ՀԱՊԿ-Ը ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԻ՞ ԿԱՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ-ն իր ունեցած դե-յուրե պարտադիր պարտավորությունների պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, եւ դա կրկնվել է մի քանի անգամ։ Ինչպես տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչու է Հայաստանը հրաժարվում մասնակցել ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի ձեւաչափերով տարբեր հանդիպումներին, եւ ինչ է այս ամենը նշանակում. արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող է նախապատրաստվո՞ւմ։

 

Ի պատասխան այս հարցերին՝ վարչապետն ասաց, որ Հայաստանը չի հրաժարվում հանդիպումներից, այլ որոշում է կայացվել կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք որեւէ բանի համար հող եմ նախապատրաստում, ես որեւէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետեւ այդ հողը կա՛մ կա, կա՛մ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց։

Դուք հարց տվեցիք նաեւ, թե ինչ անվտանգության համակարգով ենք աշխատել կամ ապահովել երկրի անվտանգությունը։

ՀԱՊԿ-ում տեղի ունեցող գործընթացների հետ կապված եւ մեր դիրքորոշումների հետ կապված՝ ամենակարեւոր արձանագրումն այն է, որ, ցավոք, ՀԱՊԿ-ը իր ունեցած դե-յուրե պարտադիր պարտավորությունների պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, եւ դա կրկնվել է մի քանի անգամ։ Մենք, ամենայն հարգանքով վերաբերվելով մեր բոլոր գործընկերներին,  ուղղակի արձանագրում ենք, որ նաեւ մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում նույն բաները կրկնում, նույն բաները ասում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում հետ վերադառնում։ Հետո հաջորդ անգամ գնում, նույն կերպ հետ վերադառնում՝ չստանալով ոչ մի արձագանք»,- ասաց Փաշինյանը։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ամենամեծ ֆունդամենտալ խնդիրը համարում է այն, որ դե-յուրե ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։

«Սա կարող է նշանակել, որ մենք, այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով, կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը կասկածի տակ կդնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող այն առումով, որ մենք նաեւ այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ եւ ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք հետագա անելիքների մասին»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի հրաժարվել, որ ՀԱՊԿ-ը առաքելություն ուղարկի, այլ ցանկացել է, որպեսզի ՀԱՊԿ-ը առաքելությունը ուղարկելուց առաջ հստակ արձանագրի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Մեզ ցույց չի տրվել Հայաստանի Հանրապետությունը, մենք ենք ցույց տվել Հայաստանի Հանրապետությունը եւ ասել ենք, որ այս արձանագրումը պետք է արվի, ինչը ՀԱՊԿ-ը չի արել։ Չենք կարող նման առաքելություն ընդունել, որովհետեւ կստացվի, որ Հայաստանի Հանրապետության լղոզված պատկերացումը լեգիտիմացնում ենք եւ այդ պայմաններում նաեւ Ադրբեջանի ներխուժումներն ենք լեգիտիմացնում»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝  Հայաստանն իր անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնում է, որովհետեւ անվտանգային ոլորտում իր գործընկերները, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով, զենք-զինամթերք չեն վաճառում։

 

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի իշխանությունները 2024թ. կապիտալ ծախսերի 41 տոկոսը կուղղեն պաշտպանության ոլորտի աջակցմանը։ Այս մասին նշվել է հանրապետության 2024թ. պետբյուջեի նախագծում, որը խորհրդարանական հերթական քառօրյայի ընթացքում ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը։

2024թ. կապիտալ ծախսերը կավելանան եւ կկազմեն 710 մլրդ դրամ։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 555 մլրդ դրամ. դա 7 տոկոսով ավելին է, քան 2023թ.։ Պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ 5,3 տոկոսը։

 

 

 

 

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին այսօր ուղիղ եթերում անդրադարձել է Վրաստանի տարածքով Հայաստան ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումներին:

Նա նշել է, որ ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանության ուժեր ունենալ եւ ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել դրանք։

«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին պետք է հնարավորություն տրվի օգտագործել տարանցման այն ֆունկցիան, որն ունի մեր երկիրը»,- ասել է նա։

ԱԳ նախարարը կրկնել է Թբիլիսիի դիրքորոշումը «3+3» ձեւաչափի վերաբերյալ եւ հայտարարել է, որ Վրաստանը դրան չի մասնակցում եւ չի մասնակցի ապագայում։

 

 

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ լսումներ են անցկացվել «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։

ԱՄՆ Կոնգրեսի կայքը հաղորդում է, որ լսումների բանախոսները եղել են ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի եւ Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

 

 

 

 

ՄԵԴԱԼ Է ՍՏԱՑԵԼ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, պարգեւատրվել է «Իսլամի կրոնին ծառայության համար» 1-ին աստիճանի շքանշանով. գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Շքանշանը շնորհվել է իսլամի ամրապնդման եւ  նրա արժեքների պաշտպանության գործում անձնական նշանակալի ավանդի համար»,- հայտնել է Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի եւ տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաեւը։

Նշենք, որ, հոկտեմբերից սկսած, 15-ամյա Ադամ Կադիրովն արդեն վեց մեդալ է ստացել։

 

 

 

ՄԻՐԶՈՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի եւ ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Կարեւորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ այս այցն արտացոլում է վերջին շրջանում հայ-բրիտանական քաղաքական երկխոսության դրական դինամիկան: Ընդգծվել է, որ այցի շրջանակներում ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը, ինչպես նաեւ Լոնդոնի սրտում նոր եւ առավել ներկայանալի ՀՀ դեսպանության շենքի բացումը վկայում են երկկողմ հավակնոտ օրակարգն ընդլայնելու եւ առկա ներուժն առավելագույնս իրացնելու երկկողմ պատրաստակամության մասին:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության հիմնական ուղղություններով եւ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարների շուրջ՝ ի շահ թե՛ երկկողմ օրակարգի հարստացման, թե՛ տարածաշրջանում տեւական կայունության հաստատման։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, ինչպես նաեւ քննարկել տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարեւորությունը՝ որպես խաղաղության հաստատման եւ կայուն տնտեսական զարգացման երաշխիք։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաեւ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության խնդիրներին՝ կարեւորվել է վերջիններիս կարիքների եւ իրավունքների հասցեագրման ուղղությամբ քայլերի իրականացումը, այդ թվում նաեւ՝ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Արարատ Միրզոյանը կմասնակցի Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին:

Այցի ընթացքում նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ:

 




Լրահոս