ՖՈՏՈ․ Ամենացավալին այն է, որ ո՛չ որդիս կա, ո՛չ հայրենիքս. Արցախից բռնի տեղահանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մինչև 1988 թվականը ապրել եմ Շուշի քաղաքում: 1988 թվականին, երբ սկսվեց պատերազմը, ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Ստեփանակերտ: 4 զավակ եմ ունեցել, մեծ չարչարանքով մեծացրել, բոլորին բարձրագույն կրթություն տվել: Ամուսինս 1992 թվականին Մարտակերտի «Կանալ» կոչվող տեղամասում վիրավորում է ստացել, որից հետո վիրավորումը ծանր հետք թողեց նրա առողջության վրա: Հաճախակի էր ունենում էպիլեպսիկ նոպաներ: Մեկ տարի Ստեփանակերտում բուժում ստանալուց հետո, վիճակն ավելի վատացավ: Դիմեցինք այդ ժամանակ ՊԲ-ի նաախարար Սամվել Բաբայանին: Աջակցեց ու նրա միջնորդությամբ ուղարկեցինք Մոսկվա՝ բուժելու … գնաց, բայց էլ չվերադարձավ»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված, որդեկորույս Գյուլվարդ Աթայանը:

Դժվարություններն անտեսելով՝ տիկին Գյուլվարդը չընկճվեց և կարողացավ երեխաներին ուսում տալ ու ամուսնացնել: Սակայն 2020թ. 44-օրյա պատերազմը կրկին ցավ պատճառեց նրան՝ տանելով իր փրկարար որդուն:

«Նոյեմբերի 6-ի առավոտյան որդիս զանգեց կնոջն ու ասաց, որ երեխաների քեֆին երբեք չկպնի ու ոչ մի անգամ նրանց ցանկությունն անկատար չթողնի: Հարսս հեռախոսը փոխանցեց ինձ, ինձ հետ ևս խոսաց: Նեղվեցի, զգացի, որ մի բան այն չէ, բայց ինձ չկորցրի հավաքեցի ինձ ու ջղայնացած ասացի՝ կգաս ու ինքդ երեխաներիդ կնայես: Սա էլ եղավ իմ ու որդուս վերջին խոսակցությունը»,-ասում է մեր զրուցակիցը:

Որդուն հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ 2021 թվականի հունվարին վերադարձան Ստեփանակերտ՝ հայրենի հողում ապրելու ու արարելու:

«Հարսս որոշեց, որ պիտի կրի ամուսնու համազգեստը, աշխատանքի անցավ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Արտաքին իրավիճակների պետական ծառայությունում: Պետությունը, որպես զոհվածի ընտանիք, 3 սենյականոց բնակարան հատկացրեց: Հարսիս ու որդուս երեք անչափահաս երեխաների հետ այնտեղ էի ապրում, ինչով կարողանում օգնում էին: Ցավս միայն սփոփում էին որդուս երեխաները»,- ասում է տիկին Գյուլվարդը:

Հիմա տիկին Գյուլվարդն ապրում է Աբովյան քաղաքում՝ հաշմանդամության խնդիր ունեցող մոր, հարսի ու թոռների հետ: Նպաստ, թոշակ չեն ստանում, իսկ պետության հատկացված գումարը հերիքում է միայն տան վարձին ու ամենօրյա կենցաղային ծախսերին:


«Թվում էր՝ կյանքը գոնե որդուս երեխաներին հանգիստ ու անհոգ ապրելու հնարավորություն կտա, սակայն պատերազմը տակնուվրա արեց ամեն ինչ: Հիմա, արդեն որերորդ անգամ, ամեն ինչ պիտի սկսենք զրոյից և ամենացավալին այն է, որ ո՛չ որդիս կա, ո՛չ հայրենիքս»,- ասում է տիկին Գյուլվարդը:


Նանիկ Աղասյան




Լրահոս