Ռուսաստանի անասնաբուժական ու սանիտարահիգիենիկ հսկողության ծառայությունը («Россельхознадзор»-խմբ․) մտահոգություն է հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ։ Դրանով պայմանավորված է Հայաստանից որոշ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրները։
Ծառայության պաշտոնական կայքում նշված է, որ 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում կարանտինային վնասակար օրգանիզմների առկայության 72 դեպք։ Նշվում է, որ նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ։
«Միայն նոյեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 փաստ, որոնք ստացվել են ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ: Բուսական արտադրանքում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտներ՝ արևելյան ցեց (Grapholita molesta (Busck), պեպինոյի խճանկարային վիրուս (Pepino mosaic virus), լոլիկի, մրգերի շագանակագույն կնճռոտման վիրուս (Tomato brown rugose fruit virus), արևմտյան ծաղկային տրիպս (Frankliniella occidentalis Pergand)», – հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»:
Բացի այդ, նշվում է, որ նոյեմբերին Հայաստանից ներմուծված լոլիկի, ելակի, խնձորի և խաղողի մեջ պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 5 դեպք է արձանագրվել, ինչը կարող է վկայել արտադրողների կողմից պեստիցիդների կիրառման կանոնակարգերի խախտման մասին: