ՖՈՏՈ․ Հիմա միայն նախանձում եմ հողին, որ իմ փոխարեն գրկել է որդուս. Արցախից բռնի տեղահանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին անգամ երկար նայեցի տանս պատերին, ամեն մի անկյունին, համբուրեցի տանս դուռը ու դուրս եկա: 30 ժամ ճանապարհ եկանք, բայց այն հույսով էի, որ մի փոփոխություն կլինի ու մեզ ետ կուղարկեն մեր Արցախ»,- ArmLur.am-ի հետ զրույցում՝ պատմում է Արցախից բռնի տեղահանված Լորետա Բաղշիյանը:

44-օրյա պետերազմի ժամանակ առաջին զոհերից էր տիկին Լորետայի որդին՝ Արամը: Սովորում էր Երևանի օլիմպիական քոլեջում: Բավականին հաջողությունների էր հասել: Սիրում էր սպորտը:

«Արամը 2020թ. առաջին զոհերից էր, զոհվել է պայթյունից: Երբ եղավ պայթյունը նա ծածկել էր իր զինակից ընկերոջը, մի զինվորի, որի կյանքը հնարավոր եղավ փրկել: Մինչև հիմա այդ զինվորի հետ կապը պահում եմ և երբ տեսնում եմ նրան Արամիս եմ զգում: Արամը զոհվել է սեպտեմբերի 27-ին, բայց քանի որ մարմինը ուշ գտանք հուղարկավորումը կատարեցինք Եռաբլուրում: 2002 թվականին մայիսի 9-ին, ես առաջին անգամ զգացի մայրական զգացումը Արամի հետ: Նրանով սկսվեց իմ կյանքն ու նրանով շարունակվում է: Արամս միշտ կա, ամեն օր նա ինձ հետ է, ամեն քայլափոխի նա պահեց հայրենիքին տված իր խոստումը, գերադասեց հայրենիքի սերը, նախընտրեց հայրենիքին ավելի ամուր գրկել, քան մորը: Արամը պահեց իր բոլոր խոստումները բացի մեկից՝ չվերադարձավ»,- պատմում է Լորետա Բաղշիյանը:

Լորետա Բաղշիյանն ասում է, որ հիմա միայն նախանձում է այն հողին, որ իր փոխարեն մայրաբար որդուն գրկել է:

«Ստեփանակերտից միայն Արամիս լուսանկարներն եմ վերցրել և Արամի մի քանի իրերը: Վախենում էի, որ որդուս նկարները կվերցնեն, որովհետև շատերը զինվորական նկարներ էին: Հակարիի կամուրջի մոտ ադրբեջանցիները մոտեցան, բացեցին կապոցը և ի զարմանս ինձ՝ ոչինչ չարեցին: Հիմա ապրում եմ Երևանում՝ այն հույսով, որ պիտի ետ գնամ իմ տուն: Աշխատում եմ թշնամու սոցհարթակներում տեղադրված տեսանյութերը չդիտել, որովհետև մեծ ցավ եմ ապրում և դժվարանում եմ տեսնել մեր երկիրն օտարների ձեռքին: Շատ ծանր եմ տանում, երբ գիտակցում եմ, որ թշնամին կարող է պղծել իմ եղբայրների ու այնտեղ թաղված տղաների գերեզմանները, ծանր է երբ գիտակցում եմ, որ կան ծնողներ, մարդիկ, որոնք իրենց որդիների, հարազատի մարմինները Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում են ամփոփել և հիմա անգամ գերեզմանին այցի գնալ չեն կարող»,- պատմում է մեր զրուցակիցը:

Լորետա Բաղշիյանի խոսքով՝ անհայրենիք լինելն ամենամեծ ցավն է, որը ոչնչով սփոփել հնարավոր չէ.

«Անսպասելի էր սեպտեմբերի 19-ը: Մեկ օրում այդքան զոհ տալուց հետո հայտարարեցին, որ պետք է լքենք Արցախը ես անակնկալի եկա: Երբևէ չեմ կարծել, որ մի դավաճան այնքան ընկած կարող է լինել, որ այդքան կյանքեր խլած հողը նման անտարբերությամբ սկուտեղի վրա կհանձնի թշնամուն: Անհայրենիք լինելը թևեր ու ոտքեր կտրած լինելու նման է: Ուզում եմ ապրել իմ հայրենիքում, թեկուզ շրջափակման, պակասության մեջ, հերթերում, անմարդկային պայմաններում, բայց Արցախում, իմ հայրենիքում լինեմ»,- ասում է Լորետա Բաղշիյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս