Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յունիբանկ» ԲԲԸ-ի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր, և Յունիբանկը դարձավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավորը։ Հանագործակցության պայմանագիրը ստորագարեցին Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը։

«Ըմբշամարտը Հայաստանում ամենասիրված մարզաձևերից է։ Մեր ըմբիշները միշտ մրցանակային բարձր տեղեր են նվաճում և արժանանում մեդալների: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ձեռքբերումները և ուրախ ենք աջակցել մեր մարզիկներին, որոնք, վստահ եմ, նոր մրցաշրջանում կրկին փայլուն հաղթանակներով կուրախացնեն երկրպագուներին»,- ասաց Մեսրոպ Հակոբյանը։

«Յունիբանկ»-ն իր ողջ գործունեության ընթացքում ակտիվորեն աջակցում է մարզիկներին և սպորտային տարբեր միջոցառումների անցկացմանը: Բանկի ֆինանսական աջակցությամբ այս տարի բացվեց Unisport մարզական ակումբը, որը նպաստելու է տարբեր մարզաձևերի, այդ թվում՝ ըմբշամարտի առաջխաղացմանը: Unisport ակումբին միացել են հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության կրկնակի մրցանակակիր Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական Գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն Վազգեն Թևանյանը: Ակումբի կազմում ընդգրկված են նաև Unisport ֆուտզալի թիմը, հրաձգության աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր ու ռեկորդակիր Էլմիրա Կարապետյանը և այլ անվանի մարզիկներ:

«Շնորհակալ եմ «Յունիբանկ»-ին նման համագործակցության համար, հուսամ միասին երկար ճանապարհ ենք անցնելու։ Բանկը ողջունելի քայլեր է ձեռնարկել՝ հանուն հայ մարզիկների և սպորտի զարգացման։ Հայկական սպորտի զարգացման ուղղված աշխատանքի պտուղները վայելելը երկար սպասեցնել չեն տա», – նշեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:




Լրահոս