Երեկ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել: Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ, ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Վարդան Եղիազարյանը: Հիշեցնենք, որ մինչ ադ շտաբի պետի պարտականությունները կատարում էր Էդուարդ Ղազարյանը: Բայց քանի որ գարնանը մամուլով հրապարակումներ եղան, որ Ղազարյանի տարիքն անցել է, եւ նա պետք է թոշակի գնա, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վերջինիս ազատեց պաշտոնից եւ նշանակեց ոստիկանապետի խորհրդական: Սակայն Ղազարյանը ժամանակավորապես շարունակեց կատարել շտաբի պետի պարտականությունները:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ իր պաշտոնից ազատվել է նաեւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Գարբուզյանը: Հիշեցնենք` օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գարբուզյանի կնոջը պատկանող «Մագամ» սրճարանում մի աղջկա 4 ամիս աշխատեցրել են եւ չեն վճարել: 30-ամյա Էմմայի մայրը` Գոհար Փափազյանը, մեզ տեղեկացրել էր, որ սրճարանի տիրուհին` Վիոլետա Մամիկոնովնան, բոլորին ասում է, որ ինքը ոչ մեկից չի վախենում, քանի որ իր ամուսինը ոստիկանությունում է աշխատում: «Մագամ»-ի տիրուհին մեզ հետ զրույցում եւս հաստատել էր, որ իրենք օրենքի մարդիկ են եւ չեն կարող մարդկանց աշխատավարձերը չվճարել:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ