Նոյեմբերի 30-ից մեծ էկրաններ կբարձրանա «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմը, որի նախադիտումը կայացավ նոյեմբերի 26-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
ArmLur.am-ը գրել էր, որ որպես ֆիլմի գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Վիկտորիա Սահակյանը, Սոս Ջանիբեկյանը, Լեւոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը, Անի Խաչիկյանը, Գրիշա Աղախանյանը եւ այլք:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ֆիլմի գաղափարն ի սկզբանե ծնվել է Արշալույս Հարությունյանի մոտ, իսկ սցենարը գրել է Նարեկ Ավագյանի հետ։ Պրոդյուսերն Արման Միտոյանն է:
ArmLur.am-ը ֆիլմի մանրամասների, իր մարմնավորած կերպարի եւ բարդությունների մասին զրուցել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ:
-Ումի՞ց եւ ինչպե՞ս ստացաք առաջարկը՝ նկարահանվելու ֆիլմում:
-Քանի որ ֆիլմի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է, ում հետ աշխատում ենք Կամերային թատրոնում, ընթացքում եկավ, ասեց, որ մի շատ հետաքրքիր կերպար կա ոչ պակաս հետաքրքիր ֆիլմում եւ իր կարծիքով ես դա լավագույնս կմարմնավորեմ:
-Երբ առաջին անգամ կերպարի մասին էիք կարդում, միանգամից հասկացա՞ք, որ այն Ձերն է: Ի՞նչ աշխատանք եք տարել: Ես գիտեմ, որ Արշալույս Հարությունյանը սովորաբար մանրակրկիտ աշխատանք է տանում դերասանների եւ իրենց մարմնավորած կերպարների հետ:
-Քանի որ Արշալույսը մինչեւ իմ կարդալն արդեն ասել էր, թե ինչպես է պատկերացնում իմ ու կերպարիս համադրությունը (պետք է նշեմ, որ նա շատ վառ երեւակայություն ունի եւ կարողանում է կերպարը մատուցել այնպես, որ այն հեշտությամբ դառնա քոնը), դրա համար պատկերացնում էի, թե ինչ եմ խաղալու:
-Ի՞նչ կերպար է, ու՞մ եք մարմնավորում, ի՞նչ բնավորություն ունի նա:
-Կերպարս հակակշիռ է մյուս «մեծապատիվ մուրացկանին»՝ ի դեմս Ռաֆայել Երանոսյանին: Քանի որ ֆիլմի անունը «Օպերացիա մեծապատիվ մուրացկաններ» է, խոսքը այն «մեծապատիվ մուրացկանների» մասին է, որոնք զգացել են փողի համը, սակայն այդ ստատուսը չունեն:
-Իսկ այս անգամ մենք տեսնելու՞ ենք նոր Լուիզայի: Հայկական ֆիլմարտադրության հիմնական խնդիրն այն է, որ մի ֆիլմից ֆյուսն «անցնելիս» դերասանները սովորաբար փոփոխության չեն ենթարկվում եւ մենք կարծես բոլոր ֆիլմերում նույն կերպարը տեսնենք:
-Չի կարելի պահանջել, որ դերասանն ամբողջությամբ իր կաշվից դուրս գա եւ լրիվ այլ տեսակով ներկայանա: Այստեղ շատ կարեւոր է առաջադրված հանգամանքները եւ թե ինչքանով ես քեզ այդտեղ հարմարավետ զգում եւ հասկանում, թե ով ես դու եւ որ իրավիճակում ինչպես պետք է գործես: Արտահայտչամիջոցների առումով բնականաբար մենք չենք կարող մեր ֆիզիկային ու բնությանը հակառակ գնալ, այդ իսկ պատճառով ես ավելի շատ կենտրոնանում եմ նրա վրա, թե որքանով է ստացվել ինձ մոտ կերպարանափոխվել «ուղեղով»:
-Անոնսից կարելի է հասկանալ, որ դուք եւ Քեն Դավիդյանը եւս միասին ունեք տեսարան: Նկարահանումները Քենի հետ ինչպե՞ս էր ընթանում:
-Բարդ էր այն առումով, որ հայերեն տեսարանները մի փոքր դժվար էր տրվում Քենին, ես նույնսիկ ունեմ կադրից դուրս հոլովակներ, որոնցում Արշալույս Հարությունյանը տանջվում է հենց այդ տեսարանների վրա: Նա նախադասություն առ նախադասություն աշխատում էր Քենի հետ, որպեսզի ամեն բան ընթանար իդեալական: Մենք էլ համբերատար սպասում էինք տեսարանի նկարահավելուն: Ինչ վերաբերում է պատրաստ տեսարանները խաղալուն, երբ մենք արդեն սկսում էինք նկարահանումները, նա շատ հետաքրքիր էներգետիկա ուներ, որը փոխանցվում էր բոլորիս, հավես էր իր հետ աշխատելը: Բազմաթիվ խնդիրներից զատ, Քենը շատ հետաքրքիր աուրա ուներ:
-Ի՞նչ եք կարծում այս ժանրի ֆիլմը կսիրվի՞ հանրության կողմից: Մեզանում նորություն է էքշնը որպես այդպիսին:
-Մի փոքր դժվար է ինձ այս հարցին պատասխանելը: Համենայն դեպս, կարող եմ ասել, որ այն հետաքրքիր լուծումներով ու գույներով, որ ներկայացրել է Արշալույս Հարությունյանը, այլ է ու ուրույն ֆիլմ է լինելու՝ համեմված հումորով եւ դրա հետ մեկտեղ իրավիճակների դինամիկ զարգացմամբ եւ հանգուցալուծմամբ:
-Մինչ ֆիլմի նախադիտումը ունեի՞ք լարվածություն, թե՞ տարիների հետ արդեն հղկվել եք:
-Իհարկե կար լարվածություն: Ամեն անգամ հանդիսատեսի դատին նոր բան հանձնելուց լարվածությունն ու պատասխանատվությունը չափից շատ մեծ է: Դու աշխատել ես եւ դեռ արդյունքը չես տեսել, ըստ այդմ անակնկալներով լի եւ պատասխանատու պահ է դա:
Զրուցեց Մարիամ Ղազարյանը