Ի՞ՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս իրավապահ մարմինները բերման էին ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:

 

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որը զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կատվալյանը նշել էր, որ կապ չունի այդ ամենի հետ, իրեն չեն կանչել հարցաքննության, եւ չնայած որ Բարխուդարյանն իր ընկերն է, եւ ինքը խորհուրդներով նրան պարբերաբար օգնել է, դա ոչինչ չի ենթադրում:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները ճիշտ հակառակի մասին են: Մասնավորապես՝ մի շարք աշխատակիցներ հայտնեցին, որ Սաշա Կատվալյանը ոչ ուղղակի եւ երբեմն էլ ուղղակի կերպով դրդել է աշխատանքից ազատման դիմումներ գրել իր մտերիմ-հարազատներին այդ պաշտոններին ու հաստիքներին տեղավորելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց, թե Սաշա Կատվալյանը ինչ ունեցվածք է կուտակել իր պաշտոնավարման տարիներին:

Եվ այսպես, Սաշա Լյովայի Կատվալյանն այս հայտարարագիրը ներկայացրել է որպես Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։

Կատվալյանն ունի 2 անչափահաս երեխա՝ Լեւոն եւ Արեգ Կատվալյանները։ Կատվալյանի կինը՝ Շուշանիկ Ղեւոնդյանը, աշխատում է Երեւանի քաղաքապետարանում որպես Հանրակրթության վարչության առաջին կարգի մասնագետ։ Կատվալյանի հետ համատեղ բնակվում է նաեւ Անահիտ Սարգսյանը։

Կատվալյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք, որից 1-ը հողամաս է, մյուսը, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված շինություն, որը դեռ չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշված 2 գույքը նվիրատվություն է, որոնք գտնվում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Երրորդը բնակարան է բազմաբնակարան շենքում՝ Երեւանի Դավիթաշեն համայնքում, եւ ձեռք է բերվել 2022 թվականին։

Կատվալյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, ֆինանսական միջոցներից կա միայն 3 մլն դրամ կանխիկ դրամական միջոց։ Նա նաեւ չի հայտարարագրել տարեկան եկամուտներ։

Չհայտարարագրված մեքենաների պատկերին զուգադրվում է պարոն Կատվալյանի վարած 30000 դոլար արժողությամբ Toyota Camry մեքենան: Հիշեցնենք, որ Սաշա Կատվալյանը որեւէ բիզնես չունի, ապրում է պետական աշխատավարձի հույսին:

Նրա ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 33 մլն 450 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Երբ Սաշա Կատվալյանը Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար էր, 2021  թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է 2018 թվականին նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, որը, սակայն, հաջորդ տարիների հայտարարագրերում չենք տեսնում։ Տեղեկություն չկա նաեւ դրա վաճառքի մասին։

Հավելենք, որ Սաշա Կատվալյանը քաղաքապետարանում այլեւս որեւէ պաշտոն չունի, որեւէ հաստիք չի զբաղեցնում: Նրա մասով թե ինչ որոշում կկայացվի, անհայտ է: Քաղաքապետարանում նրա անունը չի էլ շրջանառվում:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ, ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ

Բնակարանային ապահովման ուղղությամբ նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի շրջանակում մոտ 2 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրվի 2020-ի պատերազմից հետո ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4030 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու: Այդ մասին նոյեմբերի 16-ին՝ Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ, ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Նշեմ, որ արդեն իսկ հավաստագիր ենք տրամադրել շուրջ 3700 հայրենակցի, որոնցից ավելի քան 1700 հավաստագիրն արդեն իսկ իրացվել է»,- ասաց նախարարը:

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ կիրականացվի նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնական տուն կառուցելու պետական աջակցության ծրագիրը:

«Այս նպատակով գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված, հիփոթեքային վարկ ստացած 540 շահառուներին նախատեսվում է աջակցություն՝ շուրջ 467,5 միլիոն դրամի շրջանակում: Այս պահի դրությամբ արդեն հաստատված 200 դիմում ունենք, այսինքն՝ ՀՀ-ի շուրջ 80 սահմանային բնակավայրերում այժմ նոր 200 բնակարաններ են կառուցվում, եւ մենք պետք է այս ծրագրի լավարկման ուղղությամբ քայլեր անենք 2024 թվականին»,- ասաց նա:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից, ՀՀ ջրային օրենսգրքի եւ ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն եւ 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է «Հովթեր» ՍՊԸ-ի՝ Կոտայքի  մարզի  Չարենցավան համայնքի Արզական գյուղի վարչական տարածքում էներգետիկ/փհէկի կառուցում նպատակով Հրազդան գետից 2334.0 լ/վ  ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, որոնք կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին՝ ժամը 17.00-ից-18.00-ն դիմել Ջրային ռեսուրսների կառավարման  եւ պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի

նախարարություն

 

 




Լրահոս