Աշխատավարձի հույսին ապրող պատգամավորը. «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը․ ո՞վքեր են նույն տանը գրանցված անձինք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը խորհրդարանում իր քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։
Մինչ այդ նա եղել էր «ՍՄ ՎԵԲ ստուդիո» կազմակերպության Երեւանի մասնաճյուղի հիմնադիր ղեկավար: Հեղափոխությունից հետո նա պաշտոն ստացավ և դարձավ «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության  վերադարձի հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու: Գրեթե մեկ տարի այս պաշտոնին մնալով նա դարձավ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2020-2021 թվականներին նա եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն: Սա բոլորիս հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ն է։

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենը իր՝ 2022 թվականի հայտարարագրում ո՛չ անշարժ գույք է հայտարարագրել, ո՛չ տրանսպորտային միջոց։

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 295 հազար դրամ։ Ըստ հայտարարագրի՝ նա ո՛չ կանխիկ դրամ ունի, ո՛չ էլ էլեկտրոնային հաշիվներ։ Պատգամավորի տարեկան եկմուտը սահմանափակվում է Ազգային ժողովից ստացած աշխատանքի վարձատրությամբ, որը կազմում է 7 մլն 759 հազար դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 948 հազար դրամ։

Պատգամավոր Մինասյանի հետ համատեղ բնակվող Նունե Հակոբջանյանը, ով, ըստ Մինասյանի հայտարարագրի, բժիշկ է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, հայտարարագրել է 2016 թվականին ձեռք բերած բնակարան Երևանում։ Նա հայտարարգրել է KIA մակնիշի մեքենա ձեռք բերված 2019 թվականին։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 400 հազար դրամ։ Բժշկի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 351 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է բժշկական կենտրոնից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն դրամ, որը հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։

Պատգամավորի հետ համատեղ բնակվող մյուս անձը՝ Սյուզաննա Մինասյանը, անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը 2023 թվականին ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա։ Նա հայտարարագրել է 250 հազար դրամ կանխիկ դրամական միջոց, սակայն տարեկան եկամուտներ չկան։

Հավելենք նաև, որ Լիլիթ Մինասյանի գրանցման հասցեում բացի իրենից, փաստացի գրանցված է 5 անձ, որոնցից միայն երկուսն են նշված հայտարարագրում որպես համատեղ բնակվող անձ։

Էմմա Միքայելյան




Լրահոս