Հիմա այդ օրերին երանի ենք տալիս․ ինչ է պատմում Արցախից բռնի տեղահանված Նորայր Ասրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջափակումի ծանր օրերի, գաղթի ճանապարհի ու սպասվող պատերազմի իր կանխատեսումների մասին պատմում է Արցախից բռնի տեղահանված Նորայր Ասրյանը․

«Մինչև պատերազմի սկսվելը՝ ես արդեն կանխատեսում էի, որ պատերազմ լինելու է, բայց թե, երբ և ինչպես կավարտվի, պատկերացում անգամ չունեի»,- ArmLur.am-ի հետ զրույցում՝ ասում է Արցախից բռնի տեղահանված Նորայր Ասրյանը:

«Պայմանագրային զինծառայող էի: Մինչև պատերազմի սկսվելը՝ նկատել էի զինտեխնիկայի պարբերաբար կուտակումը թշնամու կողմից: Մենք էլ մեր վերադասին էինք տեղեկացնում, որ բավականին կուտակում կա, սակայն մեզ հաղորդում էին, որ նրանք պատրաստվում են զորավարժության: Երբ մոտեցա մեր հերթափոխին, որ պիտի արդեն իջնեինք, թույլ չտվեցին՝ ասելով, որ «համար 1» դրություն է հայտարարված պետք է մնանք դիրքերում: Երկու օր մյուս հերթափոխի հետ դիրքում մնալուց հետո հայտարարեցին, որ իջնենք, սակայն, տուն հասնելուն պես, զանգեցին ու տեղեկացրեցին, որ լարված իավիճակ է, պիտի գնանք դիրքեր: Այդպես մեկ շաբաթ ու դեռ ավել անընդհատ կանչում, դիրքեր էին բարձրացնում և իջեցնում»,- պատմում է մեր զրուցակիցը:

Սեպտեմբերի 19-ին կրկին կանչեցին զորամաս, բաժանեցին զենքերը, և հանձնարարական ստացանք դիքեր բարձրանալու:

«Այդ օրն արդեն ասացին, որ կռիվ է լինելու, պիտի ամեն ձև պատրաստ լինենք: Ամեն տեղից կրակում էին, իսկ մենք չունեինք ո՛չ բավարար զենք, ո՛չ էլ բավարար քանակ կռվելու համար: Եղածով պաշտպանվում էինք: Մեկ օրվա ընթացքում կորցրեցի իմ ընկերներին, ընկանք շրջափակման մեջ: Ինքնուրույն կարողացանք դուրս գալ շրջափակումից, քանի որ տարածքին ծանոթ էինք: Անտառով եկանք հասանք Ստեփանակերտ: Ճանապարհին դիմավորեց մեծ եղբայրս և ասաց, որ գյուղերը չկան էլ, իսկ բնակիչներին տարհանել են: Կինս 5 երեխաներիս և երկու եղբայրներիս, կանանց ու երեխաների հետ ապաստանել էր Իվանյանի ռուսական ռազմաբազայի մոտ: 4 օր մնացին այնտեղ՝ հույս ունենալով, որ ետ կուղարկեն: Սեպտեմբերի 24-ին հայտարարեցին, որ պիտի դուրս գանք Արցախից»,- պատմում է Նորայր Ասրյանը:

4 օրս մնացին այնտեղ՝ հույս ունենալով, որ ետ կուղարկեն, սակայն սեպտեմբերի 24-ին հայտարարեցին, որ պիտի լքեն Արցախը: Սեպտեմբերի 25-ին Նորայրի ընտանիքը ևս բռնեց գաղթի ճանապարհը:

«Սեպտեմբերի 25-ին սկսվեց մեր ընտանիքի գաղթը, մի ողջ գերդաստան տեղափոխվեց Երևան 3 ֆորդով: Երկու գիշեր անցկացրինք ճանապարհին սոված ու գրեթե հյուծված վիճակում. ուտելու ոչինչ չկար, իսկ երեխաներն անընդհատ հաց էին ուզում: Միայն իմ մեքենայում 15 երեխա կար: Մի կերպ էինք երեխաներին հանգստացնում, երբ հաց էին ուզում: Երկու օր ճանապարհին գիշերելուց հետո՝ երրորդ օրը հասանք Գորիս»,- պատմում է մեր զրուցակիցը:

Մի քանի օր մնացին Երևանում՝ բարեկամի տանը: Վարձով տուն գտնելուն պես՝ տեղափոխվեցին Կաքավաձոր համայնք: Տան պայմանները գոհացուցիչ չեն․ խոնավ է, բավականին ցուրտ ու անմխիթար վիճակում: Մի տան մեջ ապրում են 14 հոգով:

«Բլոկադան ինչքան դժվար էր, միևնույն է՝ մենք մեր մեջ ուժ էինք գտնում և կարողանում էինք հաղթահարել ցանկացած իրավիճակ: Սկզբից տալոններով էին հաց բաժանում, հետո դրանք էլ հանեցին, քանի որ ալյուր չկար և ով ինչպես կարող էր հաց էր հայթհայթում: Բլոկադայի օրերին գներն էլ ավելի աճեցին: Մի սիգարետի համար 40000 էինք վճարում, էն էլ դիրքերում իրար մեջ բաժանում պրծցնում էինք, սուրճը 3000-ով, որ գտնում էինք այդ օրը ուրախ էինք քայլում: Փողը կորցրել էր իր արժեքը: Կամ ապրանքներն էինք փոխանակում, կամ էլ գումարն էինք փոխանակում մեր ցանկացած ապրանքով: Բայց հիմա այդ օրերին երանի ենք տալիս, քանի որ մեզ գոնե մխիթարում էինք նրանով, որ մեր հայրենի հողում էինք»,- ասում է Նորայր Ասրյանը և հույս հայտնում, որ մի օր անպայման տուն է դառնալու:

Նանիկ Աղասյան




Լրահոս