ԼԻԼՈՒՆ՝ «ԿՈԿՈ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Միացյալ Նահանգներում ավարտվել են հերթական գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի անունը «Կոկո» է, պրոդյուսերը Դավիթ Ադամյանն է, սցենարի հեղինակը՝ Զոհրաբ Բեկ Գասպարենցը, ռեժիսորը՝ Անգել (Էնջլ) Մարտիրոսյանը:

 

Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Արմուշը, Լիլուն, Մոսո Կարապետյանը, Քեն Դավիդյանը, Վահագն Ստեփանյանը՝ Դելոն, եւ այլք:

Ֆիլմի պրեմիերան կայացել է երեկ՝ նոյեմբերի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգչուհի Լիլուն՝ Լիլիթ Ղուկասյանը, պատմել է ֆիլմում իր դերակատարման մասին:

«Հետաքրքիր նախագիծ էր, եւ շատ ուրախ եմ, որ իմ մասնակցությունն ունեցա դրանում: Առաջարկը ստացել եմ ֆիլմի պրոդյուսերի՝ Դավիթ Ադամյանի կողմից: Հոյակապ դերասանական կազմ էր հավաքված: Մեծ բավականություն եմ ստացել նկարահանումների ընթացքից, շատ թեթեւ է անցել: Պրոֆեսիոնալ դերասանների հետ հանդես գալը, իհարկե, դժվար էր, բայց մեծ պատիվ էր»:

Խոսելով կերպարի առանձնահատկությունների մասին` Լիլուն նշում է, որ ընդանուր գծեր չունի մարմնավորած կերպարի հետ:

«Խարդախ կերպարի եմ մարմնավորում: Աշխատում է տան տիրուհու համար՝ զուգահեռաբար խարդախություններ անելով: Ընդհանրապես կապ չունի իմ անձի հետ: Շատ հավատարիմ է իր տիրուհուն, որի կերպարը կերտում է Նազենի Հովհաննիսյանը:

Որպես այդպիսին, կապ ունի այնքանով, որ ինքը հումորով կերպար է, իսկ հումորն իմ հետ է ծնվել, որը, սակայն, ես վերջերս՝ 2020 թվականին եմ բացահայտել:

Քովիդի ժամանակ, երբ մարմնավորում էի տարբեր կերպարների, բացահայտեցի, որ կոմեդիան իմն է: Իհարկե, մինչ այդ այլ նախագծերի մեջ էլ էի իմ մասնակցությունն ունեցել, սակայն ինձ իմ ափսեում զգացի, երբ մարմնավորեցի հումորային կերպարի»:

Լիլուի խոսքով՝ պետք է յուրահատուկ հումորի զգացում ունենալ, որ կերպարի կողմից հնչեցրած սյուռ հումորները կարողանաս հասկանալ: Անդրադառնալով մոտակա ծրագրերին՝ Լիլուն նշում է, որ աշխատում է երկու-երեք երգի վրա միաժամանակ, որոնք նախատեսում է ներկայացնել մինչեւ տարվա վերջ: Երգերը գործիքավորման փուլում են:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ՝ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Մարիամը եւ Շամը մինչեւ 44-օրյա պատերազմը ապրում էին Շուշիում: Անտեսելով պատերազմի թողած հետեւանքները՝ նրանք վերադառնում են Արցախ, ամուսնանում եւ վարձով բնակվում Ստեփանակերտում:

 

«Երկու անգամ շատ ծանր ավտովթարի է ենթարվել, որ տեսնողներն անգամ զարմանում էին՝ ինչպես է ողջ մնացել: Չնայած ծանր վթարին՝ վնասվածքները թեթեւ էին: Անցել է երեք պատերազմ, ողջ առողջ վերադարձել: Պատերազմից երբեք ոչինչ չի պատմել ինձ, չգիտեմ՝ ինչ փորձությունների է ենթարկվել: Միշտ ասում էր. «Ինձ կատվի կյանք ունեմ, ամեն փորձությունից փրկվում եմ»»,- «Ժողովուրդ» օրաթերթին պատմում է Մարիամը:

Մարիամը, անդրադառնալով բլոկադային, ասում է, որ դժվարությունները շատ էին, բայց հիմա երանի է տալիս այդ նեղ օրերին, երբ բոլորով էին, միասին, ուրախ իրարով:

«2023թ. պատերազմից հետո, երբ արդեն հայտարարել էին Արցախը լքելու մասին, ամուսինս գնաց «Ցոր» զորամաս, երկար հերթ կանգնեց, սակայն հերթն իրեն չհասավ: Հայտարարեցին, որ էլ բենզին չկա: «Ցոր»-ից գնաց «Հայկազով», էլի հերթ կանգնեց: Այնտեղ գիտակցությունը վատացավ եւ ուշաթափվեց: Երբ ուշքի եկավ, շարունակեց մնալ հերթում, որովհետեւ արդեն մոտ էր իր հերթին: Այսքանը նա ինձ անձամբ է պատմել, երբ արդեն ծանր վնասվածքներով հիվանդանոցում էր»,- հուզումնախառն ասում է Մարիամը:

Շամ Սարգսյանին նախ տեղափոխել են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, այնուհետեւ ծանր վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխել են Երեւան:

«Ծանր վիրավորների մոտ հարազատներին չէին թողնում մտնել, սակայն քանի որ քույրս բժշկական համալսարանի ուսանողուհի է, որպես բուժքույր աշխատում էր այնտեղ: Քույրս պատմում է, որ երբ մտավ հիվանդասենյակ, այդքան էլ լավ վիճակում չէր սենյակը, սկսեց հավաքել ու սրբել եւ լսում էր, որ ինչ-որ մեկը նվաղ ձայնով Ժուլի էր կանչում: Քույրս ասում է՝ անճանաչելի վիճակում էր. երբ ասաց, որ Շամն է, նոր հասկացավ, որ ամուսինս է»,- պատմում է Մարիամը:

Քրոջ միջոցով Մարիամն իմացավ՝ որ հիվանդասենյակում է ամուսինը: Շատ խնդրելուց հետո նրան թողեցին մտնել տեսակցության:

«Մտա նրա մոտ (գիտեր, որ երկար չեմ կարող մնալ), միանգամից սկսեց հարցնել երեխայից, ասացի, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Հետո նա պատմեց պայթունի մասին, ասում էր՝ անգամ սարսափ ֆիլմերում նման պատկեր չէր տեսել: Ամբողջությամբ ծխի մեջ էին, կրակն ամբողջությամբ տարածվել էր. ձայները, այդ հոտը սարսափելի էին: Վերջում ասաց՝ ինձ կատվի կյանք ունեի, բայց այս մեկը հաստատ վերջինն է»,- պատմում է կինը:

Մարիամը նաեւ պատմեց, որ բժիշկներն ասում էին, որ շատ սուր ցավերի ժամանակ անգամ ձայն չէր հանում, կարողանում էր ինքնուրույն ջուր խմել: Այրվածքները ծանր էին, եւ ավելի շատ հետք էին թողել երիկամների վրա, ինչի պատճառով էլ նա չդիմացավ:

Հիմա Մարիամն ապրում է Չարենցավանում ամուսնու 16-հոգանոց ընտանիքի եւ բարեկամների հետ: Աշխատանք փնտրել դեռ չի փորձում, ասում է՝ երեխան շատ է փոքր, մենակ թողնել չի կարող:

 

 

 

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՈՐԱԿԱԶՐԿՈՒՄ

Իտալական «Միլանի» եզրային պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիին սպառնում է երկարաժամկետ որակազրկում անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար. հաղորդում է AGI-ն։

Դատախազությունը սկսել է հետաքննություն, Ֆլորենցին ունի կասկածյալի կարգավիճակ։

Նույնկերպ գործող անգլիական «Նյուքասլի» իտալացի կիսապաշտպան Սանդրո Տոնալին որակազրկվել էր 12 ամսով եւ չի կարողանա մասնակցել «Եվրո-2024»-ին։

 

 

 

 

ԻՆՔՆ ԻՐԵՆ ՎՆԱՍԵԼ Է

Թուրինում ընթացող ATP Finals-ում (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնություն) աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը խմբային փուլի երկրորդ տուրում 5:7, 2։6 հաշվով պարտվել էր աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին՝ զրկվելով կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Այդ մրցախաղում Ռուբլյովը մի դրվագում վեց անգամ ռակետով հարվածել է ծնկին՝ հասցնելով արնահոսող վնասվածք։ Հետխաղային ասուլիսում Ռուբլյովը հայտարարել է, որ ոչ մի լուրջ բան չկա, առողջական խնդիր չունի։

 

 

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար Արման Ծառուկյանը խոսել է դասակարգման չորրորդ համար, ամերիկացի Բենեիլ Դարիուշի նկատմամբ իր առավելությունների մասին։ Նրանց մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ի Օսթին քաղաքում UFC Fight Night մրցաշարում։

«Երկրպագուները կարող են ակնկալել իմ լավագույն մրցելույթը։ Կլինի լավագույն նոկաուտը։ Վստահ եմ, որ ժամանակից շուտ կավարտվի մենամարտը։ Եթե ես ցանկանում եմ հետագայում պայքարել տիտղոսի համար, պետք է նոկաուտով հաղթեմ Դարիուշին, որին շատ եմ հարգում։ Գամրոտի հետ մենամարտից առաջ երբեք հինգ ռաունդ չէի ունեցել։ Հիմա ես ունեմ փորձ, գիտեմ՝ ինչպես բաշխել ուժերը»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Middle Easy-ին։ 2022թ. հունիսին Ծառուկյանը լեհ Մատեուշ Գամրոտի հետ մենամարտում պարտվել էր մրցավարների միաձայն որոշմամբ։

 




Լրահոս