«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փողոցներ փակելով, ռադիոտուն ներխուժելով եւ անհնազանդության ակցիաներով իշխանության եկած թավշյահեղափոխականների իշխանությունը, թերեւս, ամենաանհանդուրժողն է փողոցային ակցիաների նկատմամբ: Սրա մասին է փաստում մինչ այս ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի նախաձեռնած ակցիաների առաջնորդների եւ դրա մասնակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության դրսեւորած վերաբերմունքը:
Երբ ընդդիմադիր դաշտում որեւէ նոր հակաիշխանական շարժում է ձեւավորվում, իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում դրա մասնակիցներին պիտակավորելու եւ վարկաբեկելու համար: Նիկոլ Փաշինյանն անհանդուրժող է նաեւ իր երբեմնի գաղափարակիցների նկատմամբ: Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը, որը հեղափոխության ակտիվ ջատագովներից էր, 44-օրյա պատերազմից հետո տարբեր ֆորմատներով ակցիաներ է իրականացնում, շարժումներ է ձեւավորում եւ պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Այս օրերին Սուրեն Սահակյանի եւ նրա թիմակիցների ձեւավորած «Զանգ» շարժումն է քայլերթեր եւ անհնազանդության ակցիաներ իրականացնում, վրան տեղադրում. ինչպես նրանց հայտարարություններից է պարզ դառնում, ոստիկանությունն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում ակցիայի մասնակիցների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը Սուրեն Սահակյանից հետաքրքրվել է՝ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության անհանդուրժող վերաբերմունքն իրենց ակցիաների նկատմամբ, արդյոք փողոցային պայքարի օրերին ինքն արժեքավոր խորհուրդներ է տվել՝ ինչպես աշխատել հանրութան հետ:
«Մի անգամ առանձնազրույցում ոստիկաններից մեկն (թող ների, որ, առանց իր ասելու, հրապարակում եմ իր ասածը) ինձ ասաց՝ ես ամեն բան լավ հասկանում եմ, բայց բոլոր ժամանակներում ոստիկանության բոլոր ժամանակների միակ սրբազան պարտականությունը օրվա իշխանությունների «հետույքը» պահելն է. սա էլ երեւի Ձեր հարցի պատասխանն է՝ ինչու են այդպես վարվում:
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի անունը չի հնչում, ամեն ինչ լավ է՝ գնացե՛ք, խոսե՛ք ձեզ համար, ոնց ուզում եք, քայլե՛ք, ժողովրդավարության բաստիոն է, բայց հենց Նիկոլ Փաշինյանին ինչ-որ վտանգ է սպառնում, դա ոստիկանության եւ նրա քաղաքական հրահանգիչների նյարդերին ազդում է»,- արձագանքեց Սուրեն Սահակյանը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում