Ավտոներկրող ընկերության խարդախության հետևանքով մոտ 2 մլրդ դրամի վնաս է պատճառվել պետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտոներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունը ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով․ պետությանը պատճառված վնասը՝ 1 մլրդ 727 մլն դրամ, ամբողջությամբ վերականգնվել է:

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։

Դրա միջոցով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, 26․06․2022թ․-ից մինչև 13․08․2023թ․ ընկած ժամանակահատվածում Գերմանիայի Դաշնությունից և Արաբական Միացյալ Էմիրություններից ներմուծել են 18․700․000․000 ՀՀ դրամ արժեքով թվով 748 տրանսպորտային միջոց:

ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու և հարկերից խուսափելու հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար նույն ժամանակահատվածում 748 տրանսպորտային միջոցներ արտահանել են Ռուսաստանի Դաշնություն:

Դրանցից 221-ը օտարվել է ռուսական ընկերությանը, 527-ը՝ ՌԴ քաղաքացիներին, որոնցից 224-ը ձևակերպվել են ինքնարժեքից ցածր գներով։ Դրա հետևանքով արհեստականորեն ձևավորվել է ավելացված արժեքի 3.565.578.173 դեբետային գումար, իսկ հանցավոր գործունեությունից ստացված նյութական օգուտները քաղելու նպատակով, այն է՝ ԱԱՀ-ի գերավճարը ստանալու համար 20․03․2023թ․ 279.030.719 դրամի և 02․10․2023թ․ 3․187․749․831 դրամի չափով դիմումներ են ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

Պարզվել է, որ ռուսական ընկերությանը արտահանված 221 տրանսպորտային միջոցների դիմաց ՌԴ-ում վճարվել է 1․837․844․902 ՀՀ դրամ ներմուծման ավելացված արժեքի հարկ, իսկ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը կազմել է 1․727․733․271 ՀՀ դրամ։

Համակողմանի և պատշաճ նախաքննության արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառված՝ 1․727․733․271 ՀՀ դրամ վնասը ամբողջությամբ վերականգնվել է։




Լրահոս