ՖՈՏՈ․ «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ»-ի նախադիտումը, հայտնի հյուրերն ու ուշագրավ մանրամասները․ ինչ են պատմում ֆիլմ ստեղծողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ից մեծ էկրաններ կբարձրանա «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմը, որի նախադիտումը կայացավ նոյեմբերի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Որպես ֆիլմի գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Վիկտորիա Սահակյանը, Սոս Ջանիբեկյանը, Լևոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը, Անի Խաչիկյանը, Գրիշա Աղախանյանը և այլք:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ֆիլմի գաղափարն ի սկզբանե ծնվել է Արշալույս Հարությունյանի մոտ, իսկ սցենարը գրել է Նարեկ Ավագյանի հետ։ Պրոդյուսերն Արման Միտոյանն է:

«Մեծ ու բազմաժանր դերասանների շնորհիվ հասկացանք, որ եթե այսպիսի մարդկանց ենք հավաքել մի տեղ, ուրեմն՝ կարելի է ստեղծել այսպիսի նախագիծ, որը, կարծում եմ՝ իր ժանրի մեջ նորություն է»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց պրոդյուսերը:

Իսկ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի կարծիքով սա իր կյանքի ամենաերկար նախագիծն էր:

«Սա իմ կյանքի, երևի, ամենաերկար, ձգված նախագիծն է եղել: Որքան պրոցեսը ձգվեց, այնքան երկար կարողացա վայելել այն մարդկանց, ովքեր աշխատել են այս նախագծի շուրջ»:

Հավելենք, որ ֆիլմի հերոսը չկայացած ռեժիսոր է, որին թատերական ինստիտուտից հեռացրել են իր անհավանական և համարձակ մտքերի համար։ Բայց քանի որ թատրոնում դա իրեն չի հաջողվում, նա որոշում է իր խելահեղ մտքերն իրագործել կյանքում։ Նա իր շուրջն է հավաքում իր նման արկածախնդիրների՝ աճպարար, հակեր, նախկին ոստիկան, իր սիրելի աղջկան, ով մասնագիտությամբ լրագրող է և բոլոր այս մարդկանց հետ որոշում իրականացնել «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան, որն էլ դառնում է իր կյանքի ամենաեկամտաբեր և ամենասպասված ստեղծագործությունը:

Անդրադառնալով Քեն Դավիդյանին ռեժիսորը նշեց, որ հենց նրան էր տեսնում տվյալ դերում.

«Այս ֆիլմում կինոսիրողը կտեսնի իրեն արդեն ծանոթ դերասաններին բոլորովին այլ տեսանկյունից և կբացահայտի նոր ու տաղանդավոր դերասանների։ Պետք է նշեմ, որ ֆիլմում 300-ից ավել դերասան է նկարահանվել, որոնցից կցանկանամ առաձնացնել Քեն Դավիդյանին, ով իր խաղով, մտքով, հումորի զգացումով յուրահատուկ հմայք, համ ու հոտ հաղորդեց ֆիլմին։ Շատ հետաքրքիր, խարիզմատիկ և գրեթե անկառավարելի դերասան է։ Միայն այն հանգամանքը, որ Քենը հայերեն չէր կարդում, ուներ բոլորովին ուրիշ մենթալիտետ և լեզվամտածողություն, բավականին դժվարացնում էր պրոցեսը։ Բայց մեզ շատ արագ հաջողվեց զգալ ու հասկանալ միմյանց։ Նա հաճախ ափսոսանք էր հայտնում, որ ես Հոլիվուդում չեմ, իսկ ես խոստովանում էի, որ եթե ինքը լիներ Հայաստանում, ես մեծագույն սիրով անդադար կաշխատեի իր հետ։ Իսկապես շատ ուրախ եմ, որ Քեն Դավիդյանը համաձայնեց նկարահանվել ֆիլմում, նա իր ներկայությամբ հարստացրեց մեզ բոլորիս»:     

Մարիամ Ղազարյան




Լրահոս