Հատուկ վերանայման բողոք. Երեւանի կենտրոնում «Համմերի» «անորսալի» վարորդը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի կենտրոնում «Համմերի» «անորսալի» վարորդի գործով ՀՀ վերաքննիչ դատարան հատուկ վերանայման բողոք էր ներկայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը:

Մեղադրյալ Գեղամ Սահրադյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 15-ի որոշումը թողնել անփոփոխ։ Նա կշարունակի մնալ կալանքի տակ:

2023թ․ փետրվարի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համմեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։

Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։

Այնուհետև նա երթևեկել է ՀՀ Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։
Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից` մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երևան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ և դիմել փախուստի:

Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ Գեղամ Ս.-Ն, ով եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ:

Պարզվել էր, որ տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք: Գործը դատարանում է։

Քնար Մանուկյան




Լրահոս