Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ազատ են արձակել տասնյակ պատանդների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՍ-ը բաց է թողել գերիների առաջին խմբին: Գազայի հատվածից Իսրայել է մեկնել 24 պատանդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, օտարերկրյա քաղաքացիներ, նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ՝ հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարությունը։ Հրեական պետությանը փոխանցված պատանդների թվում ԱՄՆ քաղաքացիներ չկան:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում հրադադարի երկարաձգման իրական հնարավորություն կա: Նա կոչ է արել միջազգային հանրությանը՝ վճռականություն ցուցաբերել և հասնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ «երկու պետության» բանաձևով կարգավորմանը:

Լրատվամիջոցները գրում են, որ իսրայելական բանտերից էլ ազատ է արձակվել 39 պաղեստինցի՝ 24 կին և 15 դեռահաս: Times of Israel-ը հայտնում է, որ Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում պահվող պատանդների նոր ցուցակ են ստացել, ակնկալվում է, որ նրանք պետք է ազատ արձակվեն այսօր:

ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ այժմ Գազայի հատվածում 215 պատանդ կա: Իսրայելի բանակը նաև հայտարարել է, որ զինվորականները չեն լքել Գազայի հատվածում դիրքերը և առաջիկայում կպատրաստվեն հումանիտար դադարից հետո ռազմական գործողությունների վերսկսմանը: ՑԱՀԱԼ-ի ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի զինված ուժերը մտադիր չեն կանգ առնել, քանի դեռ բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել, և ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել:

Իսրայելական կողմը նաև տեղեկացրել է, որ չնայած հայտարարված հրադադարին՝ Իսրայելի հյուսիսում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել: Ավելի ուշ ՑԱՀԱԼ-ը հայտնել է Լիբանանի տարածքից արձակված հրթիռի խոցման մասին: Նշվում է, որ զինվորականները պատասխան հարված են հասցրել «Հեզբոլլահի» ենթակառուցվածքին:




Լրահոս