«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի ՝ Տոնուսի Աշոտի կողմից խաբված քաղաքացիները երեկ վաղ առավոտյան հավաքվել էին նախագահական առանձնատան մոտ ՝ իրենց խնդիրների մասին Սերժ Սարգսյանին տեղեկացնելու: Այդ մարդիկ արդեն 10 տարի է, ինչ պայքարում են իրենց գնած բնակարաններին տեր կանգնելու համար, սակայն ապարդյուն:
«Տոնուս» ընկերությունը ոչ նրանց վճարած գումարն է վերադարձնում, ոչ էլ բնակարան է տալիս. դրանք գրավադրված են «Արցախբանկում»: Ու փոխանակ իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր կատարվեն, երեկ անմիջապես «դեպքի վայր» հասավ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ՝ մարդկանց այդ հատվածից հեռացնելու անթաքույց մղումով:
«Այսինքն ՝ մե՞նք ենք մեղավոր, որ այսպես է լուծվել: Պարզ ասեմ ՝ ով ստեղ մնաց, իրանցը չեմ լուծելու»,-ահա այսպես սպառնալով Հովսեփյանը խմբված մարդկանց ուղղորդեց դեպի նախագահի նստավայր ՝ իր աշխատասենյակ: Սակայն ընդունեց ընդամենը 6 հոգու, որոնք բոլորն էլ դժգոհ դուրս եկան: «Նա մեզ ասեց ՝ 1 ամիս սպասեք, բայց մենք չենք ուզում սպասել: Էլ ինչքա՞ն սպասենք: Այսօր արդեն մամուլի ասուլիս ենք անելու: Պետք է պայքարենք»,-«Ժողովուրդ»-ին ասաց Հովսեփյանի աշխատասենյակից դժգոհ դուրս եկած քաղաքացին:
Շարունակությունը ` «Ժողովուրդ» -ի այսօրվա համարում