Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։
Պաշտպանը դեսպանին է ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Վկայակոչելով փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ Պաշտպանն արձանագրել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։
Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև հաստատության գործունեության ուղղություններին ու առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։
Իր հերթին դեսպան Օլիվյե Դեկոտինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում։