Ռուսաստանի գլխավոր խնդիրը Ուկրաինայի չեզոք կարգավիճակն էր. Արախամիան մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի գարնանը Ռուսաստանը խոստացել էր ավարտել լայնամասշտաբ պատերազմն Ուկրաինայում, եթե Կիևը համաձայնի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան «1+1»-ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Մոսկվայի գլխավոր խնդիրն Ուկրաինայի չեզոք պետության կարգավիճակի ստանձնումն էր: Արախամիան բացատրել է, թե ինչու է Կիևը մերժել այդ առաջարկը:

«Նախ՝ դրան համաձայնելու համար պետք է փոխել Սահմանադրությունը. մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ ամրագրված է Սահմանադրության մեջ։ Երկրորդ՝ չկար վստահություն, որ ռուսները դա կանեն. անվտանգության երաշխիքներ էին անհրաժեշտ։ Մենք չէինք կարող ինչ-որ բան ստորագրել, հեռանալ, իսկ հետո նրանք կարող էին ավելի պատրաստված առաջ գալ»,- նշել է պատգամավորը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի ռազմական և քաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ կռվելու օգտին: Արախամիայի խոսքով՝ հիմա բանակցելու համար լավագույն պայմանները չեն, և դրանց արդյունքներն ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի: Արախամիայի խոսքով՝ ցանկացած պայմանավորվածություն, բացի լիակատար հաղթանակից, պետք է դրվի հանրաքվեի: Գործիչը կարծիք հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ է և ցանկանում է բանակցություններ սկսել:

«Նրանք հստակ հասկանում են, որ հենց հայտնի դառնա, որ Ուկրաինան նստել է բանակցությունների սեղանի շուրջ, բոլոր մատակարարումները, որոնք առանց այդ էլ ուշանում են, ավելի են ուշանալու՝ արդեն քաղաքական հանգամանքների պատճառով»,- հավելել է պատգամավորը։

Արախամիան նաև հայտնել է, որ 2024 թ. Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվի:




Լրահոս