Մասիսում մկրտված ավելի քան 140 արցախցիներից ամենափոքրը Ելենան էր։ Ուղիղ 2 տարի անց նա մկրտվում է ծնողների մկրտության օրը: «2021 թվականի նոյեմբերի 14-ին ես եւ ամուսինս մկրտվեցինք Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում։ Ցանկություն ունեի նույն օրը նույն եկեղեցում իմ փոքրիկին կնքել, բայց Աստված իր կամքը թելադրեց, եւ դուստրս մկրտվեց Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում»,- ասում է Լիլիաննան։
«Բլոկադան ինձ համար թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես շատ ծանր էր: Իմ կյանքի ամենասիրուն ու ամենասպասված փուլում գտնվում էի բլոկադայում: Սկսվեցին իմ կյանքի դժվարությունները. խանութները փակ էին, հնարավոր չէր գտնել ո՛չ անհրաժեշտ սնունդ, ո՛չ հիգիենայի պարագաներ: Գազամատակարարում չկար, պարբերաբար հովհարային անջատումներն էին իրենց մասին հիշեցնել տալիս, իսկ դրսում անընդհատ հերթեր էին՝ անսկիզբ ու անվերջ: Ամեն մեկը կանգնած սպասում էր, թե երբ կթխվի իր բաժին հացը: Այդ օրերին չկար անգամ վառելիք ծննդատուն գնալու եւ ստուգվելու համար, իսկ մեր տունը բավականին հեռու էր ծննդատնից: Ստիպված ոտքով էի կիլոմետրներ քայլում, հասնում հիվանդանոց»,- ասում է Լիլիաննան՝ հիշելով բլոկադայի ծանր օրերը:
Լիլիաննայի խոսքով՝ այդ նեղ օրերին բոլորը մի ընտանիք էին, իրար հետ կիսում էին իրենց ունեցածը: Նա հիշում է, որ վերջին օրերին անգամ ալյուր չկար, բայց, միեւնույնն է, հնարամիտ արցախցին մի հնար գտավ:
Գյուղերից ցորեն էին հավաքում, ալրաղացում ալյուր ստանում եւ սեւ հաց թխում: «Ծանր էին օրերը, բայց գոնե գիտեինք, որ մեր տանն էինք, մեր պապենական Արցախում»,- ասում է Լիլիաննան:
«Մեկը՝ որդու, մեկը՝ ամուսնու, մեկը հոր սպասումով ապաստանել էինք նկուղում, շուրջ բոլորը լացի ձայներ էին: Չէի կարողանում կապնվել ո՛չ եղբայրներիս, ո՛չ էլ մայրիկիս հետ: Նրանք գյուղում էին, եւ կապ չլինելու պատճառով ոչ մի լուր չունեի նրանցից: Անհանգիստ էի: Գիշերը երկար էր ձգվում, արկերի պայթունները չէին դադարում, իսկ ամենացավալի կողքիս նստած երեխայի հուզումնախառը հարցումներն էին՝ մա՛մ, պապան կգա՞… Առաջին օրը չգիտեմ՝ ինչպես, բայց լուսացրեցինք նկուղում»: Սեպտեմբերի 20-ին ծնվեց նրա առաջնեկը՝ իր հետ բերելով նոր հույս ու հավատ: Արցախում Լիլիաննան թոել է ամենահարազատը՝ հոր գերեզմանը, հայրական տունը, իր եւ ամուսնու ստեղծած տունը: Ինձ հետ Արցախից կարողացել եմ բերել մի բուռ հող ու տանս բանալին, իսկ մնացածը թողել եմ՝ հույս ունենալով, որ մի օր տուն եմ դառնալու: «Սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանվելով Արցախից՝ մենք մեզ թողեցինք մեր Արցախում: Իմ հայրենիքը հավերժ կմնա իմ սրտում»,- ասում է Լիլիաննան:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
2023 թվականի սեպտեմբերի մեկից մեկնարկել է ուսումնական տարին, եւ հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Հայաստանի Հանրապետության 22 միջնակարգ դպրոցներում (2-ական դպրոց Երեւանում եւ յուրաքանչյուր մարզում):
Խախտումներ արձանագրվել են միայն 4 մարզի 5 դպրոցում: Այսպես, Արմավիրի մարզի «Արմավիրի 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի կառույցը ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր:
Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է ժամկետանց հավի ձու եւ մածուն:
Շիրակի մարզի «Հոռոմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է անհայտ ծագման հավի կրծքամիս՝ առանց մակնշման, առանց հայերեն մակնշման ճՌրՑՏպ ջՏսՏՑՏ արեւածաղկի ձեթ, ինչպես նաեւ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված պանրային մթերք «Չանախ»:
Շիրակի մարզի «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում խոհանոցի պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, պատերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես՝ բացառելով պատշաճ մաքրելու ու ախտահանելու հնարավորությունը, առաստաղը պատված է եղել բորբոսներով: Հայտնաբերվել է նաեւ առանց հայերեն մակնշման հնդկաձավար, ոսպ եւ լոբի։
Տավուշի մարզի «Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում դպրոցի ճաշարանի 4 աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական բժշկական զննության։
Տրվել են խախտումները վերացնելու կագադրագրեր, իսկ ժամկետանց եւ անհայտ ծագմամբ սննդամթերքը տեղում ոչնչացվել է:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
ՄԵՊ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 517 հարկ վճարողի մոտ:
Հսկողական միջոցառումների արդյունքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 146.98 մլն դրամի չափով տուգանք:
ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու առթիվ հարուցված քրեական գործով այդ գյուղի բնակիչ 58-ամյա եւ 57-ամյա տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ 58-ամյա տղամարդը բնակվում է գյուղի նախկին բաղնիքի շենքում, իսկ 57-ամյա այրը գյուղի դպրոցում տեխնիկական աշխատող է։ Վ.Կարմիրաղբյուրից տեղեկացանք, որ հարուցված քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ։ Տուժած 14-ամյա աղջիկը կատարվածից հետո դպրոցը թողել է, իր ընտանիքի անդամների կողմից ճնշման ենթարկվելուց հետո նա տեղափոխվել, ներկայումս բնակվում է Բերդ քաղաքում բնակվող իր հարազատների հետ։
Այս գործով կարող են բացահայտվել կատարված հանցագործությունների վերաբերյալ այլ, սահմռկեցուցիչ փաստեր։ Նոյեմբերի 14-ին Բերդի համայնքապետարանում խորհրդակցություն է կայացել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անչափահասների խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, համայնքապետարանի, Տավուշի մարզպետարանի, ոստիկանության աշխատակիցներ։
8 ՄԻԼԻՈՆՈՎ՝ 7 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Դիլիջանի համայնքապետարանն իր կարիքների համար ձեռք է բերել «Տոյոտա Քեմրի 2.5» մակնիշի թեթեւ մարդատար ծառայողական ավտոմեքենա։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը համայնքի ավագանուն առաջարկություն է ներկայացրել նշված ծառայողական ավտոմեքենան Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում սահմանված կարգով ընդգրկելու մասին։
Նոյեմբերի 2-ին Դիլիջան համայնքի ավագանին որոշել է
- սահմանված կարգով «Տոյոտա Քեմրի 2.5» մակնիշի (2016թ.արտադրության) ծառայողական ավտոմեքենան՝ 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։
- Համայնքի ղեկավարին՝ սահմանված ժամկետներում «Տոյոտա Քեմրի 2.5» մակնիշի ծառայողական ավտոմեքենան ներկայացնել ՀՀ ՃՈ ՀՔԲ հաշվառման համար։
Համայնքապետարանը 8 միլիոն դրամով, որը համարժեք է մոտավորապես 20 հազար դոլարին, ձեռք է բերել 2016 թվականի արտադրության «Տոյոտա Քեմրի 2.5» մակնիշի ավտամեքենա, երբ համացանցում առկա հայտարարություններով 2016 թվականի արտադրության նույն մակնիշի ավտոմեքենան վաճառվում է 15-16 հազար դոլարին համարժեք դրամով։
Դիլիջան համայնքի բյուջեն բավարար է ծառայողական նոր ավտոմեքենա գնելու համար, ինչո՞ւ նորը չեն գնել, 7 տարեկան ավտոմեքենան ումի՞ց են գնել, գուցե իրենց ծանոթ-բարեկամի՞ց։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ