ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ԿԱՇԱՌԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական փուլը Հայաստանում արդեն կարելի է համարել մեկնարկած, առավել եւս, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս պաշտոնապես հրապարակեց ԱԺ առաջիկա ընտրությունների օրը` 2012թ. մայիսի 6:Իշխանություններն, իհարկե, մինչ այդ էին սկսել մեծ ակտիվությամբ նախապատրաստվել ընտրություններին: Մի կողմից Սերժ Սարգսյանը փորձում է իր թիկունքն ամրապնդել հենց իշխանության ներսում. այդ են վկայում վերջին կադրային փոփոխությունները: Քաղաքական վերադասավորումներին զուգահեռ` վարչախումբն այսօր աննախադեպ ուշադրություն է սեւեռել ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների վրա: Պատահական չէր, որ վերջերս ՀՀԿ-ն տնտեսական կոնֆերանս կազմակերպեց: Պարզվում է` դրանից մոտ մեկ ամիս առաջ` սեպտեմբերի 29-ին, կառավարությունն իր հերթական նիստում 10-ական մլրդ դրամ է հատկացրել յուրաքանչյուր մարզի` տեղի առաջնահերթ ծրագրերի իրականացման համար: Ընդ որում, այս գումարը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից: Իշխանություններն էլ, չգիտես ինչու, գերադասում են ծածուկ պահել այս որոշումը: Միանգամայն դրական երեւույթ է, երբ կառավարությունն ուշադրություն է դարձնում մարզերի համաչափ զարգացմանը: Սակայն տարօրինակն այն է, որ մարզերի հանդեպ նման մեծ ուշադրություն կառավարությունը ցուցաբերել է նոր միայն՝ խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ: Նախորդ տարիներին այդպես էլ որեւէ մեկի մտքով չանցավ ասֆալտապատել գյուղերի ու քաղաքների փողոցները, վերանորոգել դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների շենքերը: Որեւէ մեկի մտքով չի անցել միանգամից բոլոր մարզերի խոշոր քաղաքներում վերանորոգել բազմաբնակարան շենքերի կտուրները: Եւ այդ ամենն արվում է հիմա` ԱԺ ընտրությունների նախաշեմին: Ուստի կարելի է պնդել, որ այս ամենը ոչ այլ ինչ է, քան նախընտրական  քարոզչություն, անուղղակի ընտրակաշառք: Առավել եւս, որ մարզպետերին ուղարկված կառավարության որոշմանը կից գրության մեջ այդ գումարների տրամադրումը մեկնաբանվել է որպես Սերժ Սարգսյանի` նախընտրական ծրագրի դրույթների իրականացման նպատակով արված հատկացում:ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե 10-ական մլրդ դրամները հատկացվել են համայնքների առաջնահերթ խնդիրները լուծելու համար: Մեր դիտարկմանը, թե արդյոք սա նախընտրական շոու չէ, Սաֆարյանը մեկնաբանեց, որ ինքը խնդրին մոտենում է ոչ թե քաղաքական գործչի, այլ ֆինանսիստի տեսանկյունից: «Կարեւորն արդյունքն է: Կարեւոր չէ` կատուն ինչպիսին կլինի, կարեւորը` մուկ բռնի: Եթե ինչ-որ լավ բան է արվում, կարեւոր չէ` նախընտրական նպատակներով է, թե ոչ»,-հայտարարեց նա: ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը երեկ համոզում էր, թե 10-ական մլրդ դրամի տրամադրումն ամենեւին էլ նախընտրական տրամաբանության մեջ չէ, այլ` իշխանությունները հետեւողականորեն իրականացնում են իրենց ծրագրերը: Իսկ թե ինչու հենց հիմա է այդ գումարը տրամադրվում, ոչ թե նախկինում, Մինասյանն ասաց, որ նախկինում էլ նույն ծրագրերն իրականացվել են: «Այն ծրագրերը, որ կատարվել են այս բոլոր տարիներին, միայն մեկ նպատակ են հետապնդում` մեր հնարավորությունների սահմաններում ապահովել բարեկեցության բարձրացում: Եւ սա հերթական քայլն էր այդ ճանապարհին»,-ասաց Մինասյանը:Պակաս ուշագրավ չեն նաեւ այն ծրագրերը, որոնց իրականացման համար ծախսվելու է 10-ական միլիարդ դրամը. օրինակ` Ապարան, Աշտարակ, Թալին քաղաքների բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում: Ընդհանուր առմամբ, այդ 3 քաղաքներում տանիքների վերանորոգումն արժենալու է 1 մլրդ 250 մլն դրամ գումար: կառավարությունը որոշել է վերանորոգել բոլոր խոշոր քաղաքների բազմաբնակարան շենքերի կտուրները միանգամից: Զարմանալի զուգադիպությամբ միլիոնավոր դրամներ էլ տրամադրվել են գյուղերի դպրոցների, մանկապարտեզների, մշակույթի տների շենքերի վերանորոգման, տարբեր քաղաքների փողոցների ասֆալտապատման համար: Գումարներ են տրամադրվել նաեւ գրեթե բոլոր գյուղերին անխտիր: Այսինքն` ընտրություններից 6 ամիս առաջ միայն կառավարությունն աննախադեպ ուշադրություն է դարձրել մարզերին: Ընդ որում, ակնհայտ է, որ եթե անգամ տրամադրված գումարների կեսն էլ ծառայի նախատեսված նպատակներին, ապա մեծ հաջողություն կարելի է համարել: Առավել եւս, որ արդեն իսկ տեղեկություններ են ստացվում, որ որոշ տեղեր մարզպետերը համայնքապետերի հետ միասին արդեն իսկ սկսել են մեջ-մեջ անել գումարները: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, սակայն, երեկ պնդում էր, որ իրենք կանեն այնպես, որ կատարվեն բոլոր ծրագրերը: «Իհարկե, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ կարող են խախտումներ լինել: Դրա համար էլ կա Վերահսկիչ պալատը, որը կվերահսկի ու պատասխանատվության կկանչի»,-վստահեցրեց նա: ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս