Տասնյակ պաղեստինցիներ, որոնք մնացել են Եգիպտոսում հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում ռազմական գործողությունների իրականացումից հետո, առաջին անգամ սկսել են Ռաֆահի սահմանային անցակետով անցնել պաղեստինյան անկլավ, հաղորդում է Al Jazeera-ի թղթակիցը:
Իսրայելը, սակայն, թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին անկլավի հարավից վերադառնալ հյուսիս, քանի որ այդ հատվածը շարունակում է մնալ պատերազմի գոտի, հայտարարել է իսրայելական բանակի խոսնակը Sky News Arabia-ի եթերում։
Ավելի վաղ Al Jazeera-ն հայտնել էր, որ ուրբաթ Իսրայելի պաշտպանության բանակը, չնայած հայտարարված զինադադարին, կրակ է բացել պաղեստինցիների վրա, որոնք փորձել են վերադառնալ իրենց տներն անկլավի հյուսիսային հատվածում: Պարբերականի տվյալներով՝ զոհվել է երկու մարդ, ևս մի քանիսը վիրավորվել է։
Գազայի հյուսիսային հատվածը կարող է անմարդաբնակ մնալ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ Իսրայելի գործողություններից հետո էլ։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով փորձագետներին ու տեղի բնակիչներին։ Նրանց կարծիքով՝ տասնամյակներ կպահանջվեն, որպեսզի այդ հատվածը վերադառնա իր նախկին վիճակին: