Նոյեմբերի 6-ին «Արմնյուզ»-ի կիրակնօրյա եթերով հեռարձակվեց ԱԺ դե ֆակտո նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային եռամյա գործունեության մասին պատմող մեկուկես ժամանոց մի ֆիլմ, որը, բնականաբար, նկարահանված եւ մոնտաժված էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականի որոշումից շատ առաջ: «1095 օր»` այսպես էր անվանված 2008-ի սեպտեմբերի 29-ին ԱԺ նախագահ ընտրված Հովիկ Աբրահամյանին նվիրված մեկուկես ժամանոց քծնանքանյութը, որում միմյանց հերթ չտալով` ԱԺ նախագահի անթիվ-անհամար արժանիքներն էին գովերգում տարբեր քաղաքական գործիչներ ու մտավորականներ: Դե, իսկ մնացած բացն էլ լրացնում էր ֆիլմի հեղինակը, որը, դատելով նրա ձայնից, ԱԺ հանրային կապերի աշխատակցուհի էր: Ընդ որում, հետաքրքիր էր, որ ո՛չ ֆիլմի սկզբում, ո՛չ էլ վերջում, ինչպես կարգն է, չերեւացին լուսագրեր, որպեսզի պարզ դառնար` այդ ֆիլմը պատրաստել է «Արմնյո՞ւզ»-ը, մեկ այլ փրոդա՞քշն, թե՞ շեֆին նվիրված ներբողաֆիլմը ստեղծվել է ԱԺ լրատվականում` հարկատուներիս միջոցների հաշվին: Ինչեւէ: Այս ֆիլմը մեզ` ՀՀ անտեղյակ քաղաքացիներիս, բացահայտեց, որ ի դեմս Հովիկ Աբրահամյանի` մենք գործ ենք ունեցել քաղաքական մտքի գիգանտի, փայլուն դիվանագետի, իմաստուն հոգեբանի, «ծերանոցների ծերերի համար իսկական որդու», իսկ «մանկատների որբերի համար իրական ծնողի», անդավաճան ընկերոջ, հումորի մեծագույն վարպետի եւ Հայաստանն ազատ ու բարեկեցիկ դարձնողի հետ: Այսքանով, իհարկե, հնչած դիֆերամբների շարքը չի ավարտվում, քանի որ, ինչպես նշեցի, քծնանքանյութն ամբողջ մեկուկես ժամանոց էր: Ինչ խոսք, մեր հանրությանն այլեւս չես զարմացնի եթերից սփռվող անպատկառ ստով, գայլերին` գառ, իսկ թալանչիներին` ազգի փրկիչ ներկայացնող հեռուստաաղբով: Տվյալ դեպքում, սակայն, Հովիկ Արգամիչի հասցեին շողոքորթությունը հետաքրքրական էր նրանով, որ հնչում էր ոչ միայն ֆիլմի անհայտ եւ, հավանաբար, լավ վճարված հեղինակի, այլեւ քաղաքական ու մտավորական հայտնի դեմքերի շուրթերից: Այսպես. իրեն ընդդիմադիր համարող դաշնակցական Վահան Հովհաննիսյանը Հովիկ Աբրահամյանին ներկայացրեց իբրեւ հայ քաղաքական եւ դիվանագիտական մտքի հսկա, ով եվրոպաներում կարողանում է «ժպիտը դեմքին ո՛չ ասել»: Պատկերացնո՞ւմ եք, կարելի է մտածել, թե եվրոպական լուրջ կառույցներում Հովիկ Աբրահամյանին ինչ-որ լուրջ բան են ասել, որ նա էլ «ժպիտը դեմքին ո՛չ ասեր»: Վերադառնանք ֆիլմի բացմանը. 2008թ. սեպտեմբեր. Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրում է ոչ այլ ոք, քան այդ ժամանակ դեռ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Աբրահամյանն ընտրվում է եւ անմիջապես ձեռնամուխ լինում «ԱԺ դերի բարձրացմանը»: Եւ այստեղ սկսվում է Արգամիչից հանդուրժողականության եւ բարության տիպարի կերտման հատվածը. Դավիթ Հարությունյան, ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ. «Այն փորձը, որ ուներ Հովիկ Աբրահամյանը` մարդկային պարզ շփման փորձը, դա ձեռք չի բերվում համալսարաններում… Եւ ահա նաեւ բոլոր ուժերի հետ շփվելու այդ փորձն է, որ նրան շահեկանորեն առանձնացրեց ԱԺ բոլոր նախագահներից»: Բոլորի հետ շփվող, հումորով, միշտ ժպտացող Հովիկ Աբրահամյանին գովերգում է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը` շեշտելով ԱԺ նախագահի դրսեւորած «ուշադրությունն» իր ղեկավարած հիմնարկի հանդեպ: Թե ինչով էր պայմանավորված այդ «ուշադրությունը», կարծում ենք` մանրամասնելու կարիք չկա: Այնուհետեւ դիֆերամբաձոնման էստաֆետը վերցնում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ով, անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգմանն, ասում է. «Հովիկ Աբրահամյանը շատ մեծ գործ կատարեց, նրա շնորհիվ ԱԺ-ն ունեցավ նոր դահլիճ: Եւ արդեն դա բավական է, որ նա մնա որպես շատ մեծ գործ կատարած գործիչ, մնա պատմության մեջ»: Ո՛չ ավել, ո՛չ պակաս: Կարծես թե Հովիկ Աբրահամյանն այդ դահլիճը վերանորոգել էր սեփական փողերով: Ի դեպ, բավական զավեշտալի էր ֆիլմի հեղինակի այն պնդումը, թե ԱԺ եղած դահլիճն «արդյունավետ աշխատանքի հնարավորություն չէր տալիս»: Կարելի է մտածել, թե կորեացիներից «կպցրած» սարքավորումներով համալրված ու Արգամիչի անձնական ճաշակով ձեւավորված նոր դահլիճում պատգամավորները «կոտորվել են»` արդյունավետ աշխատելով: Այնուհետեւ կտրուկ անցում է կատարվում ԱԺ նախագահի մշակութասեր բնույթին: Այստեղ արդեն սկսվում են քծնանքի առավել արտիստիկ դրսեւորումները` ի դեմս դերասան Երվանդ Ղազանչյանի ծեքծեքուն հաճոյախոսությունների: Սակայն, ինչ խոսք, մտավորականության «ցեխի» իր բոլոր կոլեգաներին գերազանցում է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, որին Հովիկ Աբրահամյանը կարգել էր իր ստեղծած ասմունքի փառատոնի ժյուրիի նախագահ: Եւ ահա սույն պոետը, առանց ամաչելու իր մասնագիտությունից, հեռուստաէկրանից հայտարարում է բառացիորեն հետեւյալը. «Հովիկ Աբրահամյանն անվարձահատույց կերպով պոեզիան սեփականաշնորհեց ժողովրդին, վերադարձրեց ժողովրդին պոեզիան»: Ողբամ զքեզ, ով հա՛յ ժողովուրդ, եթե քեզ պոեզիան վերադարձնողը Հովիկ Աբրահամյանն է, պոետդ էլ` Ռազմիկ Դավոյանը, ով համարում է, որ Հովիկ Աբրահամյանը կարող է պոեզիան սեփականաշնորհել: Սա, ինչպես ասում են, արդեն վերջն է: Եւ այն, որ Դավոյանի այս մարազմատիկ խոսքերը տեղ էին գտել ֆիլմում, ցույց տվեց, որ Հովիկ Աբրահամյանի կարիերայի վերջն էլ հեռու չէ, քանի որ նրա մոտ ինքնասիրահարվածությունն արդեն հատել է թույլատրելի սահմանները: Հ.Գ. Միակ բանը, որ ինձ հետաքրքրում էր ողջ ֆիլմի ընթացքում, այն էր, թե քծնանքի այս մրցավազքի մասնակիցները, Հովիկ Աբրահամյանի հրաժարեցումից հետո դիտելով ֆիլմը, ինչ զգացողություններ ունեին: ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՔԾՆԱՆՔԻ ՄՐՑԱՎԱԶՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ