Հայաստանում սահմանված նորմայից կրկնակի շատ են աղ օգտագործում․ ամերիկացի գիտնականները նկարագրել են աղի երկարաժամկետ վնասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի գիտնականները նկարագրել են աղի երկարաժամկետ վնասը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Հետազոտությունն իրականացվել է Թուլեյնի համալսարանի (ԱՄՆ) մասնագետների կողմից։ Գիտական աշխատանքի ընթացքում պարզվել է, որ սննդի մեջ աղի հաճախակի ավելացումը նվազեցնում է կյանքի տևողությունը տղամարդկանց մոտ ավելի քան երկու տարով, իսկ կանանց մոտ՝ մեկուկես տարով։ Գիտնականները խորհուրդ են տվել սահմանափակել աղի ընդունումը։

Գիտական հետազոտության շրջանակում բժիշկները հենվել են 50 հազար հիվանդների ուսումնասիրության վրա, նրանց տվյալները վերցվել են Մեծ Բրիտանիայի Biobank-ից։ Հետազոտության մասնակիցներին հետևել են ինը տարի: Մասնագետները հարցման միջոցով պարզել են, թե արդյոք հիվանդները սննդի մեջ աղ են ավելացնում և որքան հաճախ են դա անում։ Պարզվել է, որ աղի և աղի մթերքների սիրահարների մոտ վաղաժամ մահվան վտանգը 28 տոկոսով ավելի է։ Գիտնականները հաշվի են առել այլ գործոններ՝ սեռ, էթնիկ պատկանելություն, մարմնի զանգվածի ինդեքս, քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանելով աշխատանքի արդյունքները՝ Գյոտեբորգի համալսարանի (Շվեդիա) ավագ գիտաշխատող Աննիկա Ռոզենգրենը նշել է, որ աղը չի կարելի ամբողջությամբ բացառել սննդակարգից։ Այնուամենայնիվ, բավականին դժվար է ճշգրիտ որոշել այս ապրանքի սպառման «ոսկե միջինը» յուրաքանչյուր անձի համար:

Կերակրի աղն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որի պակասը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, սակայն աղի չարաշահումը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, ուստի այս մթերքի գործածության հարցում հարկավոր է չափազանց ուշադիր լինել առողջական շատ լուրջ խնդիրներից խուսափելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները խորհուրդ են տալիս մարդկանց խիստ սահմանափակել կերակրի աղի գործածությունը և չգերազանցել օրական առավելագույնը 5 գրամի շեմը, սակայն խնդիրն այն է, որ շատերը չեն գիտակցում, թե իրականում որքան աղ են օրվա ընթացքում կիրառում։ Բանն այն է, որ անգամ սննդին աղ չավելացնելու դեպքում մարդն արդեն իսկ մեծ քանակությամբ աղ է ստանում օրվա ընթացքում օգտագործվող սննդամթերքի այլ տեսակներից, ինչը կարող է շատ վտանգավոր լինել օրգանիզմի համար։

Մի շարք աղբյուրներ ներկայացնում են, թե առողջական ինչ լուրջ խնդիրներ կարող են զարգանալ կերակրի աղի չարաշահման դեպքում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է խուսափել մեծ քանակությամբ աղ պարունակող մթերքի, այդ թվում՝ կիսաֆաբրիկատների, պատրաստի ուտեստների, պահածոների, ապխտած մթերքի, տարատեսակ պատրաստի սոուսների և նմանատիպ այլ մթերքի չարաշահումից, միաժամանակ և սահմանափակել սննդին ավելացվող աղի քանակությունը։
Մասնագետների խոսքով՝ կերակրի աղի չարաշահումը կարող է դառնալ այնպիսի խնդիրների զարգացման պատճառ, ինչպիսիք են․

Սրտանոթային հիվանդությունների առաջացումը

Ապացուցված է, որ աղի նախատեսվածից ավել ընդունումը սրտանոթային հիվանդությունների առաջացման հիմք կարող են հանդիսանալ: Սա կապված է արյան ճնշման բարձրացման, ինսուլտի դեպքերի, ընդհանուր մահացության, կորոնար վտանգի աստիճանի, ինչպես նաև սրտի անբավարարության զարգացման հետ:
Զարկերակային հիպերտոնիան սրտանոթային հիվանդությունների և հաճախ մահացու բարդությունների զարգացման հիմնական և տարածված ռիսկի գործոններից է։ Արյան ճնշման բարձրացմանը տանող մեխանիզմներից մեկը մարմնում նատրիումի և հեղուկի պարունակության ավելացումն է։ Հայտնի է, որ կերակրի աղի չափից ավելի օգտագործումը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման, իսկ զարկերակային հիպերտոնիա ունեցող մարդկանց հաճախ խորհուրդ է տրվում ավելի քիչ աղի ուտելիքներ օգտագործել: Իսկապես, շատ մարդկանց համար աղի ընդունման սահմանափակումը հանգեցնում է արյան ճնշման իջեցման:

Սրտանոթային հիվանդությունների առաջացմանը հիմնականում նպաստում են ծխախոտն ու աղի չարաշահումը:

Թվում է թե՝ կարծես մանրուք է, բայց շատ կարևոր է հատկապես հիպերտոնիկ, իշեմիկ ու սրտանոթային հիվանդների համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում սահմանված նորմայից կրկնակի շատ են աղ օգտագործում:

Աղը չարաշահում են հատկապես տղամարդիկ, որոնց մոտ խրոնիկ հիվանդություններն ավելի բարձր ցուցանիշ ունեն:

Աղի օգտագործումը նվազեցնելու նպատակով հանրակրթական դպրոցներում մի շարք կանխարգելիչ ծրագրեր են իրականացվում:

Բուֆետներում հանվել են աղի խորտիկները, որ պետք է չլինեն:

Աղի հիմնական աղբյուրը հացն է: Որոշ մասնագետներ համամիտ չեն տարածված տեսակետի հետ, թե Հայաստանում յոդի դեֆիցիտ կա, և դա պետք է լրացնել յոդացված աղ ընդունելով:

Յոդի դեֆիցիտ չունենք:

Սահմանափակելով աղի օգտագործումը՝ հնարավոր կլինի հիվանդությունների առաջացման ռիսկը նվազագույնի հասցնել՝ ասում են մասնագետները: Այժմ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ գործում է սիտանոթային հիվանդությունների կառավարման խորհուրդ, որի շրջանակում մի շարք ծրագրեր են իրականացվում:

Քաշի ավելացումը

Շատերը կարծում են, որ սննդակարգում քաշի ավելացմանը նպաստող հիմնական մթերքը շաքարավազն է, մինչդեռ իրականում կերակրի աղը ևս կարող է դառնալ քաշի զգալի ավելացման պատճառ։ Բանն այն է, որ շաքարն անմիջականորեն նպաստում է ճարպակալման զարգացմանն ու դառնում ավելորդ կիլոգրամների կուտակման պատճառ, մինչդեռ աղը խթանում է ինսուլինի արտադրությունը, իսկ օրգանիզմում այս հորմոնի հավելյալ քանակությունը ստիպում է մարդու օրգանիզմին ավելի շատ ճարպ կուտակել։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ աղի հետևանքով սրվող ծարավի զգացումը հանգեցնում է հավելյալ կալորիաների գործածության, ինչն էլ իր հերթին նպաստում է ավելորդ կիլոգրամների կուտակման։

Երիկամներում քարերի առաջացումը (երիկամաքարային հիվանդություն)

Մարդու երիկամների հիմնական գործառույթն արյան զտումն ու օրգանիզմից ավելորդ աղի և հանքանյութերի դուրսբերումն է, սակայն աղի չարաշահումը կարող է շատ վատ անդրադառնալ օրգանիզմի և հատկապես՝ երիկամների վրա։ Բանն այն է, որ մեծ քանակությամբ աղի գործածությունը բարձրացնում է օրգանիզմում նատրիումի մակարդակը, ինչի հետևանքով երիկամները չեն կարողանում ինչպես հարկն է կատարել իրենց գործառույթներն ու մաքրել արյունը վնասակար տարրերից։

Ոսկրային հյուսվածքների թուլացումը

Ինչպես արդեն նշվել է, աղի չարաշահումը հանգեցնում է երիկամների աշխատանքի խանգարման, ինչն էլ իր հերթին ազդում է ոսկրային հյուսվածքների վիճակի վրա։ Բանն այն է, որ երիկամների գործառույթների խանգարումը հանգեցնում է մեզի մեջ կալցիումի բյուրեղների առաջացման, իսկ երբ կալցիումն օրգանիզմից դուրս է գալիս մեզի հետ, ոսկրային հյուսվածքները թուլանում են։ Այս ամենի հետևանքով ոսկորները դառնում են ավելի փխրուն, ինչն էլ հանգեցնում է կոտրվածքների ու տարատեսակ վնասվածքների հավանականության մեծացման։

Օրգանիզմի ջրազրկումը

Աղի չարաշահման դեպքում օրգանիզմն սկսում է ջուրը դուրս բերել բջիջներից, ինչը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման։ Այս խանգարման դեպքերում բարձրացնում է որովայնի սպազմների, սրտխառնոցի, փորլուծության և մի շարք այլ տհաճ դրսևորումների հավանականությունը։ Բացի այդ, այն կարող է հանգեցնել նաև մաշկի չորության ու օրգանիզմից դուրս բերվող մեզի քանակության նվազման։ Նման տհաճ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող աղի քանակությունը, ուստի առաջին հերթին հարկավոր է վերանայել սննդակարգը՝ բացառելով աղի աղբյուր հանդիսացող վնասակար մթերքը։
Աղի չարաշահումը կարող է ազդել նաև մարդու ինքնազգացողության վրա: Այն կարող է առաջացնել ծարավի զգացում, գլխացավեր, երբեմն նույնիսկ հիպերնատրեմիա` դեհիդրատացիոն վիճակ, որն առաջանում է, երբ արյան շրջանառության մեջ առկա աղը գերբեռնում է երիկամները` հանգեցնելով մկանային ջղաձգումների, դեպրեսիայի, փսխման և այլ երևույթների առաջացման:

Ինչպես նշեցինք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է. աղի օգտագործումը օրական չպետք է գրազանցի 5 գրամ, սակայն հայկական իրողության մեջ պատկերն այլ է:

ՀՀ բնակչության շրջանում աղի օգտագործումը գերազանցում է այդ սահմանային թիվը մոտ 2 անգամ (9,8 գրամ): Բացի այդ, ՀՀ բնակչության 35,4%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%) առանց համտեսելու այն: Դա վարքագիծ է, որը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների առաջացմանը:

Աղի նույնիսկ փոքր հավելյալ քանակը երկար ժամանակահատվածում ընդունելը կարող է առաջացնել զարկերակային հիպերտենզիա, օստեոպորոզ, ստամոքսի քաղցկեղ և սրտային հիվանդություններ:

Մասնագետները վստահեցնում են՝ սննդակարգում աղի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային, ինչպես նաև երիկամների քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը կրճատելու համար:




Լրահոս