ԱՐՑԱԽԸ՝ ԽՆԴԻ՞Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մի թեզ են առաջ տանում, թե Հայաստանում Արցախի պետական կառույցների եւ ինստիտուտների պահպանումը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար: Այս հարցի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է  ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:

 

-Մի շարք պատգամավորներ, ԱԺ նախագահը եւ այլք մի այսպիսի թեզ են առաջ քաշում՝ Հայաստանում Արցախի պետական կառույցների եւ ինստիտուտների պահպանումը վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Ի՞նչ վտանգի մասին են խոսում նրանք, հայտնի՞ է Ձեզ:

-Ինձ համար այդ ամենը փոքր-ինչ զավեշտալի է, որովհետեւ դրանք այն մարդիկ են, որոնք պատրաստ են փոխել Հայաստանի Հանրապետության զինանշանը, պատրաստ են հրաժարվել Հայաստանի Հանրապետության հռչակագրից, որոնք պատրաստ են զիջել Հայաստանի համար կենսական տարածքներ: Այսինքն՝ եթե մարդիկ նման զիջումների են պատրաստ՝ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշերի, տարածքների եւ ինքնիշխանության հաշվին, ապա Դուք այդ մարդկանցից ուրիշ ի՞նչ էիք սպասում, չեմ հասկանում: Այսինքն՝ իրենց քաղաքականությունը հետեւյալն է՝ զիջենք այնքան, ինչքան պետք է, միայն չլինի պատերազմ: Ու այդ զիջումների պարագայում իրենք միշտ բերում են պատերազմի Հայաստանի եւ Արցախի համար:

Վերջին երեք տարիների քաղաքականությունը, պատերազմներն ու տարածքային կորուստները դրա արդյունքն են: Մարդիկ որեւէ դիմադրություն, որեւէ քայլ պատրաստ չեն անել: Դրանք այն մարդիկ են, որոնք Բաքվից թույլտվություն են խնդրում՝ Երասխում գործարան կառուցե՞ն, թե՞ ոչ: Եվ եթե այդտեղ կրակում են, ապա պետք չէ  կառուցել գործարան:

-Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ հերթական անգամ վախենում ենք Ադրբեջանի արձագանքից, որ սա կարող է զայրացնել հարեւան պետությանը:

-Իհարկե: Իրենք նույնիսկ վախենում են մի երկու բառ խոսել, որ Ադրբեջանը մեր երկիրը Արեւմտյան Ադրբեջան է կոչում, իրենք ամեն հնարավոր բանից վախենում են: Էլի եմ ասում՝ այդ մարդիկ նույնիսկ պատրաստ են անկախության հռչակագրից հրաժարվել: Եվ իրենց կարճ խելքով կարծում են, որ դրանով կկանխեն պատերազմը: Բոլոր այս «կանխարգելիչ» քայլերը միայն պատերազմներ են բերել, ուրիշ ոչինչ:

-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ է՝ Արցախի՝ այստեղ տեղափոխված կառավարությունը ինչու է այսպիսի պասիվ կեցվածք ընդունել: Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը հայտնի է, իսկ Արցախի՞նը:

-Ես այդ հարցով չեմ կարող մեկնաբանություն տալ, ազնվորեն եմ ասում: Ես տեղյակ չեմ, չգիտեմ նրանց որոշումները: Չգիտեմ՝ ինչ հոգեվիճակում են վերադարձել եւ ինչպիսի դիրքորոշումներ ունեն, եւ, ըստ այդմ, մեկնաբանել դա չեմ կարող:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովից Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) եւ Բորիանա Աբերգը (Շվեդիա) Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին կոչ են արել աջակցել Հայաստանին: Այդ մասին նշված է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում:

«Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի ռազմական հարձակման հետեւանքով փախած 106 000 հայերը ինը ամսվա մեկուսացումից հետո Հայաստանում արժանապատիվ կացարան են գտել, եւ նրանց արտակարգ օգնություն է ցուցաբերվել Հայաստանի իշխանությունների քայլերի եւ բնակչության համերաշխության շնորհիվ»,- հայտարարել են համազեկուցողները:

Նրանք նշել են, որ, չնայած չափազանց բարդ հանգամանքներին, ականատես են եղել ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի շարունակական հանձնառությանը։ Նրանց խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել՝ ուղղված դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, եւ այն մի քանի կարեւոր քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։  Կոռուպցիան, այնուամենայնիվ, մնում է բնակչության դժգոհության հիմնական պատճառը, եւ մշտական ջանքեր են պահանջվում»,- եզրակացրել են Կիլյունենն ու Աբերգը։

Հայաստանում գտնվելու ընթացքում համազեկուցողներն այցելել են Նախիջեւանի հետ սահմանին գտնվող Երասխ եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղից վերջերս տեղահանված անձանց ընտանիքների հետ, որոնք տեղափոխվել են Արտաշատ եւ Երեւան:

 

 

 

ԲԱՔՈՒՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրաժարվում են Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախ արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ-Բրայենի հայտարարություններին՝ դրանք անվանելով «կողմնակալ, անարդյունավետ, անհիմն եւ անընդունելի»:

Ադրբեջանում դժգոհության ալիք է բարձրացրել Օ-Բրայենի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն չեղարկել է բարձրաստիճան այցերն Ադրբեջան, իսկ այդ երկրի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները չեն կարող նորմալ լինել, քանի դեռ ԱՄՆ-ն առաջընթաց չի տեսել խաղաղության բանակցություններում։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ հարաբերությունները չեն կարող միակողմանի լինել, ուստի նույն մոտեցումը կկիրառի Ադրբեջանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նպատակահարմար չեն համարում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջան բարձր մակարդակի այցերի հնարավորությունը։

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն կորցնի իր միջնորդական դերը։

 

 

 

ՆԵՐԴՆՈՒՄ ԵՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններում այսուհետ կտեղադրվեն ՊՈՍ (POS) տերմինալներ: Ընդ որում՝ խոսքը «Էվոկաբանկ»-ի տերմինալների մասին է: Տեղեկացանք, որ այս տերմինալների անհրաժեշտությունն առաջացել է՝ անկանխիկ գործառույթների անցմամբ պայմանավորված: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջեւ այս տարի կնքվել է «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով: Մենք տեղեկացանք, որ այժմ գույքագրում է իրականացվում՝ հասկանալու համար, թե պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար որքան տերմինալներ են անհրաժեշտ: Հետաքրքիր է, որ բանկի հետ պայմանագիր կառավարությունը ստորագրել է այս տարվա փետրվարին, սակայն նախագծի հիմնավորման կամ նկարագրության մեջ այդպես էլ չի մատնանշվում, թե ինչու է ընտրվել հենց այդ բանկը։

 

 

 

ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ՝ ԸՆԴԴԵՄ ՌԴ-Ի

Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների տասներկուերորդ փաթեթը: Այն ներառում է պատժամիջոցներ նաեւ Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որդու եւ Վլադիմիր Պուտինի ազգականի նկատմամբ։ Այս մասին հայտնել է The Guardian-ը։

Պուտինի զարմուհի Աննա Ցիվիլեւան ղեկավարում է «Հայրենիքի պաշտպաններ» հիմնադրամը, որն աջակցում է Ուկրաինայում կռվող ռուս զինվորներին: Ընդլայնված ցուցակում ընդգրկվել է նաեւ Իլյա Մեդվեդեւը, ում անունն ու ծննդյան ամսաթիվը համընկնում են նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միակ որդու անվան եւ ծննդյան տարեթվի հետ։

Նա մեղադրվում է Ուկրաինայում ապատեղեկատվության եւ քարոզչական արշավ կազմակերպելու համար։ Պաշտոնյաների հարազատների, այդ թվում՝ Պուտինի ընտանիքի ընդգրկումը Կրեմլում զայրույթ կառաջացնի. գրում է թերթը։ Հավելենք, որ Եվրոպական միության բարձրաստիճան դիվանագետ Ժոզեպ Բորելը Եվրահանձնաժողովի հետ նոյեմբերի 15-ի նիստում անդամ երկրներին ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներկուերորդ փաթեթի առաջարկը։

 




Լրահոս