Այն, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն արդեն Հայաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է դարձել ու ողջ բանկային համակարգը հպատակեցրել իրեն, ոչ ոք չի կասկածում: Չեն կասկածում նաեւ այն բանին, որ հատկապես վերջին շրջանում Ջավադյանն այնքան է հզորացել եւ ինքնուրույնություն ձեռք բերել, որ անգամ հեռացել է իրեն այդ պաշտոնին նշանակած Տիգրան Սարգսյանից եւ առավել մերձեցել Սերժ Սարգսյանին` միաժամանակ հզոր հովանավորներ գտնելով նաեւ միջազգային ֆինանսական դաշտում: ԿԲ այս նախագահն էլ մշտապես «կողմ» է արտահայտվում դոլարի լողացող կուրսին, չի ուզում, որ դրամը հզորանա, քանի որ կվնասվեն օլիգարխների շահերը: Այսինքն` այս մարդը ԿԲ-ում ոչ թե երկրի, այլ օլիգարխների համար է աշխատում: Դե ինչպե՞ս չաշխատի, երբ այսօր Արթուր Ջավադյանը միացել է Հայաստանի ամենահարուստ մարդկանց, բազմապատկել իր ունեցվածքը, որը ձեռք է բերել տարիներ շարունակ` մոտ քսան տարի դիրքավորվելով բանկային համակարգում, մոռացության մատնելով գյուղատնտեսության ինժեներ-մեխանիկի բազային կրթությունը: Լոռեցի ծնողները հավանաբար շատ էին երազում, որ իրենց որդին գյուղատնտեսության մեջ աշխատի, դրա համար ոչինչ չխնայեցին նրա համար, նպաստեցին, որ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի անցնի «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորումում, հետո ասպիրանտուրա ընդունվի, որպեսզի չծառայի անիծյալ խորհրդային բանակում: 1987-ից Ջավադյանն աշխատանքի անցավ «Գլխհայջրշին» տրեստում, դարձավ երկրորդ կարգի մասնագետ, հետո էլ անսպասելիորեն հայտնվեց բանկային համակարգում` 1989-1991թթ.-ին լինելով «Երեւան» բանկի մասնագետ, բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ, վարչության անդամ: 1991-ին` բանկային գործին ընդամենը երկու տարի ծանոթ լինելուց հետո, դարձավ «Հայինվեստբանկ»-ի վարչության նախագահ ու այս պաշտոնում մնաց մինչեւ 1997թ.: Այս ընթացքում «Հայինվեստբանկ»-ը բարգավաճեց, ֆինանսական աշխարհի «մոնստրներից» մեկը դարձավ` միաժամանակ կրելով ծանր կորուստներ: Նրա «Շիրակինվեստբանկ» մասնաճյուղում մեծ յուրացումներ եւ ապօրինություններ գրանցվեցին. Արթուր Ջավադյանը ստիպված էր այս բանկը «դուրս գրել» եւ լուծարել: 1999-ին Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Արթուր Ջավադյանը, արդեն լինելով Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, այստեղ նշանակվեց «Հայինվեստբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի ֆինանսական գծով խորհրդական: Բանկային չգրված օրենքներ կան, որ ԿԲ խորհրդի անդամը մեկ այլ բանկում աշխատանք չունենա, քանի որ կան բանկային գաղտնիքներ, սակայն Արթուր Ջավադյանը դուրս էր այդ օրենքներից… 2000-2001թթ.-ին արդեն առավել ամրապնդվեցին Տիգրան Սարգսյանի եւ Ջավադյանի բարեկամական հարաբերությունները, եւ Ջավադյանը հայտնվեց ԿԲ նախագահի խորհրդականի պաշտոնում: Այս ընթացքում, իհարկե, Ջավադյանը դասընթացներ էր անցել Նյու Յորքի ամերիկյան բանկային գործի ինստիտուտում, Շվեյցարիայի կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնում, Տորոնտոյի վերին ղեկավարության միջազգային կենտրոնում եւ այլն: Մասնակցել էր նաեւ ճապոնական ֆինանսական դասընթացների, սակայն, ինչպես երեւում է, ճապոնական ֆինանսական գիտելիքները նրան պետք չեն եկել, այլապես մեր Կենտրոնական բանկը չէր նմանվի գավառային գրասենյակի… 2003-2008թթ.-ին լինելով ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի տեղակալը` Ջավադյանն էլ նպաստեց այն բանին, որ ԿԲ-ն մեծ դերակատարություն ունենա երկրի տնտեսության քայքայմանը, ֆինանսական կասկածելի գործարքների կնքմանը, ոսկու ֆոնդի վաճառքին, մի շարք օլիգարխների բանկային արտոնությունների տրամադրմանը, որոնց հետեւանքով ամբողջապես փոշիացման շեմին հասավ միջին գործարարությունը: 2008-ից արդեն դառնալով ԿԲ նախագահ` Արթուր Ջավադյանն էլ նպատակասլաց կերպով իրականացնում է երկրի տնտեսության մասնատումն ու ավերումը: Փոխարենը հարստանում է ինքը: Այնքան է հարստանում, որ չի նկատում, թե ինչ է կատարվում համաշխարհային բանկային համակարգում, ինչ զարգացումներ են արձանագրվում, ինչպես է Հայաստանը դուրս մղվում բոլոր տրամաբանական դրսեւորումներից: Հավանաբար հենց այդ էլ նկատի ունենալով` ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ջավադյանին անվանել էր «պաթոլոգիական ապուշ»: Նախկին վարչապետն իր հիմնավորումն ուներ` մեղադրելով ԿԲ նախագահին այն բանում, որ ստում է` ներկայացնելով միանգամայն այլ ֆինանսական պատկերներ եւ զարգացումներ… Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, 2003-2008թթ.-ին լինելով ԿԲ նախագահի տեղակալ, միաժամանակ «Հայներարտբանկ»-ի սեփականատերն էր, ինչը գործող օրենսդրության կոպտագույն խախտում էր: Նա վերահսկում էր «Գենոն» ընկերությունը, որը «Հայներարտբանկ»-ի սեփականատերն էր: 2005թ.-ին վաճառեց իր բաժնեմասը «Հայներարտբանկ»-ում հայկական ծագումով ուկրաինացի երկու քաղաքացիների, եւ այն անվանափոխվեց «Հայբիզնեսբանկ»-ի: Նոր գործընկերների մեջ հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը: Արթուր Ջավադյանը նաեւ աղմուկով սնանկացած «Արմենիա» բանկի նախագահի տեղակալն էր: Այս ամենի մասին Ջավադյանն իր կենսագրության մեջ չի նշում, սակայն հազիվ թե նրան հաջողվի մախաթը պարկում թաքցնել, քանի որ ունեցվածքն ինքնին տեսանելի է շատերին… Հիմա, իհարկե, Արթուր Ջավադյանը կարող է հայտարարել, որ ինքը հարուստ մարդ չէ, որ ապրում է իր «համեստ» աշխատավարձով, որը մոտենում է 4 հազար դոլարին, սակայն Հայաստանը փոքր երկիր է, ամեն ինչ տեսնում են այստեղ, նաեւ տեսնում են այն շքեղ հարսանիքը, որի վրա ծախսված միջոցներով կարելի էր Օպերայի եւ բալետի թատրոնի 700 հոգուց բաղկացած անձնակազմին երկու ամսվա աշխատավարձ տալ… Վերջերս էլ Արթուր Ջավադյանը, Տիգրան Սարգսյանի հետ զուգընկերակցելով, բավականին «ինքնատիպ» ձեւով է օգտագործում Ռուսաստանից ստացված հսկայական վարկը: 2009-ին ՌԴ-ից բերված կես միլիարդ դոլարի վարկը, որի դիմաց Հայաստանը տարեկան պետք է վճարի 50 միլիարդ դրամ միայն պարտքի սպասարկման համար, օգտագործվում է բավական յուրօրինակ ձեւով: Ռուսական պարբերականից տեղեկանում ենք, որ այդ վարկային միջոցների հիմնական մասը կառավարության ղեկավարը, համաձայնեցնելով իր գործողությունները ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանի հետ, ուղղորդել է բազմաթիվ բիզնես ոլորտներ, մասնավորապես շինարարության ոլորտ (խոսվում է «Ուկրշին»-ի մասին), որտեղ ներգրավված է վարչապետի հորեղբայրը: Wek.ru-ն գրում է, որ երջանիկ պատահականությամբ «Ուկրշին»-ը սկսել է Հայաստանում շահել բոլոր խոշոր շինարարական տենդերները: Նախարարությունների ղեկավարներին պարտադրում են, որպեսզի խոշոր տենդերները շահի «Ուկրշին»-ը. դեղագործության ոլորտ, որտեղ արագորեն քաշ հավաքեց «Վագաֆարմ» ընկերությունը, որի 50%-ը պատկանում է Տիգրան Սարգսյանին, ապահովագրական ոլորտ, աուդիտի ոլորտ: Նշյալ կայքի տեղեկություններով` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի աջակցությամբ մի շարք բանկերում բացվել են տարատեսակ հաշիվներ, որոնց միջոցով շրջանառվում են հայաստանյան չափանիշներով ահռելի գումարներ, որոնք վերահսկվում են վարչապետ Սարգսյանի կողմից: Ընդ որում, ֆինանսական «մուծումների» գործընթացը վարչապետի անունից կառավարվում է նրա աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից…ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ՋԱՎԱԴՅԱՆ ՈՒՆԵՆՔ` ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ