Ուղևորության ընթացքում մեքենայում գտնվող բոլոր անձանց կյանքն ու առողջությունը ապահովագրված են մեկ անձի համար մինչև 3 300 000 դրամի չափով:
Yandex Go-ն ավտովթարային դեպքերի համար ապահովագրություն է գործարկել։ Այն անվճար է և ավտոմատ կերպով տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ուղևորության ընթացքում գտնվում են մեքենայում: Ապահովագրությունը սկսում է գործել, երբ վարորդը սեղմում է «ճանապարհին եմ» կոճակը և դադարում է գործել, երբ ավարտում է ուղևորությունը։
Առավելագույն պահովագրական վճարը 3 300 000 դրամ է:
«Ուղևորների և վարորդների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է։ Եվ չնայած օրենսդրությունը չի պահանջում, որ առցանց ծառայություններն ապահովագրեն ուղևորությունները, մենք որոշեցինք այն գործարկել՝ դառնալով Հայաստանում տաքսի պատվիրելու առաջին ծառայությունը, որն ապահովագրում է ուղևորների և վարորդների կյանքն ու առողջությունը»,- ասում է Yandex Go-ի տարածաշրջանային մենեջեր Բագրատ Եղիազարյանը։
Ապահովագրությունից օգտվելու համար հարկավոր է գրել Yandex Go-ի աջակցության ծառայությանը, որը կօգնի կապ հաստատել ապահովագրական ընկերության հետ, ինչպես նաև կներկայացնի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
«Այսօր հատկապես մայրաքաղաքում երթևեկությունը շատ բարդ է, վթարները շատ են։ Ուրախ ենք համագործակցություն սկսել Yandex Go-ի հետ, քանի որ այն օգնում է եթե ոչ նվազեցնել, ապա գոնե կառավարել հնարավոր ռիսկերը տաքսիով երթևեկելիս: Եթե վարորդը կամ ուղևորը մարմնական վնասվածք են ստանում, լրացուցիչ ծախսեր են առաջանում հետազոտությունների և բուժման համար: Ապահովագրությունը լուծում է այս խնդիրը: Իսկ մենք, իհարկե, բոլորին մաղթում ենք անվտանգ երթևեկություն»,- ասում է Նաիրի ինշուրանսի գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։