ՔՊ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ ԻՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոյեմբերի 16-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախաձեռնող խմբի նիստ էր արել: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Տեղեկացանք, որ վարչության նիստը 2 ժամից ավելի է տեւել եւ հիմնականում նվիրված է եղել ՔՊ կանոնադրությանն ու կուսակցականների էթիկայի վարքականոններին: Մեր տեղեկություններով՝ պատճառն էլ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի սկանդալային վարքագիծն է եղել, ինչի պատճառով էլ նա հեռացվել էր կուսակցությունից. հավանաբար, Նիկոլ Փաշինյանը որոշել է դաս տալ ՔՊ-ականներին: ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը նիստի սկզբում կուսակցության կանոնադրությունն է ընթերցել թիմակիցների համար, խոսել է նրանց պարտականությունների ու էթիկայի կանոններին հետեւելու անհրաժեշտության մասին, խոսել է նաեւ կուսակցաշինության մասին: Թե ինչու հենց Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ից ասացին, որ վարչությունն է այդպես որոշել: ՔՊ-ականներին ասվել է, որ չպետք է շեղվեն կուսակցության կանոնադրությունից, խստորեն պետք է հետեւեն դրան եւ չպետք է իրենց վարքով ստվեր գցեն ամբողջ թիմի վրա: Կուսակցության նախաձեռնող խմբի նիստն իր կարճ ելույթով եզրափակել է Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ է նաեւ, որ նախաձեռնող խմբի նիստին նախարարները ներկա չեն եղել:

 

 

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այն պատգամավորներից եւ քաղաքական գործիչներից է, որը եւս ունի լրագրողական անցյալ։ Նա դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Ուշագրավն այն է, որ հենց 2018 թվականի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Բաբկեն Թունյանը նոր մեքենա է գնել։ Այս մասին տեղեկանում ենք Բաբկեն Թունյանի՝ 2023 թվականի մայիսի 31-ին ներկայացրած 2022 թվականի եկամուտների եւ գույքի հայտարարագրից։ Մեքենան Mercedes Benz մակնիշի է՝ արտադրված 2004 թվականին։ Թունյանը, ըստ հայտարարագրի, ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերվել 1994 թվականին համատեղ սեփականությամբ Դավթաշեն վարչական շրջանում։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն դրամ, որին կից նշված է, որ այս գումարը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Թունյանը 2022 թվականի հուլիսից զբաղեցնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 779 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները 1200 ԱՄՆ դոլար եւ 1 մլն 200 հազար դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 8 մլն 465 հազար դրամ, որից 8 մլն 354 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 111 հազար դրամը քաղաքացիական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ պետական կառավարման ակադեմիայից։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ՝ ԱԺ նստաշրջանի մեկնարկից առաջ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքն ընդլայնված կազմով նիստ է արել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Քննարկվել են առաջիկա անելիքները եւ ԱԺ-ում «Հայաստան» ֆրակցիայի մարտավարության հետ կապված հարցեր: Հանդիպման մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «Այո՛, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Հայաստան» դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հաստատում եմ ձեր տեղեկությունը, ուզում եմ նաեւ ընդգծել, որ այստեղ զարմանալու ոչինչ չկա, քանի որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում»: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, նոյեմբերի 6-ին ԱԺ պատգամավորի մանդատ ստացավ, իսկ արդեն նոյեմբերի 14-ի ԱԺ նիստում պաշտոնապես երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

 

 

Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել բենզալցակայանների եւ ավտոցիստեռների շահագործման պայմանների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ մի քանի կանոններ պետք է ապահովվեն, օրինակ՝ նախքան շինարարական աշխատանքներ սկսելը սեփականատերը կամ շահագործող անձը դիզայնի ծրագիրը (էսքիզ) պետք է ներկայացնի Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով: Մյուս կետով՝ կառուցման ժամանակ պետք է նախատեսել բոլոր մեխանիզմների, սարքավորումների, ավտովառելիքի պահեստարանների ու բաքերի, խողովակաշարերի, վառելիքաբաշխիչ աշտարակների եւ այլնի պաշտպանվածությունը ցանկացած տեսակի վնասվելու ռիսկից: Հիմնավորման մեջ նշվում է, թե նման նախագծի հիմք են հանդիսացել վերջին շրջանում շատացած դեպքերը։

 

 




Լրահոս