Արցախում շարունակվող մշակութային վանդալիզմը կարող է ազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա․ Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախցիները բռնի տեղահանման հետևանքով մի շարք խնդիրների առաջ են կանգնել։ Վերջին դեպքերը կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև մարդկանց առողջական վիճակի վրա։ Տեղի ունեցածը և այսօր էլ շարունակվող դեպքերը, այդ թվում՝ Արցախում շարունակվող մշակութային վանդալիզմը, որոնց մինչ օրս ականատեսն ենք լինում, կարող է ազդել մարդկանց հոգեկան վիճակի վրա։

ArmLur.am-ը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղահրամանյանի հետ․

-Արցախից տեղահանված ուսուցիչները Հայաստանում ապահովվե՞լ են աշխատանքով։

-«Ես վիճակագրական ստույգ տվյալների չեմ տիրապետում, երևի այս մասին տեղեկացված կլինի Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, բայց գիտեմ, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շատ ընդարձակ և հետաքրքիր ծրագրեր է սկսել ուսուցիչների համար՝ հատկապես սահմանային դպրոցների, ուսանողների ուսման վարձավճարների, դիպլոմների կրկնօրինակների տրման ևայլն։ Ծանոթների, բարեկամների շրջանում տեղյակ եմ, որ մեր ուսուցիչներից շատերը մտել են Հայաստանի հանրակրթական դպրոցներ»։

-Վերջին իրադարձությունները ի՞նչ հոգեբանական ազդեցություն կարող են ունենալ։

-«Մենք ապրում ենք ազգային ողբերգություն, և կորստի զգացումը, ապրումը ունեն բոլորը։ Խոսքը միայն սեփական տան, ինչքի, ունեցվածքի կորուստը չէ․ ֆիզիկական և հոգևոր հայրենիքի մասին է խոսքը։ Սա ծանր հարված է հասցնելու՝ ընդհուպ մինչև մարդկանց ֆիզիոլոգիական դաշտ։ Միայն հոգեբանական դաշտում չէ, որ վատ փոփոխություններ կան՝ կոլափսաին, փակուղային։ Ամիսներ հետո երևալու է, թե ինչպես է Արցախի կորուստը կազմալուծում մարդկանց հոգեկան և ֆիզիկական առողջությունը»։

-Արցախում իրականցավող մշակութային վանդալիզմից տեղեկություններ ունե՞ք։

-«Արցախում վերացվում է հայկական հետքը՝ այլափոխվում են հուշարձանները, խաչերը հանվում են՝ աղվանացման թեզի տակ։ Որոշները կաթոլիկացվում են և մահմեդականցվում։ Այս ուղղությամբ պետք է հատուկ ծրագրեր մշակվեն։ Կան իհարկե առանձին անհատներ, կազմակերպություններ, որոնք հետևողական աշխատանքներ են անում, բայց բոլոր հարթակներում պետք է կոնկրետ ծրագրերով պայքար սկսվի Արցախի պատմամշակությաին ժառանգության պահպանման համար, որովհետև դա մեր ինքնությունն է, անցյալը, ներկան ու ապագան է։ Ամեն ինչ պետք է արվի այն փրկելու համար։ Այժմ մշակվում է Արցախի պատմամշակութային ժառանգության փաստագրման ծրագիր, որն անում են Արցախի պատմաբանները, բայց սրանք փոքր քայլեր են, մշակույթը պետք է քաղաքականացվի։ Մեր մշակութային ինքնավստահության մակարդակը շատ բարձր է, որովհետև շատ հարուստ է Արցախի մշակույթը։ Չնայած մշակույթը պահպանելը ճիշտ է սեփական հողի վրա, հեռուներում մշակույթ չեն պահում, մշակույթը կոնկրետ հողի վրա են պահում, որտեղ այն կա»։

Հայկ Ավանեսյան




Լրահոս