Ամեն տարի նոյեմբերի 25-ին նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օրը:
1999 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր եւ առաջարկել է կառավարություններին, միջազգային ու ոչ կառավարական կազմակերպություններին` այդ օրն անցկացնել միջոցառումներ, որոնք հասարակայնության ուշադրությունը կդարձնեն այդ հիմնախնդրի վրա:
Նոյեմբերի 25 ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Միրաբալ քույրերի՝ քաղաքական ակտիվիստուհիների, որոնք 1960 թվականին սպանվել են Դոմինիկյան Հանրապետության դիկտատոր Ռաֆայել Տրուխիլիոյի հրամանով:
Կանանց նկատմամբ բռնությունը սահմանափակված չէ որոշակի մշակույթով , տարածաշրջանով կամ երկրով, այն չի սահմանափակվում նաեւ հասարակության մեջ կանանց որոշակի խմբերով:
Վերլուծական հետազոտության տվյալներով, որն ավելի քան 80 երկրներից ստացված տվյալների հիման վրա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անցկացրել է Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցի ու Բժշկական գիտահետազոտական խորհրդի հետ միասին, աշխարհում կանանց 35 տոկոսն իրենց կյանքի ընթացքում կամ բռնության են ենթարկվում ինտիմ զուգընկերոջ կողմից կամ սեռական բռնության՝ այն անձի կողմից, որը զուգընկեր չէ:
2008 թվականի փետրվարին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է «Համատեղ վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը» արշավի սկսվելու մասին, որը նախատեսված է մի քանի տարվա համար եւ նպատակամղված ամբողջ աշխարհում կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության կանխմանն ու վերացմանը:
2011 թվականի մայիսին ստորագրման համար բացվել է Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխման եւ կասեցման վերաբերյալ Եվրախորհրդի Կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիան):
Փաստաթուղթը, մասնավորապես, բովանդակում է բռնության կանխման, զոհերի պաշտպանության, կանանց նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց արդյունավետ քրեական հետապնդման նկարագրությունը: