«ՊԱԴԱՎԱՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՔՆՆԱԴԱՏՈՂԸ ՀԻՄԱ ԻՆՔՆ Է ՄՍԽՈՒՄ ՓՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը սկսել է մի շարք, որում պարբերաբար անդրադառնում է պետական պաշտոնյաներին, երկրի առաջին դեմքերին սպասարկող մեքենաների ծախսած բենզինի եւ դրա հավելյալ պահանջված քանակին ու հիմնավորմանը: Արդեն անդրադարձել ենք ԱԺ հանձնաժողովների նախագահներին եւ ԱԺ փոխնախագահներին սպասարկող մեքենաներին եւ դրանց հավելյալ տրամադրվող բենզինի քանակությանը: «Ժողովուրդ» օրաթերթը այս անգամ հարցում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ՝ պարզելու, թե վերջին մեկ տարում որքան բենզին է ծախսել ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենան: Հարցրել էինք՝ քանի մեքենա է սպասարկում Փաշինյանին, եւ, ըստ մեքենաների, խնդրել էինք տրամադրել տեղեկատվություն, թե որքան դիզվառելիք է ծախսվել նրան սպասարկող բոլոր ավտոմեքենաների կողմից: Նաեւ խնդրել էինք հավելել՝ որքան բենզին է հավելյալ տրամադրվել վերը նշված բոլոր սպասարկող մեքենաներին եւ ինչ անհրաժեշտությամբ: Բավականին օպերատիվ կերպով վարչապետի աշխատակազմից մեր հարցումը վերահասցեագրեցին Պետական պահպանության ծառայություն: Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթին ՊՊԾ պետի պարտականությունները կատարող Արթուր Գասպարյանի ստորագրությամբ ուղարկվեց փաստաթուղթ, որում, մասնավորապես, ասվում է. ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետական պահպանությունն իրականացվում է գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների եւ միջոցների կիրառման համակցության սկզբունքներով, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունում պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է՝ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Հայցվող տեղեկությունը, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ եւ 12-րդ հոդվածների համաձայն, ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների հաստատված ցանկում, որի համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման կազմակերպման ձեւերի եւ մեթոդների, ինչպես նաեւ նրանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների նպատակով միջոցառումների սպասարկման համար օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում պետության կողմից անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման գործընթացի վերաբերյալ տեղեկությունները հույժ գաղտնի են, ուստի եւ, նույն օրենքի համաձայն, դասվում են պետական գաղտնիքի շարքին: Ելնելով վերոգրյալից՝ ներկայացված հարցերի շուրջ տեղեկություն տրամադրելը հնարավոր չէ»:

Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 

 

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ապօրինաբար լիազորություններից զրկելուց հետո հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, որը կրթաթոշակ է ստանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է 8 մլն 785 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 576 հազար դրամը կրթաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։  8 մլն 209 հազար դրամ Բաքոյանը աշխատանքի վարձատրություն է ստանում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Բաքոյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, որը գտնվում է Արարատի մարզի Վեդի համայնքում. այն ձեռք է բերվել 2019 թվականին։ Բնակելի տան ձեռք բերման եղանակը Բաքոյանը չի նշել։ Բաքոյանն այլ անշարժ գույք չի հայտարարագրել եւ չի հայտարարագրել նաեւ տրանսպորտային միջոց։ Բաքոյանը, սակայն, հայտարարագրում նշել է, որ 90 օրից ավելի շահագործում է մեքենա, որը փաստացի իրեն չի պատկանում, այսինքն՝ մեքենա է վարում, որն իր անունով չէ: Նա նաեւ Ռուսաստանում մի բնակարանի հետ է առնչվում, որի մասին մամուլը գրել էր, բայց էլի ոչինչ չկա իր անունով պաշտոնապես: Բաքոյանի բանկային դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 185 հազար դրամ, սակայն տարեվերջին դրանք զրոյացել են։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 18 հազար ԱՄՆ դոլար եւ 23 մլն դրամ։ Բաքոյանի հայրը՝ Քուպար Բաքոյանը, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում։ Հոր կանխիկ դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 442 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Մայրը՝ Զուրբա Բաքոյանը, հայտարարագրել է նույն բնակարանը, ինչ որ որդին։ Մոր տարեկան եկամուտները կազմել են 451 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Հիշեցնենք նաեւ, որ Բաքոյանը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ. պարբերաբար կռիվների ու կրիմինալ պատմությունների կիզակետում է հայտնվում: Անգամ նրա քաղաքացիական կինը հրապարակավ հայտարարեց, որ պատգամավոր Բաքոյանը իրեն պարբերաբար ծեծել է եւ գումար պահանջել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ քրեական գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով: Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Հիմա էլ քննիչները լսում են Վիտալի Բալասանյանին:

 

 

 

Նախորդող երկու օրերը ՔՊ-ականների համար «տանջալից եւ ծանր» են եղել: Ինչպես հայտնի է, նախորդ երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում են եղել՝ պետբյուջեի քննարկմանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ եթե սովորական նիստերի օրերին ՔՊ-ականները մի կերպ են ներկայանում նիստերին, մի մասը գործուղումների է լինում, մի մասն էլ անձնական պատճառներով կա՛մ չի գալիս նիստերին, կա՛մ էլ գալիս ներկայանում ու դուրս է գալիս, ապա Փաշինյանի՝ ԱԺ գնալը փոխել է ՔՊ-ականների առօրյան: Այս երկու օրերին ՔՊ-ականները մեկ մարդու պես ներկայացել են նիստերին ու անգամ նիստերի դահլիճից հազվադեպ են դուրս եկել: Իշխանական պատգամավորներին խմբակցության ղեկավարությունը հրահանգել է այդ օրերին մի կողմ թողնել բոլոր հարցերն ու առանց բացառության գալ, մասնակցել նիստերին: Չնայած Արցախի կորստին ու անվտանգային խնդիրներին՝ ՔՊ-ականները Փաշինյանին հաճոյանալու համար այնպիսի բոցաշունչ ելույթներ էին ԱԺ ամբիոնից ունենում խաղաղության մասին, որ մի պահ տպավորություն էր ստեղծվում, թե մենք Շվեյցարիայում ենք ապրում: Այսպիսով, ՔՊ-ականների մոտ «գեբելսյան» կարգերն են գործում, ամեն բան ի չիք է դառնում, կարեւորը ՔՊ-ն է ու Նիկոլ Փաշինյանը:

 

 




Լրահոս