քանիսը վերացնելու համար Վենետիկի հանձնաժողովին է ներկայացվել բարեփոխումների նախագիծ»,- ասել են նրանք:
Համազեկուցողները քննարկել են նաեւ ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառման եւ քաղաքական հակառակորդների դեմ ուղղված անօրինական վարույթների մասին պնդումները եւ կհետեւեն այս հարցերի շուրջ զարգացումներին:
Հայաստանում գտնվելու ընթացքում համազեկուցողները եղել են Նախիջեւանի հետ սահմանին գտնվող Երասխում եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղից Արտաշատ եւ Երեւան վերջերս տեղահանվածների ընտանիքներին։
ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ ՌԵՅԿՅԱՎԻԿՈՒՄ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինի լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցում եմ «Ռեյկյավիկ գլոբալ ֆորում 2023»-ին, որը կազմակերպվել է Իսլանդիայի կառավարության եւ խորհրդարանի կողմից՝ «Կին քաղաքական առաջնորդների» (WPL) հետ համատեղ։
Այստեղ հավաքված են աշխարհի ամենատարբեր պետությունների կին առաջնորդները, որոնք ձգտում են ավելի արդար եւ խաղաղ աշխարհի, որտեղ գենդերային հավասարությունը ներառված է քաղաքական եւ տնտեսական որոշումների կայացման ու առաջնորդության բոլոր ասպեկտներում։
Ֆորումի շրջանակներում այցելեցինք աշխարհի ամենահին խորհրդարանը, հյուրընկալվեցինք նախագահի նստավայրում եւ ձեռք բերեցինք պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար»։
ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Այսօր Ազգային ժողովում կշարունակվի ՀՀ 2024 թվականի բյուջեի քննարկումը: Երեկ այն ընդհատվեց կառավարության հետ հարցուպատասխանով: Այսօր եւս ԱԺ-ում կլինեն Նիկոլ Փաշինյանն ու նախարարները: Եւ հենց բյուջեի քննարկումն է պատճառը, որ այսօրվա կառավարության նիստը հետաձգվել է. սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ այն տեղափոխվել է ուրբաթ: Նախատեսվում է, որ արդեն այսօր բյուջեի քննարկումը կընդհատվի մինչեւ դեկտեմբեր՝ ԱԺ հաջորդ նստաշրջան: Այս ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով, իսկ արդեն դեկտեմբերին բյուջեի նախագիծը կդրվի վերջնական քվեարկությանը: