Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպել է ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով hանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առկա երկխոսության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ նոյեմբերի 15-ին Հայաստան-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացումը Բրյուսելում:
ՀՀ-ԵՄ միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ընդգծվել է ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ համար 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների արդյունավետ իրականացումը: Տարածաշրջանային ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից Արարատ Միրզոյանն ընդգծել է «Սեւծովյան էլեկտրական մալուխ» նախագծին ՀՀ միանալու նշանակությունը՝ ՀՀ վարչապետի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի համատեղ հայտարարությանը համահունչ:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ոչ միայն կարող է տնտեսական առավելություններ տալ տարածաշրջանի երկրներին, այլեւ դառնալ խաղաղության կարեւոր երաշխիք: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերին:
ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵՄ հանձնակատարը քննարկել են նաեւ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտման հետեւանքով բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ փախստականների կարիքների եւ իրավունքների հասցեագրման հարցերին, այդ թվում նաեւ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող քայլերին:
Միրզոյանը հանդիպում է ունեցել նաեւ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ արտաքին առեւտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ:
Բելգիայի ԱԳ նախարարի՝ Երեւան այցի շրջանակներում կայացած քննարկումներին Արարատ Միրզոյանը եւ Հաջա Լահբիբը հանգամանալից անդրադարձել են թե՛ երկկողմ հարաբերությունների եւ ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցերին, ընթացիկ ծրագրերին, թե՛ տարածաշրջանային օրակարգին։
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, Երեւանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ եւ մտքեր փոխանակել առեւտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, մարդկանց միջեւ շփումների եւ այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի շուրջ:
Երկուստեք կարեւորվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դրական գնահատելով առկա արդյունքներն ու նախանշվող ծրագրերը:
Հայաստանի եւ Բելգիայի ԱԳ նախարարները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող վերջին զարգացումները:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ
Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւն առաջարկել է «Զանգեզուրի միջանցքը» ներառել Ադրբեջանի զարգացման ծրագրում։
«Զանգեզուրի միջանցքի ներառումը Ադրբեջանի ազատագրված տարածքների «ճանապարհային քարտեզում» կարող է խթան հանդիսանալ Միջին միջանցքի զարգացման համար»,- ասել է Նաբիեւը «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցք. զարգացման ազդակներ Զանգիլանից» թեմայով միջազգային համաժողովում. տեղեկացրել է APA-ն։
Նա ասել է. «Զանգեզուրի միջանցքը մեծ պոտենցիալ ունի որպես Միջին միջանցքի մաս Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ փոխադրումներում… Խորհրդային Միության ժամանակներում Զանգեզուրի միջանցքով տեղափոխվում էր 7-12 մլն տոննա բեռ։ Բայց, ցավոք, Հայաստանը, հակառակ եռակողմ հռչակագրի, վերջին երեք տարիներին միջանցքը չի բացել, բայց միշտ կան այլընտրանքներ եւ այլ ընտրություն»։
ՀԱՊԿ-ԻՆ ՉԻ ԴԻՄԵԼ
«Հայաստանի ղեկավարության կողմից այդ թվում կազմակերպությանը, պաշտոնական հայտարարություններ չեն եղել, չեն եղել հայտարարություններ, որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Այդ կապակցությամբ փաստաթղթեր չեն եղել, ես անձամբ չեմ տեսել»,- ասել է Սիդորովը երեկ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ կազմակերպության ներսում որեւէ խոսակցություն չկա այն մասին, որ ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ կամ ծրագրում է հեռանալ Հայաստանից: Սիդորովի պնդմամբ՝ որեւէ մեկի մտքով նման բան չի անցնում։
ՎԱՅՐ Է ԴՆՈՒՄ ՄԱՆԴԱՏԸ
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը վայր է դնում ավագանու անդամի մանդատը.
«Ես հրաժարվում եմ մանդատից, մեր խմբակցությունը կղեկավարի Մանուկ Սուքիասյանը, մեր մյուս անդամներն իրենց ակտիվությամբ կարդարացնեն երեւանցիների տված քվեն, ակնկալում ենք, որ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք մեզ ձայն են տվել, ավագանիում՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, կտեսնեն իրենց պաշտպանների»,-հայտարարեց Թեւանյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 24-ին էր գրել, որ Անդրանիկ Թեւանյանն առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:
ՀԱՊԿ-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
«Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու որոշում չունի»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում մենք չենք կայացրել։ Այլ հարց է, թե ՀԱՊԿ-ը իրեն ինչպես է դիրքավորում։ Արդյոք դա մի կառո՞ւյց է, որը ստեղծվել է ինչ-որ գործողություն անելու համար այն դեպքում, երբ այդ կառույցի անդամներից մեկին որեւէ վտանգ է սպառնում, թե՞ ոչ։ Այս հարցն ուղղված է ՀԱՊԿ անդամ այլ երկրներին, որովհետեւ, օրինակ, երբ Հայաստանն էր ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ՀԱՊԿ-ը գործողություն իրականացրեց կառույցի անդամ երկրների մեկում։ Իսկ երբ Հայաստանի դեմ գործողություն իրականացվեց, եւ դա ընթացքի մեջ է, ՀԱՊԿ-ն սկսեց պատմել այն մասին, որ ինքը պատրաստ է դիտորդներ ուղարկել, պատրաստ է զորավարժություններ անել՝ չհստակեցնելով, թե որտեղ են այդ զորավարժությունները իրականացվելու»,- ասաց ԱԺ նախագահը։
Նա անդրադարձավ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներից հնչող հայտարարություններին, թե իրենք պատրաստ էին դիտորդական առաքելություն ուղարկել, սակայն Հայաստանը չի ցանկացել։
«Երբ որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ասում են՝ «մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք», ես ուզում եմ հարցնել՝ իսկ որտե՞ղ էին իրենք պատրաստ, իրենք որտե՞ղ էին կանգնելու, որտե՞ղ էին այդ գործողություններն անելու, եթե միաժամանակ ասում էին, թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը չի խախտվել։ Ո՞նց չի խախտվել։ Ջերմուկում, մնացած հատվածներում սահմանը չի՞ խախտվել։ Այսինքն՝ եթե այդ սահմանն ամորֆ ինչ-որ բան է, ապա որտե՞ղ էր գալու այդ դիտորդական առաքելությունը եւ ի՞նչն էր դիտարկելու։ Այնպես որ, այդ աճպարարությունը, որ արվում է, մեզ համար ուղղակի անընդունելի է»,- ասաց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այն հայտարարությունը, թե ճիշտ կլինի, որ Հայաստանի պաշտոնյաները մասնակցեն ՀԱՊԿ-ի նիստերին եւ այդ հարցերի մասին ուղիղ խոսեն։ «Նախ՝ գնացել ենք, ասել ենք, նամակով դիմել ենք թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ մեր դաշնակցին՝ կոնկրետ կետերը նշելով։ Բայց մենք տեսնում ենք, որ որեւէ գործողություն տեղի չի ունենում, եւ նույնիսկ հնչում են արտահայտություններ, թե ո՞նց եք պատկերացնում, որ ռուս, ղազախ, բելառուս զինվորները գային, կռիվ տային»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի կողմից նույնիսկ քաղաքական գնահատական չի հնչել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային։