Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:
Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի հետ եւ հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ եւ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Քառորդ եզրափակչում 5:0 հաշվով հաղթանակ է տարել եւ կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը: Նա առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակի նկատմամբ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Եթե երեխայի ավագ եղբայրը կամ քույրը հաճախում են տվյալ դպրոց, ապա նրան որեւէ արտոնություն տրվո՞ւմ է։
Մովսես Երիցյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` ցանկացած ծնող իրավունք ունի երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը եւ կրթության ձեւը: Հետեւաբար, որեւէ չափանիշ, ներառյալ բնակավայրին կամ աշխատանքի վայրին մոտ գտնվելու կամ տվյալ դպրոց հաճախող քույր կամ եղբայր ունենալու փաստը, չի կարող որեւէ երեխայի գրանցման համար առաջնահերթություն ապահովել։
ՀՀ ԿԳՄՍՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան սովորի հենց Ձեր նախընտրած դպրոցում, ապա հարկավոր է հնարավորինս շուտ գրանցվել առցանց համակարգի միջոցով, քանի դեռ տվյալ դպրոցի համար սահմանված տեղերը չեն սպառվել:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Հաճախ ենք լսում քաղաքացիական պաշտպանության ծառայությունների եւ կազմավորումների մասին. ինչե՞ր են դրանք:
Մուշեղ Առաքելյան (19 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները ստեղծվում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններում, որոնք նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով ոլորտային (բժշկական, էներգետիկայի, տրանսպորտային, կոմունալ-տեխնիկական եւ այլն) խնդիրների լուծման համար:
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր խնդիրներն են՝
– քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը եւ իրականացումը քաղաքացիական պաշտպանության համակարգի ռազմական դրության ժամանակ գործելու դեպքում,
– քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումների ստեղծումը, դրանց ապահովումն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, պատրաստումը եւ մշտական պատրաստականության վիճակում պահպանումը,
– ստեղծված իրադրության մասին ոլորտային տեղեկատվության ստացման, վերլուծման եւ գնահատման կազմակերպումն ու քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար:
ՀՀ ԱԻՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խոցման օջախներում փրկարարական եւ վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար համայնքներում, կազմակերպություններում ստեղծվում են ինժեներական, վթարատեխնիկական, գյուղատնտեսական կենդանիների պաշտպանության, հետախուզական եւ քաղաքացիական պաշտպանության այլ կազմավորումներ: Դրանց անհրաժեշտ տեսակները, թիվը, կազմակերպական կառուցվածքը եւ հագեցվածության նորմերը մշակում ու հաստատում են կազմավորումներ ստեղծող քաղաքացիական պաշտպանության պետերը (համայնքների ու կազմակերպությունների ղեկավարները):